Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՍԵՆՔ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ

Հուլիս 17,2002 00:00

ՍՊԱՍԵՆՔ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ Մի քանի օր առաջ տարածված լուրերը (իսրայելական զորքերը զբաղեցրել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի սեփականությունը հանդիսացող կալվածքները Բեթղեհեմում, իբրեւ թե, արաբ-իսրայելական սահմանները տարանջատող շինություններ կառուցելու նպատակով) դեռեւս չհաստատված կամ հերքված, ստացվում են նոր լուրեր։ Ըստ շրջանառվող վերջին տեղեկությունների, իսրայելական զորքերը զբաղեցրել են նաեւ Հին Երուսաղեմի տարածքում գտնվող հայապատկան հողեր։ Հայաստանյան իշխանություններն առայժմ կարողացել են ճշտել, որ զբաղեցված կալվածքները դուրս են Երուսաղեմի հայկական թաղամասի սահմաններից։ Տարածքները զբաղեցնելու պատրվակը հրեաների սրբության սրբոցի՝ Լացի պատի վերականգնողական աշխատանքներն են։ Ավելի ստույգ տեղեկություններ ո՛չ արտգործնախարարությունում, ո՛չ Վեհարանում չկարողացան տրամադրել։ Վեհարանում սպասում են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի պաշտոնական հաղորդագրությանը՝ ձեռնարկելու համար համապատասխան քայլեր։ ՀՀ արտգործնախարարությունից շփումներ են հաստատվել իսրայելյան իշխանությունների հետ՝ տեղեկանալու համար հայկական տարածքներում իսրայելական բանակի գործողությունների շարժառիթներին եւ նպատակներին։ Առայժմ հասկանալի է միայն այն, որ Հայկական թաղամասին, որը նույնիսկ 1967-ի Վեցօրյա պատերազմի ժամանակ կարողացավ կատարյալ չեզոքություն դրսեւորել, այժմ էլ որեւէ կողմից՝ իսրայելյան կամ պաղեստինյան, ներխուժման վտանգ չի սպառնում։ Սակայն, ինչ խոսք, թե՛ հոգեւոր, թե՛ աշխարհիկ իշխանությունները պետք է նախանձախնդիր լինեն անձեռնմխելի պահելու Երուսաղեմի հայապատկան կալվածքներն ու հարստություններն ընդհանրապես։ Հուսանք, առաջիկա օրերին առավել ստույգ տեղեկություններ կստացվեն դեպքերի վայրից, կամ առնվազն պարզաբանումներ Հայաստանում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունից։ ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել