Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՄԲԵԹԻՑ ՎԱԽԵՑՈՂՆԵՐԸ

Հուլիս 13,2002 00:00

ԳՄԲԵԹԻՑ ՎԱԽԵՑՈՂՆԵՐԸ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը համոզված է, որ Հայաստանի ողջ պատմության ընթացքում որեւէ նորմալ թանգարանային շենք չի կառուցվել, այն դեպքում, երբ «թանգարանները սպեցիֆիկ հիմնարկներ են եւ նրանց շենքերն էլ պետք է սպեցիֆիկ լինեն»։ Պատճառը, ըստ Զ. Սարգսյանի, այն է, որ Հայաստանի ճարտարապետները այլ ստանդարտներով են մտածում. «Նախկինում վախենում էին գմբեթից, տափակ-մափակ բաներ էին սարքում, դրա համար էլ մեր քաղաքը գմբեթ չունի։ Սակայն ես ի վերջո համոզվեցի, որ պարզապեսայդ մարդկանց էությունն է այդպիսին»։ Զ. Սարգսյանը նշում է, որ դեռեւս 30-ականներին ճարտարապետների համագումարներից մեկի ժամանակ Մարտիրոս Սարյանն առաջարկել էր «սուր պոպոզներով» տներ կառուցել, ինչը գեղեցիկ տեսք կտար քաղաքին։ Սակայն այդպես էլ մեծ նկարչի երազանքը չի իրականացել։ Փարաջանովի թանգարանի տնօրենը կարծում է, որ նախկինում գմբեթից վախենալու պատճառը կոմունիստական ռեժիմն էր, որը ժողովրդին քրիստոնեությունից հեռու պահելու նպատակ էր հետապնդում։ Այսօր, թեեւ այդ ռեժիմը չկա, սակայն, նրա կարծիքով, շարունակվում է նույն քաղաքականությունը. «Էջմիածնում խորան են սարքում՝ քանդելով Ռաֆայել Իսրայելյանի երկգմբեթ հրաշալի մուտքը ու փոխարենը դնում են անհասկանալի ինչ-որ բան»։ Զ. Սարգսյանը անպետք է համարում նաեւ Ազգային պատկերասրահի շենքը։ Ըստ նրա, այն կառուցվել է առանց մասնագետների կարծիքը հաշվի առնելու, դրա համար էլ նրա կեսը աստիճանավանդակ է։ Գ. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել