Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՏԿԵՐԸ ՓՈԽՎԵՑ ՄԻ ՔԱՆԻ ՕՐՈՒՄ

Հուլիս 17,2002 00:00

ՊԱՏԿԵՐԸ ՓՈԽՎԵՑ ՄԻ ՔԱՆԻ ՕՐՈՒՄ Բուհերի ընդունող հանձնաժողովները երեկ ամփոփեցին դիմում-hայտերի արդյունքները: Մի քանի օր առաջ արված մեր հարցումներով գրեթե բոլոր բուհերում անցյալ տարվա նույն օրվա համեմատ աճ էր նկատվում: Եւ քանի որ վերջին օրերին դիմումների հոսքի նվազեցում է նկատվել, ամփոփման արդյունքով բուհերից մի մասում հակառակ պատկեր է ստացվել: ԵՊՀ-ն այս տարի իր ունեցած 671 պետպատվերով, որից 76-ը բանակից զորացրվածների համար, 1141 վճարովի եւ 242 ԱՏ (առանց տարկետման իրավունքի) տեղերի դիմաց ունի 3817 դիմում: Մայր բուհում այս տարի էլ շարունակում են հեղինակավոր մնալ ինֆորմատիկայի գծով մասնագիտությունները, որոնց համար կա 402 դիմում (ի դեպ, այստեղ պետպատվերով տեղերը 70 են): ԵՊՀ-ն ունի 99 մեդալակիր եւ ֆիզիկայի գծով միջազգային մրցույթում հաղթած ու արդեն ընդունված 1 դիմորդ: Ընդհանուր առմամբ, անցյալ տարվա համեմատ դիմորդների թիվն այստեղ 304-ով ավելի է: Մոտ 50-ով ավելի է նաեւ Երեւանի տնտեսագիտական ինստիտուտի դիմորդների թիվը: Այս տարի այն կազմում է 1420՝ 863 տեղի դիմաց: Այս բուհում գործում է բլոկային համակարգ, որը հնարավորություն է տալիս դիմորդին միանգամից 15 մասնագիտությունների մրցույթի մասնակցել` ասենք, անգլերեն լեզվով քննություն հանձնելիս (տեսական տնտեսագիտության բլոկ եւ ֆինանսական բլոկ): Առաջին բլոկի 100 պետպատվերով, 180 վճարովի եւ 23 ԱՏ-ի համար կա 497 դիմում, իսկ երկրորդ բլոկի՝ համապատասխանաբար 80-180-30 տեղերի համար՝ 539 դիմում: Երրորդը աշխարհագրություն առարկայով բլոկն է, որտեղ կան 6 մասնագիտություններ՝ 92- 149- 24 տեղերով եւ 384 դիմումով: Բուհում ընդհանուր թվով 98 հոգի օգտվելու է արտոնություններից. զոհված ազատամարտիկների երեխաներ-12, բանակից զորացրված-53, 1-ին, 2-րդ եւ մանկուց հաշմանդամ-7, մեդալակիր-24, օլիմպիադաների հաղթող-2: Խ. Աբովյանի անվ. հայկական մանկավարժական համալսարանն էլ արտոնություններով տեղեր է տրամադրել զոհված ազատամարտիկների 9 երեխայի, հաշմանդամ 4-ի եւ պահուստային տեղերի հաշվին՝ Մեղրուց 19 գործուղվածների համար: Եվս 9 տեղ թափուր է հարցազրույցով անցկացվող մաթեմատիկայի բաժիններում: Բուհն այս տարի 278- 522- 307 տեղերի դիմաց ունի 1556 դիմում, որ 200-ով պակաս է անցյալ տարվա ցուցանիշից: Վ. Բրյուսովի անվ. օտար լեզուների ինստիտուտի մասին երեկ մեզ հաջողվեց միայն պարզել, որ այստեղ եւս անցյալ տարվա համեմատ դիմորդների թվի նվազեցում է նկատվել: 60-ով պակաս է նաեւ գյուղատնտեսական ակադեմիայի դիմորդների թիվը: Այս տարի այն 1006 է՝ 214- 400- 60 տեղերի դիմաց: Ամենաշատ դիմումները «Փոխադրումների կազմակերպումը եւ կառավարումը տրանսպորտում» մասնագիտության համար են: Մ. Հերացու անվ. բժշկական համալսարանում հեղինակավոր է մնում բուժական ֆակուլտետը: Բուհն ունի 140- 200- 60 տեղ եւ 623 դիմորդ, որից 7-ը մեդալակիր է: Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանը թեպետ մեդալակիրներ չունի, սակայն ունի 26 արտասահմանցի ուսանող՝ հիմնականում Իրանից եւ Թուրքիայից, ինչը մեծ ցուցանիշ է մյուս տարիների համեմատ: Բուհն ունի 157 պետպատվերով տեղ, 251 վճարովի եւ 68 ԱՏ: Դիմումների թիվը 1-ին հայտով 367 է, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հայտերով՝ մոտ 200: Շրջաններից եկած դիմորդների թիվն այստեղ աճել է, մի տվյալ, որ մյուս բուհերում մեզ չհաջողվեց պարզել: Իսկ դիմումների ընդհանուր թիվն ավելացել է 40-ով: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել