Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյը՝ առանց տոնի ու տապանի

Հուլիս 16,2002 00:00

Նոյը՝ առանց տոնի ու տապանի Տոն օրերի հիշատակումը կապված է պատմական հիշարժան դեպքերի, երեւույթների, ազգային սովորույթների, պետական եւ կրոնական գաղափարների արժանագնահատման հետ։ Եվ զարմանալի չէ, որ աշխարհի ժողովուրդները նշում են եւ ավանդական, եւ նոր ընդունված տոները։ Սակայն կա նաեւ պայմանական ճանաչում եւ հնչեղություն ստացած մի օր, որն արժանի է լինելու համամարդկային տոն։ Բայց զարմանալիորեն մոռացության է տրված, կարգավիճակ չունի եւ պաշտոնապես չի նշվում։ Դա աստվածաշնչային Նոյյան տապանի՝ Արարատ լեռան լանջին հանգրվանելու օրն է, երբ համաշխարհային ջրհեղեղից փրկված Նոյ նահապետն իր բազմամարդ ընտանիքի եւ կենդանիների խմբերի հետ ոտք դրեց ցամաքի վրա եւ իջավ Արարատյան դաշտավայր։ Ըստ Աստվածաշնչի, դա համընկնում է հուլիսի 17-ի օրվա հետ, որն էլ պետք է համարել որպես մարդկության փրկության օր եւ մարդկային նոր հասարակության վերածննդի ու կազմավորման սկիզբ։ Աստված ջրհեղեղի միջոցով կործանեց հին հասարակությունը, քանի որ նա վատթարագույն արարքներով արդեն արատավորել էր եւ արժանի չէր Աստծո ողորմածությանը։ Բայց նա միաժամանակ հնարավորություն տվեց բարեպաշտ Նոյին, իր ընտանիքով հանդերձ, փրկվելու, որպեսզի սկիզբ դրվի նոր, արատազուրկ սերնդի։ Արարատյան դաշտավայրից սկիզբ առնելով, նոյասերունդ մարդկությունը զարգացավ ու տարածվեց աշխարհով մեկ։ Սակայն ժամանակներ անց, հեռանալով իրենց արմատներից եւ մոռանալով աստվածային խորհուրդների իմաստնությունը, մարդիկ կրկին մտան աղբերի մեջ, արատներով ծանրաբեռնվեցին, անհանդուրժելի թշնամացան եւ արյունահեղ պատերազմներով, զանազան ոճրագործություններով սկսեցին իրար ոչնչացնել, չգիտակցելով, որ արյունակցական միասնություն ունեն եւ աստվածային մենաշնորհ՝ համերաշխ ու խաղաղ գոյակցելու եւ ապրելու։ Զարմանալիորեն մեր հանրապետությունում էլ «Փրկության օր» հիշատակելու, Նոյյան տապանն իր չափերով կառուցելու եւ տուրիստական կենտրոն ստեղծելու գաղափարին պաշտոնական շրջանները ոչ մի ուշադրություն չեն դարձնում, թեեւ բազմիցս դիմվել է նրանց, գրվել մամուլում, կազմակերպվել կոնֆերանսներ եւ այլ միջոցառումներ։ Մեզ մոտ լռում են, իսկ ուրիշները շահարկում են այդ գաղափարը եւ փորձում «տեր» կանգնել Նոյյան տապանին։ Տարիներ առաջ վրացական «Լիլո» թերթը գրել էր, թե Ռաչա գյուղից ոչ հեռու, քարանձավում գտնվել են տապանի մնացորդները, իսկ Նախիջեւանում 1986թ. գրվել է, որ թուրքալեզու ժողովուրդների նախահայրը եղել է Նախը (Նոյը) եւ ադրբեջանական հողի վրա հիմնել է Նախիջեւանը։ Նոյյան տապանին հավակնում են նաեւ կիրգիզները, ուզբեկները եւ նույնիսկ ճապոնացիները։ Իսկ վերջերս թուրքերն առաջ անցան բոլորից, ցանկություն հայտնելով Արարատի լանջին կառուցել տապանը եւ այն ճոպանուղիով կապել ցածում գտնվող բնակավայրի հետ՝ ստեղծելով հետաքրքիր տուրիստական կենտրոն։ Կարելի է պատկերացնել, թե ինչ հաջողություն կունենան թուրքերը, եթե այդ նախագիծն իրականացնեն։ ԴԵՐԵՆԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031