Ցույցերի հետագիծը Մի շարք կազմակերպություններ ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանին են հղել դիմում, որում մասնավորապես ասված է. «Ս.թ. հունիսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազին ենք ուղղել ծառայողական նամակ` խնդրելով այն ընդունել որպես կատարված հանցագործության մասին իրավաբանական անձի հաղորդում եւ ՀՀ Քրդատօր-ի 190 հոդվածի հիմքով քրեական գործ հարուցել Երեւանի Կենտրոն Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի մայիսի 10-17-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ տասնյակ քաղաքացիների նկատմամբ խաղաղ, առանց զենքի ժողովների, հանրահավաքների մասնակցած քաղաքացիներին, վարչական կալանքի եւ տուգանքների ենթարկած դատավորների նկատմամբ՝ շահադիտական կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անհիմն որոշումներ կայացնելու, հանցավոր արարք կատարելու հիմքով: Պաշտոնական մի քանի նամակներ փոխանակելուց հետո ստացանք ՀՀ Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Ս. Մելիքջանյանի կողմից 2002թ հունիսի 3-ի ստորագրած «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշումը: Հայտարարության մեջ բերված փաստարկներին իբրեւ հակափաստարկ եւ քրեական գործը հարուցելը մերժելու հիմնավորում է ներկայացվում ՀՀ վարչ. իրավախախտումների օր-ի 1801 հոդվածում սահմանված ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի կազմակերպման կամ անցկացման սահմանված կարգի (նման կարգ՝ օրենքով ամրագրված, գոյություն չունի- «Առավոտ») խախտում-նորմը: Եվ որ դատավորների վարչական տույժ նշանակելու մասին որոշումները կայացնելիս հիմք են ընդունվել ՀՀ նախագահի 1997թ. մայիսի 6-ի «Երեւան քաղաքում պետական կառավարման մասին» N ՆՀ-727 հրամանագրի 1.5 կետի «ժզ» ենթակետին համապատասխան ընդունված Երեւանի քաղաքապետի որոշումները: Ս.թ. մայիսի 10-17-ը Երեւանի քաղաքապետը հանրահավաքների ու երթերի անցկացումը սահմանափակող, արգելող որեւէ որոշում չի կայացրել եւ չէր էլ կարող կայացնել, քանի որ Հրամանագրի 1.5 կետի «ժզ» ենթակետն ասում է «օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է Երեւանում ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր եւ զանգվածային այլ միջոցառումներ անցկացնելու հարցը»: Դատախազը «հարկ է» համարել Հայտարարության մեջ բերված փաստարկներով քրեական գործ հարուցելը մերժելու հիմնավորում ներկայացնել այն, որ Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած որոշումները ստացել են օրինական ուժ, որը համարել է պայման հիշյալ որոշումները որպես ակնհայտ անարդար չդիտելու համար: Այսպիսով բացառելով մարդու ու քաղաքացու Սահմանադրությամբ իրեն վերապահված հիմնարար իրավունքների ներպետական իրավասու ատյանների կողմից արդյունավետ (դատական) պաշտպանության իրավունքը: Վերը նշված փաստարկները բավարար են Որոշումն անօրինական, չհիմնավորված համարելու համար»: ԱԺՄ, ԱԺԴ, ԱԺԿ, ՀԺԿ, ՍԻՄ, «Հանրապետություն», «Սոցիալիստական Հայաստան» միավորում