Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գրախոսության պատրանք

Հուլիս 13,2002 00:00

Գրախոսության պատրանք Անհեռանկար քիմիկոս-փիլիսոփա Վալերի Միրզոյանը այս անգամ որոշեց բախտը փորձել լեզվաբանության բնագավառում։ Նա «Առավոտ» թերթի 22.06.2002թ. համարում տպագրել է գրախոսություն «Հայոց լեզվի դասընթաց տնտեսագիտական բուհերի ուսանողների համար» (Եր., Տնտեսագետ, 2002) գրքի վերաբերյալ։ Գրախոսը հենց սկզբում թունոտ շնչով չարախոսում է. «Գիրքն այնքան պարզունակ է, հեղեղված լեզվաոճական ու տրամաբանական բազում սխալներով, փաստական անճշտություններով, որ միայն ու միայն արժանանալու է ուսանողության ծաղրուծանակին» (իմիջիայլոց, դասընթացում ընդգրկված թեմաների շուրջ արդեն տասը տարի դասախոսություններ են կարդացվում եւ, ի հեճուկս չարագուշակ զրպարտչի, ուսանողության կողմից դեռեւս ոչ մի անգամ չեն «արժանացել» որեւէ բացասական վերաբերմունքի)։ Ապաշնորհ գուշակը հերյուրալի այս բառակույտը փորձում է «հիմնավորել» հետեւյալ փաստերով. 1. Նա նշում է. «Ահավասիկ «բառ» հասկացության սահմանումը. «Լեզվական այն միավորը, որն օժտված է բառիմաստով, ինքնուրույն գործածությամբ, բառային շեշտով, կոչվում է բառ»։ Պիտի սահմանվի «բառ»172ը, մինչդեռ արդեն գործածում ենք տակավին չսահմանվածի կապակցությունները։ «Այս սխալը,172 շարունակում է մեր մարգարեն (որը, ի դեպ, հաճախադեպ է լեզվաբանների աշխատություններում),172 կոչվում է «կրկնաբանություն սահմանման ընթացքում», երբ նույնը սահմանվում է նույնով»։ Նորօրյա «պայծառատեսը» չի ընկալել, որ այստեղ նույնը նույնով չի հաստատվում։ «Բառ»172ի տարբեր դիրքերում գործառվելը ավելի է կոնկրետացնում համապատասխան իմաստը, միաժամանակ ընդգծելով տվյալ հասկացությանը վերաբերող նշված երեք յուրահատկությունները (իմացություն է պետք չշփոթելու խնդրին առնչվող քերականական ու տրամաբանական հայեցակետերը)։ Կրկնաբանություն է համարում նաեւ շրջասույթի սահմանումը. «Շրջասույթն այն արտահայտությունն է, երբ միեւնույն երեւույթը դրսեւորվում է այլ արտահայտությամբ, այսինքն շրջասությամբ»։ Տկարամտությունն այստեղ բացահայտորեն դավաճանել է նենգամիտ չարախոսին, այլապես նա դյուրությամբ կարող էր նկատել «արտահայտություն» բառի ոչ թե մեխանիկական կրկնությունն ու «նույնը նույնով» հաստատելը, այլ նրա բազմիմաստությունը. առաջին դեպքում արտահայտությունը նշանակում է «հասկացություն», երկրորդում՝ «բառ», «բառակապակցություն», «նախադասություն»։ 2. «Դասընթացում» հեղինակները նշել են, որ «ոճ» բառը ծագել է լատիներենից։ Գրախոսը դա հորջորջել է իբրեւ «հայտնագործություն»։ Այդ դեպքում «ամենագետ» փիլիսոփային խորհուրդ ենք տալիս բացել եւ կարդալ «Հայկական սովետական հանրագիտարանի» 8-րդ հատորի 615 էջը, որտեղ գրված է. «Ծագելով լատիներեն stilus բառից …»: Հավատացած ենք՝ դրանով, իրոք, կլրացվեր նրա անձնական «հայտնագործությունների» շարքը։ 3. Հոդվածագրի հաջորդ «բացահայտումը» առնչվում է «դարձվածք» եւ «դարձված» հասկացությունների (՞՞) շփոթի հետ։ Նախ ասենք, որ դրանք հեղինակային նորամուծություններ (՞ ՞) չեն, եւ երկրորդ՝ մասնագիտական նույնիսկ նվազագույն մակարդակ ունեցող մարդը պարտավոր է տարբերակել հասկացությունը բառից։ Դարձվածքը եւ դարձվածը տարբեր բառեր են, սակայն արտահայտում են միեւնույն հասկացությունը, այսինքն դրսեւորում են նույն իմաստը։ Հասկացությունը դատողական միավոր է, բառը, պարո՛ն փիլիսոփա՝ լեզվական։ Եվ որպեսզի ձեր մթագնած ուղեղը պարզաջրվի, վերցրեք կամ վերոհիշյալ քառահատոր բառարանը, կա՛մ էլ ակադեմիկոս է. Բ. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանը» եւ կտեսնեք «դարձված, նույնն է՝ դարձվածք»։ 4. «Հնդեվրոպացի գոյություն չի ունեցել (ասենք, արդեն գոյություն ունի ԵրՊՏԻ հայոց լեզվի ամբիոնի հրատարակած գրքում)», – ամբարտավան ինքնավստահությամբ չարախնդում է «հնդեվրոպաբան» գրախոսը։ Որպեսզի պատասխանը լինի դիպուկ, միաժամանակ հակիրճ, թերթենք ակադեմիկոս Գ. Բ. Ջահուկյանի «Զրույցներ հայոց լեզվի մասին» աշխատությունը եւ հայացք նետենք հետեւյալ ենթավերնագրի վրա. «Որտե՞ղ են ապրել հնդեվրոպացիները» (էջ 19)։ 5. Ըստ գրախոսի՝ տնտեսագիտական դարձվածները անճարակ փորձ են՝ արդարացնելու գրքի երեւութական տնտեսագիտական ուղղվածությունը։ Կասկածից վեր է, որ չարամտությամբ ու ներքին կուրությամբ տառապողին է յուրահատուկ չնկատելու ակնհայտը։ Չէ՞ որ դասընթացում ընդգրկված քսանվեց թեմաներից քսաներկուսը բուն մասնագիտական ուղղվածություն ունեն, իսկ մնացած չորսը տարբեր առումներով դարձյալ առնչվում են ընդհանուր թեմային։ Իսկ եթե դրան ավելացնենք երեք-չորս հազար տնտեսագիտական տերմինների (եզրերի), դարձվածների ու ասացվածքների առանձնացումն ու հետեւողական ուսուցումը բոլոր դասերին (ե՛ւ գրավոր, ե՛ւ բանավոր), արդյո՞ք կարող է «երեւութական ուղղվածություն» ստեղծվել։ 6. Հոդվածագիրը նյարդային նոպայի ազդեցության տակ փորձ է անում հեղինակներին մեղադրել գրագողության մեջ։ Իրականում դասընթացի հեղինակները «Լեզու եւ կառավարում» (88) թեման կազմելիս «Մենեջմենթ» գրքի տվյալ բաժնից վերցրել են որոշ հատվածներ ոչ թե կառավարման տեսություն ստեղծելու, այլ դրանք օգտագործելու իբրեւ նյութ՝ մեկնաբանելու հաղորդակցման, տեղեկատվական գործընթացում մասնագիտական ենթալեզվի ու կառավարման բուն փոխհարաբերությունները։ Իսկ ինչո՞ւ կոնկրետ հղումներ չենք արել տվյալ գրքից։ Սովորաբար ընդունված չէ դասագրքերում հղումներ տալը, այնուամենայնիվ, դասընթացի նախաբանում հղում կատարվել է։ Թերթի սահմանափակ հնարավորությունները թույլ չեն տալիս անդրադառնալ գրախոսի նշած մյուս «թերություններին», որոնք դարձյալ հիմնազուրկ են, մտացածին։ Պարզապես ալքիմիկոս-իմաստասերի նպատակն էր նենգ զրպարտությամբ հեղինակազրկել ոչ միայն ամբիոնի՝ անձնուրաց աշխատանքով վաստակ ձեռք բերած աշխատակիցներին, այլեւ, իրավամբ, մեծ համբավ ունեցող մեր ինստիտուտին։ ԲԱԲԿԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, բան. գիտ. դոկտ. (ԵրՊՏԻ հայոց լեզվի ամբիոնի կողմից)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել