Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՏԵՂ ԷԼ ԱՆՀԱՏԻ ԿՌԻՎ ԿԱ

Հուլիս 17,2002 00:00

ԱՅՍՏԵՂ ԷԼ ԱՆՀԱՏԻ ԿՌԻՎ ԿԱ Հայ երգիչները համախմբված չեն «ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ պատերազմյան տարիներին, անկախ Հայաստանում աչքաթող արվեցին ոչ միայն մշակույթը, այլ նաեւ մյուս ոլորտները։ Ստեղծված ոչ բարենպաստ իրավիճակն էլ դարձավ հայ երգարվեստի անկման գլխավոր պատճառը, քանզի բեմից հեռացան ավագ սերնդի մեր հայ գրեթե բոլոր էստրադային արտիստները՝ մեծությունները»,- այսպես են կարծում Էմմա Պետրոսյանն ու Արամոն։ Սակայն նրանք այնուամենայնիվ շնորհակալ են Ռ. Մկրտչյանից, Գ. Մինասյանից, Բ. Դարբինյանից, Ա. Ավետյանից, Լ. Խոմյանցից եւ ավագ սերնդի բոլոր հայ երգիչ-երգչուհիներից, քանզի, ինչպես Էմման ու Արամոն են ասում, իրենք «ժամանակին ապրել ու դաստիարակվել են այդ երգիչների երգերով»։ Հետաքրքիրն այն է, որ եթե արդի հայ երգիչները դաստիարակվել են Է. Մակարյանի, Զ. Տոնիկյանի, Է. Յուզբաշյանի երգերով, ապա ո՞ւմ երգերով է այսօր դաստիարակվում ներկա սերունդը։ Այս հարցն է չափազանց հուզում մեր հերոսներին եւ զուր չի ասում Արամոն, որ «թուրքա-արաբական, հունական երգերի բնօրինակը ես ավելի հաճույքով եմ լսում, քան այն երգիչների կատարմամբ, ովքեր դրանք թարգմանում են հայերեն»։ Նրանք չեն հեռացել ազգային արմատներից, այդ է վկայում նրանց երգացանկը, որտեղ ընդգրկված են Կ. Օրբելյանի, Ռ. Ամիրխանյանի, Ա. Սաթյանի, Ս. Լուսիկյանի, Ա. Գրիգորյանի եւ այլոց երգերը։ Շուտով կթողարկվի Արամոյի տասը երգերից կազմված «Երանի» խորագրով նոր ալբոմը, որտեղ զետեղված են նաեւ հայկական ժողովրդական երգերի շարան, զուգերգեր Է. Պետրոսյանի հետ։ Էմմա Պետրոսյանը գտնում է, որ յուրաքանչյուր արվեստագետ պետք է այնպես աշխատի, որ իրենից հետո թողնի ինչ-որ բան. այս հարցում իրենք իրենց գործի մի մասն արդեն արել են՝ 1995-ին Ա. Գեւորգյանի, Շ. Պետրոսյանի, Գ. Աղախանյանի, Ա. Մանուկյանի, Ա. Հախեյանի, Իդայի եւ այլոց հետ հիմնադրել են Հայաստանի երգի պետական թատրոնը։ – Արվեստագետներից մեկը մամուլում հայտնել էր այն կարծիքը, որ եթե համախմբվեն Երգի թատրոնը, «Արձագանքը», Կոմպոզիտորների միությունը եւ նրանց աջակցի մշակույթի նախարարությունը, ապա մեր էստրադան կսկսի զարգանալ։ Համաձա՞յն եք այս մտքին։ – Ոչ, որովհետեւ այդ դեպքում մեկը մյուսին չի հասկանա։ Յուրաքանչյուրը կձգտի իր ասածն առաջ տանել եւ արդյունքում ոչինչ էլ չի ստացվի,- ասում է Արամոն։ Իսկ «Հայաստանում է՞լ են երգիչներն իրար խանգարում» հարցին Էմմա Պետրոսյանը պատասխանեց. – Իրար միս չեն «կրծում», բայց համախմբված էլ չեն։ Այստեղ էլ անհատի կռիվ է։ – Ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ 2001-ի աշնանը Մոսկվայում կայացած Առնո Բաբաջանյանի 80-ամյակին նվիրված հիշատակի երեկոյին մասնակցում էին ԱՊՀ անդամ գրեթե բոլոր երկրներից, բացի Հայաստանից։ – Որովհետեւ մենք անգամ տեղյակ էլ չենք եղել, դա շատ վիրավորական է մեր՝ հայերիս համար եւ այս հարցում հայ երգիչները ոչնչով մեղավոր չեն, պետությունը գոնե նման հարցերում մեզ պետք է աջակցի, սատարի։ Շատ տաղանդավոր անհատներ այսօր լռում են, քանզի օգնող, ավելի ճիշտ՝ շարժիչ ուժ չկա,- ասում է Է. Պետրոսյանը։ – Արամո՛, ինչո՞ւ դուք ժամանակին չօգտվեցիք Մոսկվայում երգելու ձեր հնարավորությունից։ – Շատերն են ինձ ասում, որ եթե ես այն ժամանակ ռուսական շոու-բիզնես դուրս գայի, ապա, ռուս արտիստների նման, ես էլ համաշխարհային համբավ կունենայի, սակայն բոլորովին չեմ զղջում, որ վերադարձել եմ Հայաստան, երգում եմ իմ հայրենիքում։ Գլխավորն այն է, որ իմ ռուս ընկերների հետ կապը չի խզվել։ Ամեն անգամ, երբ Սոսո Պավլիաշվիլին գալիս է Երեւան՝ մենք տեսնվում ենք, իսկ երբ Մոսկվա էի գնացել, հայտնեցին, որ Իրինա Պոնարովսկայան ուզում է ինձ տեսնել, սակայն մեր հանդիպումը չկայացավ՝ Իրայի հիվանդության պատճառով։ – Իսկ մեղադրո՞ւմ եք այն արվեստագետներին, ովքեր լքում են հայրենիքը։ – Արտագաղթի հարցում մենք ոչ արվեստագետներին ենք մեղադրում, ոչ էլ շարքային քաղաքացիներին։ Ի վերջո, մարդը մեկ անգամ է ծնվում եւ ձգտում է որքան հնարավոր է լավ ապրել։ 1992-ին ես նույնպես հնարավորություն ունեի ընտանիքիս հետ մեկնել արտասահման, սակայն ես չեմ կարող ապրել առանց իմ հայրենիքի,- ասում է Արամոն։ Իսկ Էմմա Պետրոսյանն ավելացրեց. – Ես գտնում եմ, որ այս ամենը ժամանակավոր փորձություն է, որը մեզ տրված է ի վերուստ։ Պարզապես մեր կառավարությունը պետք է երբեմն լավ գործերով հիշեցնել տա իր մասին, թե չէ լավագույն արվեստագետները լքում են հայրենիքը, անտեսվում են իրենց իսկ երկրում, սակայն մրցանակներ են շահում մի շարք արտասահմանյան հեղինակավոր փառատոներում, իսկ այստեղ մեզ երբեմն համերգի են հրավիրում եւ ոչ տեխնիկան է նորմալ, ոչ լուսավորումը, որովհետեւ մեզ մոտ այդ դպրոցը չկա։ Հաճախ Ռուսաստանից են դիզայներ հրավիրում, բայց մի՞թե հնարավոր չէ այդ գումարով իրենք գնան Մոսկվա, սովորեն, որ հետագայում ծառայեն իրենց երկրին։ Այս ամենի պատճառն այն է, որ մի հոգին մի քանի գործով է զբաղվում. ե՛ւ ռեժիսոր է, ե՛ւ դիզայներ, ե՛ւ տոմսավաճառ… Հասկանալի է, լավ բանը թանկ արժե, բայց գոնե մի քիչ օգնեն արվեստագետներին… ՆԻԿՈԼԱՅ ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել