Լրահոս
Օրվա լրահոսը

«Սույն վեճի լուծումը ենթակա չէ դատարանին»

Հուլիս 17,2002 00:00

«Սույն վեճի լուծումը ենթակա չէ դատարանին» Վետերանները՝ դատարանում Ինչպես հայտնի է, 2002թ. հուլիսի 4-ին վերաքննիչ դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանը ավելի քան երկու ամիս «ուսումնասիրելուց» հետո ավարտեց մեր քաղաքացիական գործի քննությունը։ Այդ օրը (հուլիսի 4-ին) պետք է կայացներ վճիռ, սակայն ի զարմանք մեզ, ոչ մի վճիռ չկայացրեց, հայտարարեց՝ «2 օրից կներկայանաք պատասխանի համար»։ Վճիռը մեզ հանձնեցին հուլիսի 11-ին։ Պետք է հայտնենք, որ վերաքննիչ բողոքը ներկայացրել է ոչ թե Շենգավիթի համայնքի վետերանների խորհուրդը, այլ Սմբատ Գեւորգյանը։ Դատավորը պետք է հասկանա խորհրդի եւ անձի միջեւ եղած տարբերությունը։ Բայց ոչինչ, դա կարելի է ներել։ Գլխավորն այն է, որ երբ ծանոթանում ես վճռին եւ խորանում նրա բովանդակության մեջ, գալիս ես այն եզրակացության, որ այդ իրավական փաստաթղթում բացակայում են օրենքների պահանջները եւ զգացվում է գիտելիքների պակաս։ Մենք չենք կարողանում հասկանալ, թե Աստղիկ Խառատյանը ինչպես է դարձել վերաքննիչ դատավոր։ Առաջին ատյանի դատարանի վճիռը անվավեր ճանաչելու պայմաններում վերաքննիչ դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի նախագահությամբ կայացրած վճռի գլխավոր մեխը եղել է, ինչպես նշված է վճռում, վետերանների խորհրդի 2002 թվականի մայիսի 14-ի արտահերթ պլենումի արձանագրությունը եւ որոշումը, ինչպես նաեւ վետերանների միության կանոնադրության 1, 2 կետերը։ Այսինքն, ինչպես «համոզում» է վճիռը, «պահպանելով կանոնադրությամբ վերապահված ինքնակառավարման սկզբունքը, ինքն իր գնահատականն է տվել 2001թ. ապրիլի 17-ին կայացած որոշմանը»։ Կամա թե ակամա օրինական հարց է ծնվում՝ 2001 թվականի ապրիլի 17-ից հետո մինչեւ 2002թ. հուլիսի 14-ը վետերանների խորհրդում կայացել են նախագահության բազմաթիվ նիստեր եւ պլենումներ, սակայն այս հարցը ոչ մի ժամանակ միության խորհրդի ուշադրությունը չի գրավել։ Իսկ ի՞նչ դրդապատճառներ են «բուսնել», որպեսզի 16, նորից ենք կրկնում՝ 16 ամիս անց հրավիրվում է արտահերթ պլենում, որպեսզի քննարկվի 2001թ. ապրիլի 17-ին կայացած ժողովի որոշումը։ Դատարանի վճռում արձանագրված է՝ «Սույն վեճի լուծումը ենթակա չէ դատարանին»։ Անհրաժեշտ է նշել, որ դատարանը վճռի պատճառաբանական մասում պետք է արձանագրեր դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, դրանց վրա հիմնված դատարանի հետեւությունները, ինչպես նաեւ այլ իրավական ակտերը։ Ինչպես ասացինք, վճռի հիմքում հիշատակվել են վետերանների խորհրդի 2002թ. մայիսի 14-ին կայացած արտահերթ պլենումի արձանագրությունն ու որոշումը։ Ի՞նչ գործ ունի տվյալ դեպքում արտահերթ պլենումի որոշումը, երբ մեր ձեռքի տակ է գտնվում ՀՀ նախագահի կողմից 2001 թվականի դեկտեմբերի 24-ին հաստատված «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքը, որի 14 հոդվածի 1-ին կետը պարզ բացատրում է. «Կազմակերպության բարձրագույն մարմինը նրա ժողովն է, որն ունի կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք»։ Դրա հետ մեկտեղ խնդրում ենք Աստղիկ Խառատյանին, թեկուզ ուշացած, որ նա ծանոթանա մեր բազմամարդ ժողովի արձանագրության եւ որոշման հետ։ Ժողովը կայացել է Երեւանի սպայի տանը։ Վճռի հիմքում հիշատակվել են միության կանոնադրության 1, 2 կետերը։ Դատարանը փաստորեն անտեսել է, որ մենք հենց այդ կետով սահմանված օրինականության, հրապարակայնության սկզբունքների խախտման համար ենք դիմել դատարան։ Եվ այդ սկզբունքների խախտմամբ ոտնահարվել են մեր՝ միության անդամների իրավունքները։ Դատավճիռը հիշեցնում է կանոնադրության 1,2 կետերի մասին, բայց աչքաթող է արվել ամենագլխավորը՝ «Վետերանների միությունը քաղաքական նպատակներ չի հետապնդում եւ որեւէ կուսակցության չի հարում»։ Մինչդեռ Սմբատ Գեւորգյանը կոմկուսի անդամ է եւ նրա ակտիվիստներից մեկը։ «Վճիռը կարճվում է, քանի որ դատարանում քննության ենթակա չէ»,- այդպես է խոսում վճիռը։ Աստղիկ Խառատյանը պետք է ծանոթ լիներ «Հասարակական կազմակերպության մասին» օրենքի 15 հոդվածի 3-րդ կետին. կազմակերպությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով ներկայացնել ու պաշտպանել իր եւ իր անդամների իրավունքներն ու օրինական շահերը դատարանում։ Վերջում կարելի է դատապարտել Աստղիկ Խառատյանի անօրինական վճիռը եւ համարձակ ասել՝ նա չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին։ Շենգավիթ համայնքի Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի, զինված ուժերի եւ իրավապահ մարմինների մի խումբ վետերաններ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել