Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում ճգնաժամ է»

Հուլիս 16,2002 00:00

«Հայաստանում ճգնաժամ է» «Հայաստանում խոր ճգնաժամ է՝ քաղաքական, սոցիալական եւ բարոյական»,- այս կարծիքին է հուլիսի 13-ին «Ազդակ» ակումբի հյուրը՝ «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Ըստ նրա, խիստ սրված են քաղաքական կոնֆլիկտները, հատկապես հոկտեմբերի 27-ի հեղաշրջումից հետո. «99 թ. կատարված հեղաշրջումից հետո խորհրդարանական մեծամասնությունը դադարեց ժողովրդի մի զգալի մասի տեսակետի կրողը լինելուց»: Մանրամասն վերլուծություն կատարելուց հ ետո Արտաշես Գեղամյանը եզրակացրեց, որ առկա է 3 տեսակի ճգնաժամ՝ կառավարական, խորհրդարանական եւ սահմանադրական: Ժողովուրդը չի վստահում կառավարությանը, քանի որ վերջինս չի իրագործում ԱԺ կողմից ընդունված օրենքները: Խորհրդարանը չի ընդունում ժողովրդի շահերից բխող օրենքներ այն պարզ պատճառով, որ խորհրդարանական մեծամասնությունը չի արտահայտում ժողովրդի շահերը։ Եվ վերջապես, ամեն պահի ոտնահարվում է Սահմանադրությունը, ասաց Արտաշես Գեղամյանը եւ օրինակ բերեց. «Մենք՝ մի քանի պատգամավորներ, սահմանադրական ճանապարհով, լրիվ օրենքի շրջանակներում փորձեցինք քննարկել նախագահի իմփիչմենթի հարցը: Սակայն նախագահի աթոռը զավթած Ռոբերտ Քոչարյանը ամեն գնով, հակասահմանադրական ճանապարհով վիժեցրեց հարցի քննարկումը»: Խոսելով նախընտրական շրջանում ՀՀՇ-ի ակտիվացման մասին՝ Գեղամյանը նկատեց, որ Քոչարյանը ՀՀՇ-ական վարչակազմից է եւ գիտակցելով, որ իրեն սպառել է՝ ամեն ինչ կանի, որպեսզի իշխանության ղեկը հանձնի ՀՀՇ-ին: Լրագրողի հարցին, թե նշանակո՞ւմ է արդյոք, որ իշխանության է գալու ՀՀՇ-ն, Գեղամյանը պատասխանեց. «ՀՀՇ-ն չի գնացել իշխանությունից»: Ասենք, որ Արտաշես Գեղամյանը որոշ հույսեր կապեց իշխանական այն թեւի հետ, որն այսօր աջակցում է Ռ. Քոչարյանին, սակայն ողջախոհ է, եւ եկել է այն պահը, երբ պետք է ընտրություն կատարի հայ ժողովրդի ու Քոչարյանի միջեւ: Ի դեպ, Արտաշես Գեղամյանը նկատեց, որ այսօր կատարվող ամեն ինչում տարբեր ուժեր մեղադրում են ԱԺ-ին: Սրա տակ նա միտում է տեսնում. «Քանի որ մեր երկրի իշխանական համակարգում տղայական քցոցի է գնում, որպեսզի Անդրանիկ Մարգարյանը չքցի Ռ. Քոչարյանին, վերջինս կարող է ցրել խորհրդարանը: Ու նախագահի սրտով եւ բացահայտ կեղծիքներով ընտրված նոր խորհրդարանը նախագահական ընտրություններում վարձահատույց է լինելու Քոչարյանին»: Անդրադառնալով ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի մասին նախագահի արած հայտարարություններին, Գեղամյանը հերթական անգամ հիշատակեց նախագահի գավառական մակարդակը եւ ավելացրեց. «Ինտելեկտուալ հարթությունը, որով ղեկավարվում է մեր երկիրը, իջեցված է պարողին խանգարող օրգանների մակարդակին: Անպատվաբեր, տափակ ու անհավասարակշիռ վարքագիծ է ցուցաբերում Ռ. Քոչարյանը»։ www.a1plus.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել