ԿԱՍԿԱԾՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ Պատվերը հաճույքով կատարեց դատավոր Սերժիկ Ավետիսյանը Այն, որ վերաքննիչը, ՔՊԻՎ նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի՝ առաջին ատյանում կայացրած դատավճիռն անփոփոխ է թողնելու, մենք կանխատեսել էինք. ամեն ինչ շատ պարզ էր եւ ակնհայտ՝ իշխող ռեժիմը, ի դեմս «27»-ի գործով հասարակության շրջանում ճանաչված ամենագլխավոր կասկածյալներ Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի, տիրապետելով պետական եւ իշխանական լծակների՝ անկասկած օգտագործելու էր իր իշխանությունը՝ «կասկածող» եւ վտանգավոր դարձած Սաղաթելյանին ցանկացած գնով ճաղերի ետեւում ամուր փակելու եւ մյուս կասկածողների աչքը վախեցնելու համար: Սաղաթելյանին փակեցին: Իշխանություններն արեցին այն, ինչի ընդունակ էին: Մ.Սաղաթելյանի օրինակով հաստատվեց, որ բռնապետների օրոք արդարադատության մասին խոսելը զավեշտ է: Այդպես էր Ա. Բլեյանի, «Պապլավոկի» սպանության եւ «Կուկուի» դատավարության, «27»-ի դատավարության, Երեւանի ՆԳ Քաղաքային վարչության պետ Ա.Գիզիրյանի կողմից իշխանազանցությունն ու պատգամավոր ծեծելու փաստն անուշադրության մատնելու օրինակներով: Սրանք բավարար են պնդելու, որ իշխանությունների նպատակն ամենեւին էլ անպատժելիության մթնոլորտը կանխելը չէ: Այլապես ՀՀ Գլխավոր դատախազությունը, արդարադատ համակարգը պետք է փորձեին Մ.Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքների բոլոր դրվագներով մասեր անջատել, քրգործեր հարուցել՝ դրանց մասնակից «չհայտնաբերված» անձանց ի հայտ բերելու եւ պատժելու համար: Որ այդպիսիք կան՝ անհերքելի է: Մի դեպքում Մ.Սաղաթելյանի կողմից հնչեցվել է 95-ին Հ.Մարտիրոսյանին՝ կեղծ դիպլոմի առկայությամբ եւ ՆԳ համակարգից հեռացված լինելու պայմաններում, Ա.Գիզիրյանի միջնորդությամբ՝ համակարգում վերականգնելու փաստը, 94-ի դրվագով տրվել էր փախած դատապարտյալների ձերբակալման օպերացիան ղեկավարած, ուստիեւ այդ հանցագործությունը ժամանակին պարտակած ՆԳ նախրարար Հ.Հարությունյանի, մյուս դեպքում՝ «6»-ի պետ Ա.Երիցյանի, Մ.Մկրտչյանին ծեծելու դրվագով՝ այն «չհայտնաբերված» անձնավորության մասին, որն, իբր, Մ.Սաղաթելյանի հետ եղել էր միեւնույն սենյակում եւ ծեծի ենթարկել Մ.Մկրտչյանին: Դատարանին այդպես էլ չհետաքրքրեց, թե ինչու 94-ին Զորոյանի մահվան փաստը ծածկադմփոց էր արվել ՆԳ նախարարի եղբոր՝ Հակոբ Հարությունյանի գլխավորած ծառայական քննության արդյունքում, արդյո՞ք դրանում անձնական շահագրգռություն կամ իշխանազանցություն չի եղել: Եվ որեւէ մեկը թող անգամ չփորձի համոզել, թե Մ.Սաղաթելյանը ոչ ընտրողաբար դատապարտվեց: Նա դատապարտվեց բացառապես քաղաքական դրդապատճառներով՝ ամփոփված «ակնհայտ սուտ մատնության նախապատրաստություն» զավեշտական ձեւակերպմամբ: Իսկ դատավոր Ավետիսյանը երեկ նույնը թողեց առաջին ատյանի դատավճռի բովանդակության էությունը: Միակ փոփոխությունն այն էր, որ վերաքննիչն, իբր, փորձեց իր դատավճիռն ավելի «պատճառաբանված» դարձնել՝ արձագանքելով փաստաբան Ռ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքում նշված եւ Մ.Սաղաթելյանի դեմ քրգործի հարուցման ընթացքում քրեադատավարական օրենսդրության խախտումներին, միջնորդություններին՝ միաժամանակ հայտարարելով, թե անհիմն են եւ չպատճառաբանված: Վերաքննիչը հաստատված համարեց Մ.Սաղաթելյանին առաջադրված բոլոր մեղադրանքները՝ մեկ տարբերությամբ. նա համարեց, որ թեեւ վերջինս հրամայել է Զորոյանի վրա սառը ջուր լցնել եւ նրան թողնել մեքենայի մեջ սառչելու, բայցեւ դրա հետեւանքով չէ, որ Զորոյանը մահացել է: Իսկ, թե այդ դեպքում ո՞վ է մեղավոր, որ Զորոյանին օրեր շարունակ բուժօգնություն չի ցուցաբերվել եւ թողնվել է, որ նա մեռնի՝ «հայտնի չէ»: Ս.Ավետիսյանը նույնիսկ իր դատավճռում եւս կեղծեց դատարանում տուժող գնդապետ Գ.Գրիգորյանի ցուցմունքը՝ հայտարարելով, թե Մ.Սաղաթելյանը վերջինիս թեեւ ծեծել է, բայց նրան ծանր մարմնական վնասվածք չի պատճառել: Հիշեցնենք. սա՝ այն դեպքում, երբ տուժողն իր ցուցմունքում հերքել էր, թե ամբաստանյալն իրեն ծեծել է: ՆԳ համակարգում աշխատողների կողմից մարդ ծեծելն այսօր էլ «ընդունված», բայց անընդունելի մեթոդ է: Խոսքը ոչ թե այդ երեւույթն արդարացնելու, այլ՝ դա ժամանակին հանդուրժած իշխանությունների կողմից կոմպրոմատ ու քաղաքական շարժառիթներով՝ մահակ դարձնելու մասին է, ինչը կասեցման ենթակա է: Վերաքննիչը՝ հաստատված համարելով «ակնհայտ սուտ մատնություն» մեղադրանքը, մի դեպքում՝ հալած յուղի տեղ ընդունեց ՆԳՆ գործակալ «Շեյթանի» հայտարարությունը, 50 հազար դոլարի եւ քրգործում գոյություն չունեցող ինչ-որ գրության մասին, մյուս դեպքում անտեսեց նրա հավաստիացումները, թե Մ.Սաղաթելյանի ուզածը «27»-ի կազմակերպիչներին առնչվող իրական եւ հավաստի տեղեկություններն էին: Եթե դատարանը դրանք հաշվի առներ, պարտավոր էր վերաձեւակերպել դատախազության հորինած ու Սաղաթելյանի վզին փաթաթած «ակնհայտ սուտ մատնությունը»: Ըստ դատավճռի, Մ.Սաղաթելյանի այդ քայլը՝ «27»-ի կազմակերպիչների մասին տեղեկություններ հավաքելն ու կասկածներ հայտնելը, «գիտակցված» եւ «հասարակական վտանգավորություն» ներկայացնող արարք է: Ավելին, դատավորը դատավճռում սեփական ենթադրությամբ արձանագրեց, որ եթե Մ.Սաղաթելյանն իր հավաքած տեղեկությունները տար ԱԺ-ին, որը «սուտ մատնության» սուբյեկտ չէ, միեւնույն է՝ ԱԺ-ն դա փոխանցելու էր դատախազությանը, եւ Մ.Սաղաթելյանի արարքը վերածվելու էր «սուտ մատնության»: Ահա այսպիսի զավեշտական հետեւություններ: Իսկ այսպես է, որովհետեւ խոսքը, պատկերացնում եք, Ռ. Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի մասին է, որոնք կասկածվում են «27»-ի կազմակերպման մեջ: Նույն հաջողությամբ, ռեժիմի ձեւակերպմամբ, «հասարակական վտանգավորություն ներկայացնող ակնհայտ սուտ մատնությամբ» զբաղված են նաեւ այն լրագրողները, այդ թվում՝ ես, ովքեր համարձակվում են հրապարակավ՝ պատճառահետեւանքային կապով, տրամաբանական եզրահանգումներով, եզրակացնել ու կասկած հայտնել, որ «27»-ը ձեռնտու էր Ռ.Քոչարյանին ու Ս.Սարգսյանին: Դա «27»-ից հետո 3 տարի շարունակ ասելու համար նույնիսկ «կասետներ» պետք չեն: Կարեւորն, այդ դեպքում, թերեւս, մոտիվն է, իսկ դա կա: Եվ եթե Ռ.Քոչարյանին եւ Ս.Սարգսյանին դատելու լինեն այն տրամաբանությամբ՝ իրենց փոխարեն մտածելու ու ամեն գնով դատելու վճռականությամբ, ինչպես արվում է Մ.Սաղաթելյանի նկատմամբ, ապա այդ դուետը վաղուց արդեն պետք է ճաղերի ետեւում լիներ: Որ Մ.Սաղաթելյանը, անկախ իր երբեմնի գործունեությունից, քաղբանտարկյալ է, թերեւս, շատ շուտով կհայտարարի նաեւ Արեւմուտքը: Բայց նա գոնե «27»-ին առնչություններ ունենալու տեսանկյունից մաքուր է, իսկ թե հայտնի դուետն ինչպե՞ս է մաքրվելու դրա բեռից՝ տակավին մշուշոտ է: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ