Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավական ակտերի մետաֆիզիկան

Հուլիս 16,2002 00:00

Իրավական ակտերի մետաֆիզիկան Ընդհանրապես պաշտոնական տեղեկատվությունը կարելի է բաժանել երեք հիմնական տիպերի՝ պարտադիր հրապարակման ենթակա, պաշտոնապես չհրապարակված (այն տրամադրվում է յուրաքանչյուրին իր հայտի հիման վրա) եւ տրամադրման ոչ ենթակա տեղեկատվություն: Վերջերս ընդունված «Իրավական ակտերի մասին» օրենքը վերաբերում է պաշտոնական տեղեկատվության այն մասին, որը ենթակա է պարտադիր հրապարակման: Առաջին իսկ հայացքից աչքի է ընկնում օրենքի խորհրդակցական ոճը. հիմնական կետերի մի մասը, որոնք կոչված են կարգավորելու հրապարակումների հետ կապված հարցերը, պարտադրական բնույթ չեն կրում: Ինչ վերաբերում է հրապարակմանը ոչ ենթակա իրավական ակտերին, ապա սույն հարցը պարզաբանող 59 հոդվածում ասվում է. «Հրապարակման ենթակա չեն միայն իրավական ակտերը կամ դրանց առանձին այն մասերը, որոնք պարունակում են պետական կամ օրենքով սահմանվող այլ գաղտնիք»: Այստեղ հստակ չի նշված, թե ո՞րն է առաջնայինը պետության համար` տեղեկատվությա՞ն, թե՞ փաստաթղթի «փակությունը»: Այսինքն, կարո՞ղ է արդյոք հրապարակվել փաստաթուղթը, բացառությամբ գաղտնի մասերի, թե՞ այն չպետք է հրապարակվի գաղտնի տեղեկատվություն պարունակելու պատճառով: Վերջին տարբերակը, եթե նույնիսկ գաղտնի տեղեկատվությունը կազմում է դրա չնչին մասը, պաշտոնյաներին մեծ հնարավորություն է տալիս «փակելու» ողջ փաստաթուղթը: Նման դեպքերում ժողովրդավարական երկրներում փակ է սահմանվում տեղեկատվությունը, այլ ոչ թե փաստաթուղթը: Այն ցանկացողներին թույլ է տալիս ծանոթանալու դրա ոչ գաղտնի մասերին: Օրենքի 27 հոդվածի չորրորդ կետը օրենսդիր մարմնին հնարավորություն է տալիս այլընտրանքային նախագծերի պատրաստումը հանձնարարել իրավաբանական անձանց, հայտարարել լավագույն նախագծի մրցույթ: Ընդգծվում է, որ նշված փաստաթղթերը մշակողներն «իրավունք ունեն մասնակցելու նախագծերի քննարկումներին»: Սա ժողովրդավարացման տեսակետից կարեւոր դրույթ է, նույնիսկ` նվաճում: Բայց տեսնենք, արդյո՞ք մշակողից բացի ուրիշ մեկն իրավունք ունի գոնե ծանոթանալու իրավական ակտի նախագծին: 29 հոդվածում նշված է, որ բոլոր տիպի իրավական ակտերը կարող են հրապարակվել մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներում, նույնիսկ` դառնալ համաժողովրդական քննարկման առարկա: Ինչպես տեսնում ենք, ամեն տեղ ի հայտ է գալիս հրապարակման պարտադիր չլինելու ենթատեքստը: Իմանալով հայ չինովնիկներին, կարելի է համոզված լինել, որ կգործի նպատակահարմարության տրամաբանությունը. «այն, ինչ կարելի է` պարտադիր չէ, ինչն էլ պարտադիր չէ` չի կարելի»: Տեղեկատվության մատչելիության ոլորտի կարգավորման գլխավոր սկզբունքը պետք է լինի ոչ թե պաշտոնյաների նպատակահարմարությունով, այլ հասարակության շահերով ղեկավարվելը: Զարմացնում է, որ սույն օրենքում մանրամասն նշվում է, թե որ շաղկապները կարող են կիրառվել, որոնք` ոչ: Օրինակ` հոդված 45-ը, կարծում եմ, հետաքրքրական է ինչպես լեզվաբանների, այնպես էլ հայոց լեզվով հետաքրքրվողների համար: Այսպես, պարզվում է, որ «այն պայմանների թվարկման ժամանակ, երբ բոլոր թվարկված պայմաններից բավական է միայն մեկի առկայությունը, չի կարող կիրառվել «եւ» կամ «ու» շաղկապը, դրանք չեն կարող բաժանվել ստորակետով կամ այլ նշանով: Այս դեպքում պետք է կիրառվի «կամ» շաղկապը»: Եվ այսպիսի եւս 10 պարբերություններ, որոնք կարող են դասվել Արիստոտելի «Օրգանոնի», Հեգելի «Տրամաբանության գիտության» շարքում: Ավելին, հոդված 40-ում պատնեշ է դրվում բոլոր ցնորված ապազգային տարրերին, որոնք կարող են ինչ-ինչ մութ պատճառներից ելնելով ապակողմնորոշել հասարակությանը. «իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի ակտի բովանդակությանը»: Այսօրվանից կարող ենք հանգիստ լինել, իմանալով, որ հանկարծաբար կամ միտումնավոր ազգային անվտանգությանը վերաբերող իրավական ակտը չի կոչվի «երիցուկ», «խատուտիկ» կամ նույնիսկ «մատուտակ»: Այժմ օրենքի քերականական ու տրամաբանական առանձնահատկություններից անցնենք կարգավորման ոլորտին: Օրենքի «Իրավական ակտերի հրապարակելը եւ դրանց ուժի մեջ մտնելը» 6-րդ գլխի 46 հոդվածի առաջին կետում գրված է. «Իրավական ակտերն ուժի մեջ կարող են մտնել միայն ընդունումից հետո, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում` նաեւ ընդունման պահից»: Կարելի է կարծել, թե մեր պաշտոնյաներն այնպես են զարգացրել իրենց մտածողությունը, որ ի վիճակի են տարբերակել ընդունման պահը դրան հաջորդող մյուս ժամանակի ակնթարթից: Ինչ խոսք, զգացվում է Հատուկ հավանականության տեսության եւ Հայդեգերի փիլիսոփայության ազդեցությունը: Այդ հիմնաղբյուրներն ակնհայտ են դառնում 9-րդ գլխի վերնագրից` «Իրավական ակտերի գործողությունը ժամանակի ընթացքում, տարածության մեջ եւ անձանց շրջանակներում»: Անկասկած, ամուր մետաֆիզիկական հիմքերի վրա է դրված հայ իրավագիտությունը: Զարմացնում է նաեւ իշխանությունների ավանդապաշտությունը` միակ պաշտոնական հրապարակման միջոցն է հռչակվում պաշտոնական տեղեկագրերի շարքը, կարծես գոյություն չունի ժամանակակից համակարգչային տեխնիկա: ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031