Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱՎԱՃԱՆՆԵՐՆ ՕԳՏԱԿԱՐ ԵՆ, ԲԱՅՑ Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ»

Հուլիս 17,2002 00:00

«ԴԱՎԱՃԱՆՆԵՐՆ ՕԳՏԱԿԱՐ ԵՆ, ԲԱՅՑ Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ» Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը, Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնելուց հետո, լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրեց «հարազատ մնալ» տեքստին։ Մինչ հայտարարությունը ներկայացնելը հիշեցնենք ընթերցողներին, որ հուլիսի 11-ին ՀՀ նախագահը ընդգծված ջերմությամբ էր ընդունել Նորացված կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներին՝ նախկին կոմունիստ Յուրա Մանուկյանի գլխավորությամբ։ Լրատվամիջոցներում տեղեկատվություն հնչեց այն մասին, որ ՀՆԿԿ հետ նախագահի ընդունելության վերաբերյալ նախագահի աշխատակազմի կողմից տարածված ինֆորմացիան ավելի ծավալուն էր, քան՝ սովորաբար դրանք լինում են։ Ընդհանրապես, նորացվածների գործունեությունը կապվում է նախագահ Քոչարյանի հետ, մասնավորապես՝ լուրջ կասկածներ կան (ոմանց մոտ՝ համոզմունք), որ նորացվածները Կոմկուսի քայքայման նախագահական գործընթացի ծնունդն են եւ ստեղծվել են կուսակցություն չունեցող նախագահին ծառայելու համար։ Եթե նույնիսկ սա այդպես չէ, փաստերն այլ բան են ասում՝ Ռոբերտ Քոչարյանը նման «գրկաբաց» ձեւով նույնիսկ ռամկավարներին չի ընդունում։ Անվիճելի է, որ ընտրություններից առաջ նախագահը «տնտղում է» իրեն հավատարմության երդում տվողներին եւ անկուսակցական իր գոյությունը մտադիր է ինչ-որ կերպ ապահովել։ Կոմկուսը թեպետ իրեն արմատական ընդդիմություն է հայտարարում, սակայն այսօր դժվար է կոնկրետ որեւէ փաստ նշել, որն ապացույց լինի արմատական ընդդիմադիր կեցվածքի։ Ամեն ինչ առայժմ սահմանափակվում է առիթով կամ անառիթ արված հայտարարություններով։ Կոմկուսի Կենտկոմի երեկվա հայտարարության առիթը նորացվածների եւ նախագահի հանդիպումն էր։ Մի տեսակ խանդոտություն էր նկատվում Կոմկուսի հայտարարության մեջ։ Արդյո՞ք Կոմկուսը կուզեր ինքը լինել Նորացվածի փոխարեն։ Վլ. Դարբինյանը, իհարկե, հերքեց այս ենթատեքստը՝ ասելով, թե ամեն ինչ միայն գաղափարական եւ քաղաքական է, եւ նորացվածները Կոմկուսից հեռացվածներն ու վտարվածներն են ընդամենը։ Ինչեւէ, ակնհայտ է, որ նախագահի կուսակցությունաքանդման գործունեությունը թեպետ նոր նախընտրական խոստումներից չի եղել, բայց հաջողությամբ կյանքի է կոչվել։ Եվ որքան ավելի կատաղի են դառնում միմյանց հանդեպ իրարից զատված այս կամ այն կուսակցության բեկորները, այնքան առատորեն են ջուր լցնում Ռոբերտ Քոչարյանի ջրաղացին։ Վերադառնալով հայտարարությանը, մեջբերենք մի քանի հատվածներ. «Մեզ միշտ անհանգստացնում է «27»-ի ոճրագործության պատճառով ամբողջ հայության մեջ ստեղծված կասկածամտության մթնոլորտը՝ իր ավերիչ հետեւանքներով, որը սպառնում է երկրի անվտանգությանը։ Ժողովրդի ուշադրությունը շեղելով երկրի եւ իշխանությունների առջեւ ծառացած հիմնախնդիրներից (արտագաղթ, գործազրկություն, համաժողովրդական ունեցվածքի թալան, կոռուպցիա, հաշվեհարդարներ, սպանություններ եւ այլն) երկրի իշխանությունները, հանրապետության նախագահի գլխավորությամբ, զբաղված են քաղաքական խարդավանքներով, որն ավելի է խորացնում իրենց եւ ժողովրդի միջեւ անդունդը»։ Անդրադառնալով նորացվածների եւ նախագահի հանդիպմանը, Կոմկուսը նկատում է. «Նախագահը՝ «գնահատելով» նորացվածների ղեկավարությանը, նշում է, որ հանդիպումն օգտակար է, որ իր համար հաճելի է լսել մարդկանց, ովքեր մի ամբողջ սերունդ են դաստիարակել իրենց ապրած կյանքով ու կենսագրությամբ, իսկ այսօր պատրաստ են իրենց դրսեւորել նաեւ քաղաքական դաշտում։ Դավաճանները, այո՛, միշտ էլ օգտակար են, բայց ո՞ւմ համար։ Ուզում ենք խորհուրդ տալ ընդամենը մի քանի ամսվա ստաժ ունեցող նորացվածներին՝ լծվելով դավաճանության կառքին, գոնե կառապանը ճիշտ եւ հեռանկարային ընտրեիք։ Չէ՞ որ այն երերուն է, անիվները տեղապտույտ են տալիս, ունեն բազմաթիվ ճաքեր, ու շտապ պետք է դուրս գրել եւ ուղարկել ջարդոնի ընդունման կետ։ Ձեզ օգտագործել են, օգտագործում են եւ էլի կօգտագործեն»։ Կոմունիստների եզրակացությունը միանշանակ է՝ դիմակահանդեսն ավարտված է, նախագահի «կառքին» լծվածները՝ նկարահանվելով ու նկարվելով նախագահի հետ, վերջնականապես բաժանվեցին ժողովրդից, «մնալով ժողովրդից վաղուց բաժանված նախագահի հետ»։ Ասուլիսի ժամանակ Վլադիմիր Դարբինյանը պատասխանեց նաեւ լրագրողների մի շարք հարցերի։ Պրն Դարբինյանը, որ մի քանի անգամ խոսել է նորացվածների կասկածելի մեծ ֆինանսական աղբյուրների մասին (թերթ են տպագրում եւ անվճար բաժանում, աշխատավարձ են տալիս իրենց աշխատողներին եւ այլն), լրագրողի հարցին՝ գիտի՞, թե որտեղից է սնվում ՀՆԿԿ-ն, պատասխանեց. «Մենք էլ կուսակցություն ենք, մենք էլ թերթ ունենք, մենք գիտենք, թե այդ միջոցներն ինչպիսի դժվարությամբ են ստեղծվում։ Էդ նոր ստեղծված կուսակցությունն ինչպե՞ս կարողացավ արագ-արագ լուծել ֆինանսական խնդիրները։ Դա մեզ շատ բան է ասում»։ Ուրիշի գրպանի փողերը հաշվելը, մեղմ ասած, ազնիվ չէ, բայց եթե դա արվում է քաղաքական նկատառումներով, մի կերպ կարելի է ըմբռնել։ Իսկ կոմունիստները խանդոտ չեն եւ չեն խանդում, որ նախագահը նորացվածին ժպտաց. «Այստեղ խանդի տեսարան չկա, կա գաղափարական խնդիր»։ Պրն Դարբինյանը հաստատեց իր արդեն հայտնի հայտարարությունը. Կոմկուսը բանակցություններ է վարում «Հանրապետություն» կուսակցության, ՀԺԿ-ի եւ «Ազգային միաբանության» հետ, չի բացառվում, որ հնարավոր հարցերի շուրջ ստեղծվի համագործակցություն։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել