Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տարեկան գյումրեցին՝ առանց ծննդականի

Հուլիս 17,2002 00:00

Մեկ տարեկան գյումրեցին՝ առանց ծննդականի Արդեն մի քանի տարի է՝ ՀՀ քաղաքացի Արա Մակինսկին չի կարողանում ստանալ ՀՀ անձնագիր։ Պատճառն այն է, որ Մակինսկուն չի հաջողվում Գյումրու զինվորական կոմիսարիատից ստանալ իր զինվորական գրքույկը։ Իսկ անձնագրային բաժնում առանց զինգրքույկի մերժում են նրան նոր անձնագիր տալ։ ՀՀ անձնագիր չունենալու հետեւանքով Արայի 1 տարեկան երեխան էլ առայսօր չունի ծննդյան վկայական։ Երեք տարի շարունակ զինկոմիսարիատին ուղղված Արայի բոլոր դիմումները մերժվել են այն հիմնավորմամբ, թե Ա. Մակինսկին գյուղում ուսուցիչ աշխատելու ընթացքում չի օգտվել տարկետման իրավունքից։ Ա. Մակինսկին 1992 թվականին Գյումրիի Մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո Լուսավորության նախարարության կողմից Տավուշի մարզում նշանակվում է գյուղական ուսուցիչ։ Այդ օրերին պատերազմական դրության մեջ գտնվող մարզի դպրոցներում դադարեցված էր ուսումնական պրոցեսը։ Արային հետ են ուղարկում։ «Մերժման թղթի հիման վրա Լուսավորության նախարարությունը ինձ աշխատանքի նշանակեց Ախուրյանի շրջանի Ջաջուռ գյուղի դպրոցում,- պատմում է Արան,- այստեղ աշխատեցի մինչեւ 2000 թվականի օգոստոսի 30-ը։ Աշխատանքի ընթացքում ամեն տարի պարտաճանաչ զինվորական կոմիսարիատ եմ ներկայացրել դպրոցի տնօրենի կողմից տեղեկանքներ այն մասին, որ աշխատում եմ դպրոցում (տեղեկանքների բոլոր օրինակները ունեմ)»։ Այսպիսով, հստակ է, որ այս ժամանակահատվածում նա չի խուսափել զինծառայությունից, ավելին, տեղյակ է պահել իր գտնվելու վայրի մասին։ 1999 թվականին, 27 տարին լրանալուց հետո դիմում է զինվորական կոմիսարիատ՝ գրքույկ ստանալու խնդրանքով։ Մերժում են։ Եթե երիտասարդը այս տարիների ընթացքում տարկետման իրավունքից չի օգտվել, ապա ինչու՞ զինկոմիսարիատը նրան չի զորակոչել բանակ, չէ՞ որ նրանք լավ տեղյակ էին՝ որտեղ է գտնվում զորակոչման ենթակա երիտասարդը եւ ցանկության դեպքում կարող էին նրան զորակոչել։ Արդեն 2002 թվականի սկզբին զինկոմիսարիատից Արային հասկացնում են, որ նրա՝ զինգրքույկ ստանալ-չստանալու հարցը կախված է վերեւից «դաբրո» ստանալուց։ Միաժամանակ հուշում են, որ գործը կարելի է կարգավորել նաեւ «պատշաճ» վերաբերմունք ցույց տալու դեպքում։ 2002 թվականի փետրվարի 8-ին Գյումրու զինկոմիսարիատի անօրինական գործողությունների դեմ Արան գրավոր բողոքով դիմում է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին։ Ի պատասխան՝ ապրիլի 4-ին նախարարի վարչական ապարատի իրավաբանական վարչության պետ Ս. Սեդրակյանից ստացվում է թիվ 149 գրությունը, որը դժվար է պատասխան համարել։ Գրության մեջ նշվում է, որ քաղաքացու դիմումը քննարկվել է նախարարությունում եւ «Ձեր հարցը լուծում կստանա միայն ՀՀ Ազգային ժողովի կողմից համապատասխան օրենքի ընդունումից հետո»։ Օրենք ինչի՞ մասին, ի՞նչ իրավահարաբերություններ պետք է կարգավորի այդ օրենքը, ի՞նչ է օրենքի անվանումը, պատասխանում ոչ մի տեղեկություն չի նշվում այս մասին։ Այս գրությամբ փաստորեն քաղաքացու դիմումին չի տրվել ըստ էության պատասխան, որով եւ խախտվել են «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի պահանջները։ ԱԺ-ի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովից ճշտեցինք, թե արդյոք ընդհանրապես գոյություն ունի՞ նման օրենքի նախագիծ։ Հանձնաժողովում այդպիսի նախագծի մասին նույնիսկ չէին էլ լսել։ Հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը պաշտոնական նամակով նշում է հարցի լուծման միակ տարբերակը. «Իր զինգրքույկի ստացման հայցով պետք է դիմի դատարան։ Ներկայումս նմանատիպ հարցերը լուծվում են դատական կարգով»։ «Ես գիտեմ, որ իմ իրավունքների պաշտպանության համար միշտ էլ կարող եմ դիմել դատարան,- ասում է Արա Մակինսկին,- պարզապես միամտորեն կարծում էի, որ օրենսդիր մարմինը լիազորված է հսկողություն իրականացնել գործադիրի անօրինական գործողությունների վրա, որոնց հետեւանքով ոտնահարվել է իմ եւ երեխայիս իրավունքը»։ Արա Մակինսկու խնդրով պաշտպանության նախարարին մեկ այլ դիմում է ուղարկում Հետաքննող լրագրողների ընկերակցությունը՝ նախարարի ուշադրությունը հրավիրելով ստեղծված քաշքշուկի վրա։ Մայիսի 22-ի թիվ 241 գրությամբ ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական, վարչական ապարատի ղեկավար Ա. Մելոյանը նշում է, որ թեեւ իրենք չեն կարող քաղաքացուն զինգրքույկ տալ, բայց կմիջնորդեն Գյումրու զինկոմիսարիատին՝ Ա. Մակինսկուն ընդառաջելու համար։ Թե ինչ էր հասկանում պրն Մելոյանը «ընդառաջել» ասելով, պարզ է դառնում Գյումրու զինկոմին ուղարկած նրա մայիսի 22-ի թիվ 239 գրությունից, որում նշված է. «Անհրաժեշտ է հնարավորության սահմաններում աջակցել Ա. Մակինսկուն երեխայի ծննդյան վկայական ստանալու հարցով»։ Թե երբվանից է զինկոմիսարիատը սկսել ծննդյան վկայականների հարցերով զբաղվել, գրության մեջ ոչինչ չի ասվում։ Հետաքննող լրագրողների ընկերակցությունը քաղաքացու հետ միասին անհամբեր սպասում են՝ տեսնելու, թե Գյումրու զինկոմը անհրաժեշտ ի՞նչ միջոցներ է ձեռք առնելու Մակինսկու երեխային ծննդյան վկայական տալու համար, ինչպես նշված է Պաշտպանության նախարարության հանձնարարականում։ Հունիսի 12-ին Գյումրու զինկոմին ուղղված նամակն առ այսօր մնացել է անպատասխան։ Արան հիմա 32 տարեկան է՝ առանց անձնագրի, նրա 1 տարեկան երեխան՝ առանց ծննդյան վկայականի։ Շուտով կծնվի Արայի երկրորդ երեխան։ ՇՈՒՇԱՆ ԴՈՅԴՈՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել