Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՉԿԱ՞ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԵՌՈՐԻԶՄ

Հուլիս 16,2002 00:00

ՉԿԱ՞ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԵՌՈՐԻԶՄ «Դաշնակցության ընկերվարական գործը Հայաստանում» ընդհանուր թեմայով սեմինարի ընթացքում ինչ ասես չհնչեց Միացյալ Նահանգների եւ հրեաների հասցեին։ Անդրադառնանք սեմինարի ընթացքում հնչած մի շարք ելույթների։ Դրանցից մեկում, օրինակ, միանշանակ ասվում էր, թե գլոբալիզացիան կեղծ կատեգորիա է եւ «չկա միջազգային տեռորիզմ, դա սուտ է։ Միջազգային տեռորիզմի կենտրոնը Միացյալ Նահանգներն է, որ ցանկանում է թելադրել իր կամքը, եւ փոքր ժողովուրդները նրա համար արժեք չունեն, ինչպես չեն ունեցել միշտ էլ»։ Վարանդ Փափազյանը չվարանեց հայտարարել, որ սոցիալիստական գաղափարախոսության համար պայքարը քաղաքական պայքար է. «Մենք իրավազուրկ ժողովուրդ ենք եղել եւ իրավազրկված ենք նաեւ այսօր։ Այս քաղաքական պայքարի մեջ մենք ենթակա ենք շատ ավելի հզոր ուժերի պարտադրանքին։ Ճիշտ չէ ասել, թե Հայաստանում քաղաքակիրթ կարող ենք լինել։ Իրականում՝ քաղաքակիրթ կարող ենք լինել այնքան, որքան մեզ կթույլատրեն լինել։ Այսինքն՝ իրենց պատկերացմամբ կլինենք քաղաքակիրթ։ Իսկ այդ պատկերացումը Աֆղանստան ռմբակոծող պատկերացումն է։ Այդ պատկերացումը ՍՊԻԴ-ի եւ ամբողջ հին դեղերը ծախողինն է եւ նոր դեղերը պահողինը, տասնյակ միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դարձողինը։ Խոսքը դասակարգային պայքարի մասին չէ։ Խոսքը խղճի մասին է եւ, այս պարագայում, մեզ համար այդ խիղճը քաղաքական իմաստ ունի։ Մեր հարցը իրավունքի եւ խղճի հարց է. բոլոր մակարդակներում՝ Հայ Դատ, Արցախ, Հայաստանի իրավիճակ։ Միջազգային այն ուժերը, դրամատիրական ուժը, իմպերիալիստական ուժը… ուղղակի ռազմական եւ տնտեսական դաշինք կնքած ուժերի հարձակումն է աշխարհի վրա եւ աշխարհի հարստության յուրացումն է։ Սա այլեւս ոչ գիտական սոցիալի՜զմ է… սա աշխարհի ամենաբիրտ կողոպուտն է, որը տեղի է ունենում բացահայտ, որին զոհ են գնում հարյուր միլիոնավոր ժողովուրդներ, ամբողջ Հարավային Ամերիկան, ամբողջ Աֆրիկան, Ասիայի ժողովուրդները։ Այո՛, անշո՛ւշտ, կան երկրներ (Չինաստան, նախկին ԽՍՀՄ երկրներ), որոնք փորձում են հարաբերվել դրամատիրական աշխարհի հետ, բայց այդ փորձի մեջ ընկնում ենք ծուղակը։ Մանավանդ, երբ Հայաստանի պես տկար եւ խոցելի երկիրն ինքնզինքը քաղաքակիրթ երկրների հետ նույն մակարդակին է ուզում դնել»։ Ըստ պրն Փափազյանի, միջազգային բոլոր ֆինանսական կազմակերպությունները խանգարում են եւ դեմ են Հայաստանում աշխատավարձերի բարձրացմանը, սոցիալական ծառայություններին, պետությանն արգելվում է իր ունեցվածքից դրամ ծախսել ժողովրդի վրա. «Այն կատաղի դրամատիրությունը, որ կա Հայաստանում, պարզապես այս ամբողջի արձագանքն է»։ Վարանդ Փափազյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանը պետք է այս ամենից հետո չափազանց ուշադիր լինի, քանի որ բոլոր ամերիկյան եւ միջազգային փողատու կազմակերպություններն իրականում (ըստ պրն Փափազյանի) դեմ են Արցախի ազատագրմանը, դեմ են Հայաստանի անկախությանը, դեմ են Հայ Դատին. «Բայց որոնք կսքողեն, կծածկեն իրենց դեմ ըլլալը այլ նպատակներով, այլ մոտեցումներով։ Որոնք կքաջալերեն Թուրքիան, այո։ Թուրքիո կտրամադրեն 15 միլիարդ դոլար, եւ ավելին պիտի տրամադրե նույն Ամերիկան։ Հայաստանին չեն տրամադրել, պարզ է»։ Եզրակացությունը նույնն է՝ այս ամենը Դաշնակցությունը պետք է տեսնի, հասկանա եւ չմեկնի Հայաստանից. «այլ գան Հայաստան եւ գան, մանավանդ, մեր քաղաքական պայքարին, տեսնեն, թե ինչպես այս ժողովուրդը կրնա ինքզինքը գերազանցել, իր նպատակներու ճամփուն վրա հրաշք գործել, թերեւս, պայմանով, որ այդ հրաշքը հիմնված ըլլա առարկայական դատողության վրա»։ Անդրադառնանք նաեւ մեծ ու փոքր երկու դաշնակցականի ելույթների։ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հայտնեց, որ «օպոզիցիա լինելն ինքնին վատ բան չի», բայց եւ սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե «օպոզիցիա լինելը քո տեսակետներն արտահայտելու եւ պետության գործունեությունը վերահսկելու միակ ձեւն է, ապա ես դրա հետ համաձայնել չեմ կարող»։ Պրն Հովհաննիսյանի հայրը՝ Էդուարդ Հովհաննիսյանը, մասնավորապես շեշտեց, որ այսօրվա գլոբալիզացիա ասվածի գլխում կանգնած են ԱՄՆ-ը եւ հրեաները։ Նա առաջարկեց Դաշնակցությանը՝ կողմնորոշվել. ի վերջո, պետակա՞ն շահն են պաշտպանում, թե՞ ազգային. «Եթե պետական շահերը ազգային շահերից տարբերվում են եւ էն էլ տարբերվում են այնպես, որ դու ստիպված ես դուրս գալ պետության դեմ, ուրեմն, եկեք մենք՝ Դաշնակցությունը, որոշենք. մենք որտե՞ղ ենք։ Էսքան միլիարդ են տալիս։ Օրինակ, ասում են՝ ամերիկացիները միլիարդ ու կես Հայաստանին փող են տալիս, եթե նա Ղարաբաղի հարցում զիջումներ կատարի, եթե նա Ցեղասպանության հարցը ների թուրքերին, եւ այլն»։ Այդ «ծուղակն» ընկածներին Էդ. Հովհաննիսյանը ոչ թե ծուղակից հանում է, այլ՝ ասում է, որ ինքը կբերի այդ միլիարդը. «Ինձ ուղարկեք Սադամ Հուսեյնի մոտ, ես երկու միլիարդ բերեմ՝ պայմանով, որ էս անգամ էլ ես Հայաստանում հակահրեական կենտրոն եմ ստեղծում։ Կտան։ Ժիրինովսկուն, օրինակ, տվեց։ Ինձ էլ կտան»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել