Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԻՆՁ ՎՐԱ ՎԵՐՑՐԻ ՈՂՋ ՆԳՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ «27»-Ի ՀԱՄԱՐ»

Հուլիս 16,2002 00:00

«ԻՆՁ ՎՐԱ ՎԵՐՑՐԻ ՈՂՋ ՆԳՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ «27»-Ի ՀԱՄԱՐ» ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի դատարանում տված ցուցմունքներին հաջորդեցին տարբեր մեկնաբանություններ, որոնց շուրջ էլ գլխավորապես ընթացավ մեր զրույցը։ -Ոմանք Ձեր ցուցմունքներում հակասություններ արձանագրեցին, իսկ դատավարությունը լուսաբանող լրագրողներից մեկն էլ նշեց, թե Սուրեն Աբրահամյանը նախընտրեց «շառից, փորձանքից հեռու» տարբերակը՝ խոսելով ամեն ինչի մասին, բայց ասելով շատ քիչ բան եւ հստակ չպատասխանելով հարցերին։ Արդարացի՞ եք համարում այս կշտամբանքները։ – Անկեղծ ասած, երեւի ոչ մի բան ինձ վրա այդքան ազդեցություն չգործեց, որքան այդ չարաբաստիկ արտահայտությունը՝ «շառից, փորձանքից հեռու» տարբերակի մասին։ Շատ հակասական մեկնաբանություններ եղան մամուլում, անգամ՝ ծայրահեղ։ Եվ այն տպավորությունը ստացա, թե մեկնաբանողները հաշվի չէին առել, որ ՆԳ նախկին նախարարն ընդամենը տուժողի կարգավիճակով էր գտնվում դատարանում, այլ տեսանկյունից էր տալիս վկայություններ։ Եվ նրան մեղադրելը «շառից, փորձանքից հեռու» կեցվածքի համար… ուղղակի չեմ կարողանում զայրույթս արտահայտել։ Գոնե ապրածս կյանքով այնքա՜ն շառեր ու փորձանքներ եմ տեսել, որ չեմ էլ կարող ամեն ինչի նկատմամբ անտարբեր լինել։ Ինձ համար նման մեկնաբանություններն ուղղակի անընդունելի են։ Ես չեմ կարող այս գործի նկատմամբ սրան կամ նրան հաճոյանալու կեցվածք ընդունել։ Երեւի ամեն մեկն ակնկալում էր իր ցանկացածն իմ շուրթերից լսել։ Վերջին հաշվով, այդ մեկնաբանություններից նաեւ մի բան հասկացա. ժամանակն է, որ ամբողջ այդ իրավիճակի ճիշտ գնահատականը կարողանան տալ, բայց դրա համար պետք է գոնե եղելությունն իմանալ ամբողջությամբ եւ ճշտորեն արձանագրել այն, ինչ կատարվում է դատարանում։ Եթե դատարանն այդքան հնարավորություն տվել է բոլոր լրագրողներին մասնակցելու քննությանը՝ կարող են նաեւ նիստերի սղագրությունները տրամադրել, որ առանց մեկնաբանությունների մատուցեն։ – Այսուհանդերձ, պարզաբանման կարոտ է Ձեր ցուցմունքում նկատված հակասությունը «Ալֆա» ջոկատի հրավիրման եւ հետագա գործողությունների հանգամանքների վերաբերյալ։ Ի՞նչ էր եղել իրականում։ – Նախ, գործի բացահայտման առումով «Ալֆա» ջոկատի դերակատարությունը, դրա գալն ու գնալն ինձ համար երկրորդական հանգամանք է։ Թե ինչ ենթատեքստով էին այդ հարցի շուրջ այս բոլոր շահարկումները, պրոֆեսիոնալիս համար գոնե, անհասկանալի է։ Իրոք կողմ եմ եղել ռուսական «Ալֆային» հրավիրելուն, քանի որ (սա բացատրել եմ նաեւ դատարանում) մենք տեխնիկական ու զուտ մասնագիտական խորհրդատվության կարիքն ունեինք։ Եվ նման պարագաներում լրացուցիչ օգնությունը երբեք չէր կարող վնաս լինել։ Չնայած նաեւ շեշտադրված ասում եմ, որ ԱԺ նիստերի դահլիճից դուրս գալուս ընթացքում եւ դրանից հետո արդեն՝ մեր ունեցած հնարավորություններով, հատուկ ջոկատը պատրաստ էր։ Աստված մի արասցե, սպանդը կրկնվելու դեպքում՝ կլիներ նրանց ակտիվ միջամտությունը՝ ահաբեկիչների նույնիսկ ֆիզիկական ոչնչացման նպատակով։ Այսինքն, այդ խնդիրը մենք կարող էինք մեր ուժերով լուծել։ «Ալֆայի» ներկայացուցիչների հետ հանդիպումը եղել է ՊՆ-ում, պաշտպանության նախարարի աշխատասենյակում։ «Ալֆային» դիմավորել էր իմ նախկին տեղակալ Հայկ Հարությունյանը (ՆԳ ներկայիս նախարարը- Ա. Ի.), նրանց ուղեկցել ՊՆ։ Եվ ամենակարեւորը, որ ուզում եմ նորից շեշտադրված ասել՝ երբ «Ալֆան» մեր տված կցկտուր տեղեկատվությամբ կարողացավ ծանոթանալ ամբողջ իրավիճակին, նրանց դիրքորոշումը հետեւյալն էր, թե իրավիճակին կծանոթանան տեղում, տեխնիկական ու մասնագիտական ամեն կարգի օգնություն ցույց կտան մեզ, բայց ահաբեկիչներին զուտ ֆիզիկապես ոչնչացնելու հարցում նրանք մասնակցություն չեն ունենալու։ Դրանից հետո թե ով կարող էր թույլ տալ կամ թույլ չտալ «Ալֆայի» գործողությունները, երբ իրենք արդեն իսկ հրաժարվել էին ակտիվ դերակատարումից՝ ինձ թվում է, երկրորդական-երրորդական խնդիր է։ Եվ չի բացառվում, որ նույն կարծիքն ունենան ե՛ւ հանրապետության նախագահը, ե՛ւ պաշտպանության նախարարը՝ անգամ եթե նրանք տվյալ պարագայում տարբեր հարցերի շուրջ տարակարծիք էին։ – Ձեր ցուցմունքներին հաջորդած եւս մի մեկնաբանության մասին. «Առավոտի» թղթակիցը նկատել էր, որ թեեւ Դուք դատարանում հայտարարեցիք, թե 1999 թ. հոկտեմբերի 27-ը (բնականաբար, մինչեւ կառավարության հետ ԱԺ-ի հարցուպատասխանը) սովորական, խաղաղ օր էր, նույն օրերին տված Ձեր հարցազրույցը վկայում է, թե ուժեղացված եւ զորանոցային ռեժիմի էին բերվել ՆԳ Ներքին զորքերը, ներգրավվել պահուստային ուժեր։ Սրան անդրադարձել էինք «Առավոտի» խմբագրականում։ Ինչպե՞ս եք բացատրում այս հակասությունը։ – Ես հիշում եմ «Առավոտ» թերթի այդ խմբագրականը։ Լրիվ համամիտ եմ նման գնահատականի հետ. երկիրը գնում է տեղական ինքնակառավարման ընտրությունների, եւ հանկարծ ՆԳ նախարարը հայտարարում է, թե այս կարգի նախազգուշական միջոցառումներ ենք ձեռնարկել։ «Առավոտի» խմբագրականի մտահոգությունը երկրում տիրող իրավիճակին էր առնչվում, թե ընտրությունները պետք է համայնքների համար, ինչ-որ առումով, եթե չասեմ՝ տոն, ապա գոնե՝ դրա նման ինչ-որ բան լինեն։ Բայց մենք դրանց նախապատրաստվում ենք այդ կարգով։ Բնական էր ՆԳ նախարարի մտահոգությունն այդ առումով, քանի որ, հիշում եք, դրան նախորդել էր Աջափնյակի «Արյունոտ կիրակի» ընտրությունները, երբ մի թաղապետի ընտրության պատճառով 6-7 մարդ վիրավորվեց հրազենից։ Եվ դրանից հետո, մեր կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ երեւի հանրապետությունում եղած միակ ընտրությունները դրանք դարձան, որոնց ընթացքում ՆԳՆ-ն ունեցավ միայն մեկ դերակատարում՝ զուտ հասարակական կարգի պահպանություն։ Եվ ՆԳՆ-ի կողմից ոչ մի միջամտություն չեղավ սրա կամ նրա օգտին՝ ինչպես միշտ լինում է ընտրությունների օրերին։ Այդ օրն, իրոք, ԱԺ սովորական նիստ էր ընթանում, որը նաեւ համընկել էր կաթողիկոսական ընտրությունների հետ։ Վերջինիս առնչությամբ նույնպես անվտանգության միջոցառումների պլան էր կազմված, որը հաստատված էր ՆԳՆ ղեկավարության կողմից։ Բայց այդ միջոցառումներն իրականացվում էին միայն Էջմիածնի վարչական տարածքում։ Այսինքն, ԱԺ այդ նիստին նախորդող օրերի իրավիճակի ո՛չ քաղաքական, ո՛չ էլ այլ վերլուծությունները մեզ թույլ չէին տալիս եզրակացնելու, որ արտահերթ միջոցառումներ ձեռնարկենք խորհրդարանի շենքի պահպանությունն ուժեղացնելու համար։ – Դատարանում ընդհանրապես չանդրադարձաք այն ամենին, ինչ Ձեզ հետ կատարվել էր ժամը 21.30-ի սահմաններում, պաշտպանության նախարարություն գնալուց հետո։ Կարծում եք, թե դա էական նշանակություն չունի՞ «Հոկտեմբերի 27»-ի ամբողջական բացահայտման համար։ – Այդ պարագայում ամենակարեւորը, գոնե ինձ համար, երկիրը քաոսի չվերածելն էր, սահմանադրական կարգը պահպանելու խնդիրը՝ չմտածված քայլերի հերթականությունը կանխելու տեսակետից։ Իսկ իմ առաքելությունը պաշտպանության նախարարությունում՝ ընդամենը ՆԳՆ եւ ՊՆ ստորաբաժանումների գործողությունների համադրումն էր, որպեսզի մեկս մյուսին չխոչընդոտենք, այլ հակառակը՝ լրացնենք միմյանց։ – Դատարանում պատրաստակամություն հայտնեցիք պատասխանատվություն կրելու որպես այդ ժամանակ ՆԳ նախարար։ Այսինքն, ի տարբերություն այդ ժամանակ ազգային անվտանգության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի, Դուք չե՞ք համարում, թե կատարվածի համար պատասխանատու եք միայն այնքանով, որ կենդանի եք մնացել։ – Հիշեցնեմ, որ ես դեպքից անմիջապես հետո եմ հայտարարել իմ հրաժարականի մասին։ ՆԳ ամբողջ համակարգի առնվազն բարոյական պատասխանատվությունը կատարվածի համար ես ինձ վրա վերցրի։ Եվ հայտարարությանս մեջ էլ դա նշեցի։ Ոչ մի պարագայում ես չեմ կարող եւ ինձ չեն էլ սազի պատասխանատվությունից խուսափելու կամ արդարանալու փորձերը։ – Այնուամենայնիվ, այժմ հայտնվել եք մի իրավիճակում, երբ ընդդիմադիրների եւ իշխանավորների հակամարտող ճամբարներից եւ ոչ մեկում չեք։ Որպես կանոն, նման «չեզոքների» չեն ներում երկու ճամբարներն էլ։ – Անկեղծ ասած, ես պետության իմ ընկալումն ունեմ։ Եվ գոնե այդ դեպքի հետ կապված իմ մոտեցումներն այդ ընկալումներով են պայմանավորված։ Իմ «փայ» պետությունը ոչ մեկին չեմ զիջի։ Իմ խառնվածքով ու կեցվածքով ես չեմ կարող երբեւէ անսկզբունք, անարդարացի, ուղղակի հենց այնպես լինել ինչ-որ մեկի «մարդը»։ – Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ձեր թեկնածությունն այլեւս չեք առաջադրելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, տեղեկություններ տարածվեցին, թե մտադիր եք վերադառնալ քաղաքականություն։ Իրոք ունե՞ք նման մտադրություն։ – Ամենայն հավանականությամբ՝ այո։ Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել