Տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ առանց հեռախոսի 2000թ. դեկտեմբերին կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաները հռչակեց գերակա ճյուղ։ Մի քանի ամիս հետո անգամ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հայեցակարգ մշակվեց՝ ընդգրկելով բոլոր հնարավոր ոլորտները, առավելապես կարեւորելով հեռահաղորդակցությունը՝ մեծապես արհամարհելով հենց նույն կառավարության կողմից «ԱրմենՏելին» բախշած մենաշնորհը։ Ու մինչեւ «ԱրմենՏելն» իր «սեւ» գործն է անում, կառավարությունն՝ իր, բնակչությունն՝ անկախ ամեն տեսակի զարգացումներից, կենսապահովման մակարդակի բարելավում է պահանջում։ Օրինակ, 1979 թվականից կառուցված Թբիլիսյան խճուղու 7-րդ շենքի բնակիչներին հետաքրքրում է, թե «փտած կոմունիստական հասարակարգից»՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման դարում, բացի ապրելու պատիվ ունենալուց, ո՞ր դարում հնարավորություն կունենան «օգտվելու տարրական անհրաժեշտություն դարձած հեռախոսից»։ «Դժբախտ դեպքերի դեպքում, շտապօգնություն կանչելու համար» մարդիկ նախ պարտավոր են տրամաբանել, թե ի՞նչ կերպ կարելի է այդ անել։ Այն, որ վերջերս հարեւան Քանաքեռ-ԳԷՍ թաղամասում եւ Շամպայն գինիների գործարանի հարեւանությամբ գտնվող «բախտակից» շենքերում խնդիրն ի վերջո լուծում է ստացել՝ Թբիլիսյան խճուղու 7-րդ շենքի բնակիչներին (108 ընտանիք) ուրախանալու առիթ է տվել։ «Հույս էինք փայփայում, որ հերթը մեզ էլ կհասնի, սակայն՝ ո՛չ, մենք նորից զրկվեցինք հեռախոս ունենալու անհրաժեշտությունից»,- խմբագրությանն ուղղած դիմում-բողոքում գրում են շենքի բնակիչները։ Խնդրի առնչությամբ «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրենի՝ մամուլի հարցերով խորհրդական Գոհար Սիմոնյանը պարզաբանեց, որ շենքը գտնվում է «28 հեռախոսակայանի տարածքում, այն այժմ թվայնացման փուլում է»։ Ապա՝ Գ. Սիմոնյանը խոստացավ, որ «աշխատանքների ավարտին բոլոր շենքերն էլ կհեռախոսաֆիկացվեն»։ Ավելի հստակ, նշված հասցեում գտնվող շենքը եւս «տարվա վերջում հեռախոս կունենա»։ «Ամեն տարվա պես չի լինի»,- հավելեց Գ. Սիմոնյանը։ Չցանկանալով պղծել այս լավատեսական լուրը, «Առավոտը» հույս է փայփայում, որ սա կլինի այն բացառիկ դեպքը, երբ «ԱրմենՏելն» իր խոստումը կկատարի՝ թեկուզ այս մանր, բայց մայրաքաղաքի բնակիչ 108 ընտանիքներին անհրաժեշտ խնդրում։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ