«Կա՛ այդպիսի կուսակցություն» Ի վերջո, ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն ի՞նքը հրաժարվեց ԼՂՀ նախագահական ընտրություններին հետագա մասնակցությունից, թե՞ նրա թեկնածությունն ուղղակի մերժել են գրանցել։ ԼՂՀ պաշտոնատարների մեկնաբանությունները՝ խնդրո առարկայի վերաբերյալ, հօգուտ երկրորդ վարկածի են։ ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սերգեյ Դավթյանն «Արմենպրեսին» հայտնել էր, որ Հրանտ Խաչատրյանի առաջադրման համար ներկայացվել է միայն ՍԻՄ որոշումը, ինչը պահանջվող փաստաթղթերի 10%-ն անգամ չի կազմում։ Ղարաբաղում երեւանյան թերթերի թղթակիցները հաղորդում են, թե ՍԻՄ նախագահի թեկնածությունը մերժվել է՝ պահանջվող 1500 ստորագրությունների բացակայության հիմնավորմամբ։ Ինքը՝ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը, երեկ «Ազդակ» ակումբում հրավիրված ասուլիսում պնդեց, որ իր հայտն ընդունվել է։ Իսկ ահա թե կատարվածն ինչպես մեկնաբանեց ՍԻՄ փոխնախագահ, Հրանտ Խաչատրյանի նախընտրական շտաբի պետ Հայկ Բաբուխանյանը՝ նույն ասուլիսում. «Առաջադրումն ընդունելը եւ դրա դիմաց մեզ ստորագրահավաքի մատյաններ հանձնելը մենք համարում ենք մեծ հաղթանակ, այն առումով, որ սա եւս ապացուցեց, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է»։ Այս առումով ՍԻՄ-ն իր խնդիրը համարել էր լուծված։ Եվ չէին էլ փորձել ապահովել 1500 ստորագրությունները, թեեւ, ըստ պրն Բաբուխանյանի, դրանք հավաքելն իրենց համար խնդիր չէր. «Առավել եւս, որ հաշվի առնելով, թե ԼՂՀ քաղաքացիություն փաստարկված հասկացություն չկա՝ մենք դրանք հավաքելու էինք հենց Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը»։ Բայց որոշեցին դադարեցնել, եւ հիմնավորումը, ըստ ՍԻՄ փոխնախագահի, այս է. «Խնդիր չէր դրված, որ այս մթնոլորտում, երբ արդեն կան պաշտոնական հայտարարություններ չգրանցելու մասին, հասցնել նրան, որ անպայման մեզ գրավոր մերժում տրվի։ Այլ՝ խնդիրը դրված էր՝ շարունակություն տալ կիրառական մասին»։ Այդ «կիրառական մասն» էլ այն է, որ ՍԻՄ-ը պաշտպանելու է ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանի թեկնածությունը ԼՂՀ նախագահական ընտրություններում, եւ Հրանտ Խաչատրյանը հույս ունի, որ նրան կպաշտպանեն նաեւ 13 ընդդիմադիր կուսակցությունները։ Հայկ Բաբուխանյանն իրենց մասնակցությունը պատճառաբանեց մասնավորապես նաեւ այս խնդրով. «Հիշեցնել ամբողջ աշխարհին, որ կա՛ այդպիսի որոշում (խոսքը 1989 թ. դեկտեմբերի 1-ի Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորման որոշման մասին է.- Ա. Ի.), եւ կա՛ այդպիսի կուսակցություն»։ Երկու խնդրի առումով էլ, կարելի է ասել, որ ՍԻՄ-ն իր սուրը փառքով դրեց պատյան։ Ու նաեւ երեկվա ասուլիսում 1989 թ. այդ որոշումը ուշագրավ հարցադրումների տեղիք տվեց։ Մեջբերենք, ասենք, «Հայլուրի» թղթակցի հարցի մի մասը. «Դուք էլ շատ լավ գիտեք, որ դեկտեմբերի 1-ի որոշմանը զուգահեռ՝ կա նաեւ Ղարաբաղի անկախության հռչակագիրը։ Եվ գիտեք, որ դա իսկապես լուրջ փաստաթուղթ է եւ խնդիր՝ դժվար լուծելի, եւ իսկապես հնարավոր չէ գտնել ինչ-որ մի ճանապարհ»։ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը 1992 թ. ԼՂՀ անկախության հանրաքվեն այսպես գնահատեց. «Համապատասխան օրենսդրական կարգավորման դեպքում դա երբեք չէր կարող դիտվել որպես անկախացում Հայաստանից։ (…) Հետագա տարիներին պարզվեց, որ ե՛ւ Լեռնային Ղարաբաղի օլիգարխիան, ե՛ւ Հայաստանի օլիգարխիան դա շահարկում են Լեռնային Ղարաբաղը Հայաստանից կտրելու եւ այնտեղ ինքնուրույն (այդ թվում նաեւ՝ ստվերային) քաղաքականություն վարելու համար»։ Իսկ Հայկ Բաբուխանյանը մեջբերեց այդ «լուրջ փաստաթղթի» մի դրույթ. «Անկախության այդ հռչակագրի նախաբանում նշված է՝ չհերքելով նախկինում ընդունված քաղաքական որոշումները։ Այդ որոշումների մեջ մտնում են՝ Արցախի Ազգային խորհրդի մի քանի դիմումները Հայաստանին՝ վերամիավորման որոշում ընդունելու վերաբերյալ, ինչպես նաեւ՝ ստորագրությունը դեկտեմբերի 1-ի որոշման տակ»։ Չի կարելի, իհարկե, չարձանագրել, որ Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունները ԼՂՀ կարգավիճակի առումով իրենց իսկ ստեղծած շիլաշփոթի պատճառով կրակն են ընկել։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ