ԻՆՆԱՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ Գեներալների մեջ կորպորատիվ համերաշխություն չկա եւ չպիտի էլ լինի՝ երբ վերադասը (նախարարն ու գլխավոր հրամանատարը) հրամայում է փնովել մեկ այլ գեներալի (պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին), նրանք էլ զգաստ են կանգնում եւ կատարում են հրամանը: Ընդունենք, որ գեներալների բոլոր գնահատականները ճիշտ են՝ Վ.Հարությունյանը մեր բանակի հետ որեւէ կապ չունի, արժանիքներ եւ ծառայություններ Հայրենիքի առաջ նույնպես չունի: Այդ դեպքում տրամաբանական հարց է ծագում՝ ինչո՞ւ էր նախագահը նման անպետք մարդուն պաշտպանության նախարար նշանակել: Քաղաքական իրավիճա՞կն էր այնպիսին, Վազգե՞նն էր ստիպել: Եթե այդպես է, ուրեմն, շատ հնարավոր է, այսօրվա կառավարությունում էլ կան մի շարք անպիտան նախարարներ, որոնց նախագահը նշանակել է այս կամ այն հանգամանքի ճնշման տակ եւ որոնք, վաղը կպարզվի, դեն գցելու «ապրանք» էին: Սովորաբար ընդունված է ընդդիմությանը վերագրել այս կամ այն հականախագահական կամպանիայի սանձազերծումը: Սակայն այս դեպքում իր դեմ կամպանիան սկսել է ինքը՝ նախագահ Քոչարյանը՝ փաստորեն անխնա քննադատության ենթարկելով իր իսկ ստորագրած հրամանագիրը Վաղարշակ Հարությունյանին ՊՆ նախարար նշանակելու մասին: Նույն ոգով են արտահայտվում նաեւ պաշտոնավոր գեներալները: Օրինակ, պաշտպանության ներկայիս փոխնախարար Միքայել Գրիգորյանը այդպես էլ ասում է՝ Վ.Հարությունյանին նախարար նշանակելը սխալ էր: Այդ ո՞ւմ եք սխալ հանում, պրն Գրիգորյան: Գլխավոր հրամանատարի՞ն: Թվարկեմ այդ կամպանիայի այլ բացասական դրսեւորումները. 1. Խոսքն, այնուամենայնիվ, պաշտպանության նախարարի եւ բանակի մասին է: Ուստի «պետական» մարդկանցից ակնկալվում է որոշակի նրբանկատություն: 2. Ստիպել գործող գեներալներին քաղաքական հայտարարություններ անել բանակաշինության համար ամենանպաստավոր քայլը չէ: 3. Վաղարշակ Հարությունյանն աշխատանքից ազատված եւ ընդդիմադիր դարձած ոչ առաջին, ոչ էլ վերջին բարձրաստիճան պաշտոնյան է: Թե՛ նշանակող-հանողները եւ թե՛ ընդդիմադիր դարձածները պետք է, հավանաբար, որոշակի «խաղի կանոններ» մշակեն՝ ինչը կարելի է ասել իրար հասցեի, ինչը՝ ոչ: 4. Մոտակա անցյալի ձեռքբերումները մերժելը եւ պատմության մեկնարկը իրենց իշխանությունից հաշվարկելը բոլոր ժամանակների բոլշեւիկների պրակտիկան է: 5. «Ով ինչ է արել պատերազմի ժամանակ» թեմայով ավելի լավ է խոսել այն բանից հետո, երբ կնքված է հաշտության պայմանագիրը եւ աշխարհի կողմից անվերապահորեն ընդունված են պատերազմի արդյունքները: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ