Լրահոս
Օրվա լրահոսը

Որ չասեն՝ էս ինչ կեղտոտ «պադյեզդ ա»

Հուլիս 13,2002 00:00

Որ չասեն՝ էս ինչ կեղտոտ «պադյեզդ ա» Այս ամառ գրեթե ամեն շաբաթ մի պետական ծառայողի երեխայի հարսանիք կամ նշանդրեք է։ Չեն հասցնում՝ հարսանիքից-հարսանիք են թռչում, մի խնամին՝ մյուսից անունով։ Մոտ մեկ տարի արդեն խոսվում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու եւ ԱԺ «Ագրոարդյունաբերական» խմբի անդամ Վոլոդյա Բադալյանի դստեր ամուսնության մասին։ Պատգամավորը ցնծության մեջ էր՝ ՀՀ նախագահի խնամին է դառնում։ Այս շաբաթ, մեր տվյալներով, նրանց երեխաների նշանադրության արարողությունն է։ Այս պատվին ԱԺ պատգամավոր Վ. Բադալյանի բնակարանի մուտքը արագ տեմպերով վերանորոգվում է։ Հարեւանները տխրել են, որ մյուս մուտքերը չեն վերանորոգվում, այլ միայն խնամունը։ Մեր թղթակիցը այն լուսանկարեց վերանորոգման պահին։ Մի քանի շինարարներ էին աշխատում եւ մեկն էլ հսկում էր ընթացքը։ Այս շաբաթ պաշտոնյաները խառնված են՝ տեսնես ո՞ւմ կհրավիրեն, կամ եթե հրավիրել են, ի՞նչ նվեր տանեն։ Շաբաթ օրը «Այրարատ» կինոթատրոնի խաչմերուկները ծանրաբեռնված կլինեն՝ խնամոնց ավտոմեքենաների հոսքից։ Որոշ մարդիկ միայն զարմանում են, թե ինչու են մեր պաշտոնյաներն իրենց երեխաներին այդքան փոքր տարիքում ամուսնացնում։ Իսկ որոշ մարդիկ էլ պատասխանում են՝ «Քանի դեռ պաշտոն ունեն, պիտի հասցնեն ամեն ինչ դասավորել։ Որ պաշտոն չունենան, ո՞վ պիտի իրենց հարսանիքին գնա, թանկանոց նվեր տանի…»։ Եվ պաշտոնյաների զավակների հարսանիքներին մոտ 500-1000 հյուր է լինում եւ ոչ ոք 500$-ից պակաս նվեր չի անում։ Օրինակ, գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր հարսանիքի օրը, ասում են, հյուրերի ավտոմեքենաների ծայրը չէր երեւում՝ «Զվարթնոց» համալիրից մինչեւ Հռիփսիմեի վանքի տարածքը։ Իսկ ահա մեկ այլ պաշտոնյայի հարսանիքը էլ ավելի էր նշանավորվել, երբ անձամբ տիկին Բելլա Քոչարյանը, Սերժ Սարգսյանն էին ներկա եղել։ Այսօր արդեն մրցակցություն է հարսանիքների ու ամենաթանկ խնամիների միջեւ՝ ում հարսանիքին ով եկավ ու ինչ նվիրեց, ինչ ճոխության սեղաններ էին, ինչքան հյուր կար, ով էր եկել ու ով պարեց կամ չպարեց, ով երգեց… Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել