«Հոկտեմբերի 27» քրգործով երեկվա հերթական նիստն էլ, ըստ էության, նոր հանգամանք չավելացրեց։ Դատարան ներկայացած տուժողներ թե՛ Գագիկ Ասլանյանը եւ թե՛ Հայկ Բաբուխանյանը ավելի ակտիվություն էին ցուցաբերում ոճրագործությունից հետո ստեղծված կացության գնահատակններին ու տպավորություններին, քան որոշակի հանգամանքներ ներկայացնելուն։ Բանը հասավ նույնիսկ նրան, որ ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը մի հետաքրքիր միտք արտահայտեց՝ կապված իրավական հարթությունից դուրս դատարանի հնարավոր գործունեության մասին։
Այն միանշանակ չգնահատվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ուզունյանի կողմից, որին այլ հարց չէր մնում, քան հարցնել ԱԺ փոխնախագահին՝ այսինքն դատավարություն չանե՞նք։ «Չեմ կողմնորոշվում» պատասխանը էլ ավելի խճճեց վիճակը։ Տուժող Գագիկ Ասլանյանը նկարագրելով «Հոկտեմբերի 27»-ը՝ դատարանին հայտնեց, որ առաջին կրակոցներից հետո իրեն թվացել է, թե երկար ժամանակ է հայտնվել պառկած վիճակում, սակայն դիտելով տեսաժապավենը, տեսել է, որ կարճ ժամանակամիջոց է եղել։ Լսել է հայհոյանքների եւ հարվածների ձայնը՝ ուղղված Վազգեն Սարգսյանին։ Ի դեպ, վերջինիս արյունը, տուժողը ներկայացրեց, որ իր վրա էր թափվել ամբողջապես։ Տուժողը հայտնեց, որ վիրավոր Քոթանյանին ահաբեկիչները թույլ չէին տվել օգնություն ցույց տալ։
Նա չէր տեսել մյուսների սպանությունը եւ ընդհանրապես կենդանի թիրախ չէր կանգնել։ Պատասխանելով մեղադրող Անահիտ Եղիազարյանի հարցին, թե մինչեւ կրակոցները ահաբեկիչների կողմից որեւէ պահանջ (ասենք՝ հրաժարականի) ներկայացվե՞լ էր, տուժողը հայտնեց, որ պահանջ չի եղել։ Ուշադրության արժանի է նաեւ նրա պատասխանը բանակցողների հարցի հետ կապված։ Մեղադրողի՝ «Ո՞վ ընտրեց բանակցողներին» հարցին Գ. Ասլանյանը պատասխանեց, որ այն սեփական նախաձեռնության արդյունք էր։ Ահաբեկիչ Ն. Հունանյանը ընդհանրապես հրաժարվեց նրան հարցեր տալուց, ասելով, որ «եթե օրենսդիր մարմնի ղեկավարը հաշվեհարդարի կոչ է անում, անիմաստ է նրան հարց տալը»։ Ի դեպ, ԱԺ փոխխոսնակը մի տարօրինակ պատասխան էլ տվեց Կ. Դեմիրճյանի շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանի հարցերից մեկին, թե «գործողությունը մայիսի 30-ից խորհրդարան եկած ուժերի դե՞մ էր», եւ տուժողը պատասխանեց այսպես. «Ուղղված էր «Միասնություն» դաշինքի դեմ, մնում եմ իմ կարծիքին։ Չեմ կարծում, որ «Միասնությունն» ուղղված էր նախագահի դեմ»։ Սակայն ոչ ոք նրան հարց չէր տվել նախագահի մասին եւ առնվազն տարօրինակ էր այս դեպքում շեշտել նախագահի պարագան։
Տուժող Հայկ Բաբուխանյանն էլ տեղ էր զբաղեցրել 7-րդ շարքում եւ ճանաչել ամբաստանյալներից Նաիրի Հունանյանին։ Նա ասաց, որ ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանի հրահանգով է ինքը դուրս եկել նիստերի դահլիճից. «Պարտադրեց, որ դուրս գամ, որ չի լինի նոր զոհ, եթե դահլիճի վրա նոր գրոհ չլինի»։ Տուժողը դուրս գալով նիստերի դահլիճից, զգուշացրել է, որ ինքը պատգամավոր է եւ չկրակեն։ Ըստ Հ. Բաբուխանյանի, իր տպավորությունը եղել է այնպիսին, որ շատ մարդիկ են խուժել դահլիճ։ Թե՛ նախաքննության եւ թե՛ դատաքննության ժամանակ Նաիրի Հունանյանի ցուցմունքի մի հատվածը տարբեր հետեւությունների տեղիք էր տվել։
Կարդացեք նաև
Նաիրի Հունանյանը հայտնել էր, որ գրկախառնություն է եղել Հայկ Բաբուխանյանի հետ, գործով անցնող վկա Նարինե Դիլբարյանը հայտնել էր, որ ահաբեկիչը գրկախառնվել է Հայկ Բաբուխանյանի հետ, իսկ ԱԺ պատգամավոր, տուժող Արամայիս Բարսեղյանի տպավորությամբ էլ՝ Հայկ Բաբուխանյանը խմբի անդամներից էր։ Այս կապակցությամբ տուժող Բաբուխանյանը հայտարարեց. «Դա բացարձակ զրպարտություն է։ Նրանք, ովքեր տվել են նման ցուցմունք, ստոր զրպարտիչներ են։ Դիլբարյանն այս դեպքի հետ կապված ներողություն էր հայցում, քանի որ, ըստ նրա, քննիչն իր հարցերով թյուրիմացության տեղիք էր տվել»։
Ինչ վերաբերում է տուժող Բարսեղյանի ստացած տպավորությանը, տուժող Հ. Բաբուխանյանն ասաց. «Թերզարգացած ուղեղ ունի, նրա պատկերացումները լուրջ չեմ ընդունում»։ Թե ինչու էր «հետքը» գցվել տուժողի ոտքերի առաջ, նա երկու գործոն նկատեց շահագրգիռներին. Հունանյանի թիկունքում եղած ուժերն են ծրագրել այսօրինակ սցենարը եւ կամ նախաքննական մարմինը։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ