Հայաստանը միայն Երեւանը չէ Մեզ նոր մայրաքաղաք է պետք Շատերն են հիշում, թե ինչու «այն» ժամանակ Երեւանը դարձավ միլիոնանոց քաղաք։ Պետք էր ձեւ գտնել օգտվելու այն համակարգի «արտոնություններից»։ Անշուշտ, ժամանակին մենք ուրախանում էինք դրա համար, հպարտանում. «ցուցանիշ» կար…։ Սակայն, այժմ, երբ մենք ունենք պետություն (կամ ձգտում ենք ունենալ) եւ նորովի ենք նայում գործընթացներին, հասկանում ենք, որ դա սխալ էր։ Ինչ էր նշանակում այսպիսի փոքր տարածք ունեցող երկրի համար՝ գիտատեխնիկական ներուժի 80%-ը, մշակութային ողջ ներուժը, արդյունաբերական հանգույցները «կուտակել» մի քաղաքում։ Ըստ էության, հանրապետությունը բաժանված է երկու մասի. Երեւանը եւ մյուս հատվածը։ Մայրաքաղաքը կառուցում են, վերակառուցում, հաստատություններ բացում, այն ապրում է ակտիվ մշակութային կյանքով, իսկ «դրսում»՝ մի ջրագիծ, ճանապարհ կամ գործարան (այն էլ, չգիտես՝ բացելուց հետո որքան ժամանակ կաշխատի)։ Ինչ մեծ դժգոհություն հայտնեցին մեր մտավորականները Օպերայի հարակից մասում կատարվածի համար։ Լիովին համաձայն եմ նրանց հետ։ Բայց ուրախ կլինեի, եթե նույնիսկ «նման» շինարարություն կատարվեր մեր մյուս քաղաքներում։ Ինչպիսի շքեղ հյուրանոցներ են կառուցվում Երեւանում, իսկ Էջմիածնի հյուրանոցի «կմախքն» է մնացել։ Ներդրում կատարող չկա։ Կենտրոնացումը հանգեցրել է նրան, որ հանրապետության հիմնական խնդիրները լուծվում են Երեւանի «միջոցով», այն փակ քաղաք է «դրսի» կարող ուժերի համար։ Այդ հատվածի ժողովուրդը «օգտագործվում» է միայն ընտրությունների ժամանակ, հետո՝ ապրեք ոնց ուզում եք։ Ճիշտ չեն նրանք, ովքեր գտնում են, որ ժողովուրդը հոգնել է։ Ուղղակի քաղաքականապես աճել եւ հասկանում է, որ կլանային պայքար է գնում կերակրամանին մոտ լինելու համար, չի վստահում քաղաքական դաշտը չվերահսկող (հակառակ դեպքում՝ նման ԱԺ չէինք ունենա), «ծերացող» քաղաքական էլիտային եւ լուռ է, բայց դժգոհ։ Սակայն կոտրված չէ։ Փաստորեն Երեւանը պետություն է պետության ներսում։ Եվ բնական է, որ երեւանցիները կցանկանան երկրի նախագահի պաշտոնում էլ տեսնել իրենց համաքաղաքացուն։ Կարգավիճակ էլ տան (թող Գյումրիին էլ տան), բյուջե էլ ունենա, քաղաքապետ էլ արագ-արագ փոփոխեն՝ դրությունը չի փոխվի։ Ինչ եմ առաջարկում։ Կամ պետք է Երեւանը «բեռնաթափել» վարչական մեթոդներով, որը խիստ դժվար է, եթե չասեմ՝ անհնար, կամ նոր մայրաքաղաք է պետք։ Այն կարելի է կառուցել նոր, ժամանակակից նախագծերով։ Թող լինի լոկ իշխանատեղի՝ նախագահի նստավայր, ԱԺ, կառավարություն, դիվանագիտական ներկայացուցչություններ, հյուրանոցներ, մի քանի մշակութային օջախ եւ այն սպասարկող բնակչություն։ Իշխանավորները կգան, իրենց ծառայությունը կմատուցեն ժողովրդին (լինենք լավատես) եւ ժամկետը ավարտելուց հետո կգնան եւ կշարունակեն ապրել իրենց բնակավայրերում (ում պաշտոն են տալիս, տեղափոխվում է Երեւան)։ Դա հնարավորություն կտա բնական ճանապարհով «բեռնաթափել» Երեւանը եւ հավասարաչափ կզարգանան մեր մյուս քաղաքները։ ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱՆՂՅԱՆ Տնտեսագետ