Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐԸ ԾԱՎԱԼՎԵԼ Է ՄԻՆՉԵՎ ԽԱՂԸ ՍԿՍՎԵԼԸ

Հուլիս 16,2002 00:00

ՊԱՅՔԱՐԸ ԾԱՎԱԼՎԵԼ Է ՄԻՆՉԵՎ ԽԱՂԸ ՍԿՍՎԵԼԸ Այսօր վաղ առավոտյան ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» մեկնեց Տամպերե (Ֆինլանդիա)՝ Եվրոպայի չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարի մեկնարկային տուրում ուժերը չափելու այդ երկրի թիվ մեկ ակումբի՝ «Տամպերեի» հետ։ Առաջին անգամ չէ, որ Հայաստանի չեմպիոն թիմերը մասնակցում են Հին աշխարհամասի ամենահեղինակավոր մրցաշարին։ Սակայն այս անգամ «Փյունիկի» արտագնա մրցելույթն արժանանում է առանձնահատուկ ուշադրության, քանի որ երկու թիմերի միջեւ հեռակա պայքարը սկսվել է ֆուտբոլի խաղադաշտից դուրս, մինչեւ հանդիպման գլխավոր մրցավարի՝ խաղն ազդարարող սուլիչի ձայնի հնչելը։ «Առավոտի» ընթերցողներն արդեն տեղյակ են, որ Ֆինլանդիայի՝ Մոսկվայում տեղակայված դեսպանությունը, առանց հիմնավոր պատճառների, հրաժարվել էր «Փյունիկի» սեւամորթ ֆուտբոլիստներին իրենց երկիր մուտք գործելու թուլտվություն տալուց։ Այդ պատճառով ՀՖՖ-ն պաշտոնապես դիմել էր ՈՒԵՖԱ-ին, որտեղից անմիջապես արձագանքել էին՝ ֆիննական կողմին առաջարկելով կողմնորոշվել. կամ հավատարիմ մնալ մարզական սկզբունքներին՝ վավերացնել «Փյունիկի» խաղացողների մուտքի վիզան, կամ համակերպվել ՈՒԵՖԱ-ի կանոնակարգով նման դեպքերում նախատեսված՝ իրենց պարտություն գրանցելուն։ Երեկ «Առավոտի» մարզական մեկնաբանը, որը «Փյունիկի» հետ մեկնեց Ֆինլանդիա, ՀՖՖ-ի աշխատակից, «Ֆուտբոլ պլյուս» թերթի գլխավոր խմբագիր Սուրեն Բաղդասարյանից ճշտեց, թե ինչպիսի՞ հանգուցալուծում ստացավ հարցը։ Ս. Բաղդասարյանը, մասնավորապես, մեկնաբանեց. «Մոսկվայում Ֆինլանդիայի դեսպանատունը պաշտոնապես տեղեկացրել էր, թե «Փյունիկի» երեք սեւամորթ ֆուտբոլիստներին մերժում է մուտքի վիզան։ Թեեւ պաշտպան Ալու Տրաուրեին (Մալի), այնուամենայնիվ, չէին մերժել։ Սակայն նույնպես մալիացի Մամադու Դիավարային մերժել էին՝ պատճառաբանելով, որ նա, լինելով արտասահմանի քաղաքացի, չունի Հայաստանում կացության կարգավիճակ։ – Բայց բոլորովին վերջերս ԱՊՀ երկրների պատանեկան խաղերում մեր սեւամորթ դարպասապահ Էդել Ապուլա Էդիմա Բետեին, ճիշտ է, էլի որոշ քաշքշուկներից հետո, այնուամենայնիվ, թույլատրեցին։ – Հավաքականը եւ ակումբը տարբեր բաներ են։ Ֆիններն այս պարագայում կացության կարգավիճակ էին պահանջում։ Անկեղծ ասած, հայկական կողմը ֆինների, այսպես կոչված՝ մանրախնդրությունը, լուրջ մոտեցում չի համարում, որովհետեւ, մասնավորապես, մեր կամերունցի խաղացողներին մերժելը բացատրում էին նրանով, որ ընդհանրապես այդ երկրի քաղաքացիները Ֆինլանդիա մուտք գործելով մնում են այնտեղ։ Գուցե նրանք նման խնդիր ունեն, բայց այս դեպքում (հարցը «Փյունիկին» չի վերաբերում ու չի էլ կարող վերաբերել) պետք է նկատի ունենալ, որ սա Չեմպիոնների լիգայի կարեւոր մրցաշար է ու այն այլ երեւույթներին խառնել, պարզապես, չի կարելի։ – Այնուամենայնիվ, ինչպե՞ս է ավարտվել քաշքշուկը։ – Սկզբում ֆինները Մամադուի անձնագրում դրել էին մերժման կնիք։ Սակայն, ՈՒԵՖԱ-ի ճնշմամբ, հարցին միջամտել է նաեւ Ֆինլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան, որից հետո այդ երկրի ԱԳՆ-ն մերոնց առաջարկել էր հարցը լուծել Մոսկվայի դեսպանատան միջոցով, մի բան, որն արդեն ֆիզիկապես հնարավոր չէր։ Մեր ֆեդերացիայի աշխատակիցն արդեն վերադարձել էր Երեւան։ Ինչեւէ, նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «Փյունիկի» սեւամորթ ֆուտբոլիստների՝ Ֆինլանդիա մուտք գործելու հարցերը կլուծվեն այնտեղ՝ օդանավակայանում։ Մենք մտածում ենք, որ այս ամբողջ պատմությունը գլխավորապես ուղղված է «Փյունիկի» առանցքային խաղացող Մամադուի դեմ։ Ու այդպիսի վարքագիծը մրցակից կողմին պատիվ չի բերում։ – Մամուլում հայտարարություն եղավ, որ «Փյունիկ» են հրավիրվել արգենտինահայ Էռնանդո Սարգսյանն ու եւս երկու բրազիլացի։ Նրանք խաղալո՞ւ են։ – Էռնանդոն երկու ամիս չի մարզվել ու հիմա լավ մարզավիճակում չէ։ Ինչ վերաբերում է բրազիլացիներին, նրանցից մեկի խաղամակարդակը «Փյունիկի» մարզիչներին չի բավարարել, ու ակումբի ղեկավարությունը, որքան տեղյակ եմ, չի ցանկացել, որպեսզի երկրորդը գա։ Այս առիթով Օսկար Լոպեսը հայտարարել է, թե «Տամպերեի» հետ խաղում հենվելու է միայն այն ֆուտբոլիստների վրա, ում լավ է ճանաչում խաղադաշտում եւ ով այս պահին ունի ֆունկցիոնալ լավ պատրաստվածություն։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ Վաղը «Փյունիկին» լուրջ փորձություն է սպասվում։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ մրցակցի դաշտում հյուրընկալվելու է Ֆինլանդիայի չեմպիոնին, այլեւ, որ դեռ խաղը չսկսված լարվածություն է ստեղծվել ու դա չի կարող չազդել, ինչպես՝ առանձին-առանձին ֆուտբոլիստների, այնպես էլ՝ ամբողջ թիմի վրա։ Սակայն հավատում ենք, որ մեր ուժեղագույն ակումբը արհեստական այս քաշքշուկներին կպատասխանի խաղադաշտում՝ ցուցադրելով իրեն արժանի ու բնութագրական ֆուտբոլ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել