«ՊԱՐԱՅԻՆ ԽՄԲԵՐԸ ՄԻՕՐԻՆԱԿ ԵՆ» Հայտնի է, որ մյուս բնագավառների նման, հակադիր բանակներում գործող պարարվեստի գործիչներ կան։ Սակայն Հայաստանի պարարվեստի պետական «Բարեկամություն» համույթի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանը խոստովանում է, որ ինքը որեւէ բանակի «զինվորագրված» չէ։ Նրա կարծիքով, այդ հարցն արդեն այնքան էլ սուր չի դրված, որովհետեւ ստեղծվել է պրոֆեսիոնալ խորեոգրաֆների խումբ՝ Վանուշ Խանամիրյանի նախագահությամբ. «Խանամիրյանը, որպես մեծ ճանապարհ անցած նահապետ եւ ճիշտ նախագահ, փորձում է ամեն ինչ հարթել։ Թեեւ ես որեւէ միության անդամ չեմ, բայց չի բացառվում, որ վաղը ամբողջ կոլեկտիվով անդամագրվենք Խանամիրյանի միությանը»։ Վերջերս լրացավ «Բարեկամություն» համույթի ստեղծման 15 տարին։ Այդ առիթով էլ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի թատրոնում խումբը հանդես եկավ մեծ ծրագրով, որը նրա 15 տարիների հաշվետվությունն էր։ Ն. Մեհրաբյանը նշում է, որ այդ տարիներին, ինչպես բոլորը մշակույթի ասպարեզում, այնպես էլ «Բարեկամությունը», ունեցել է ե՛ւ լավ, ե՛ւ դժվարին օրեր ու վերջին 2-3 տարիներին է սկսել «լիաթոք շնչել»։ «Ներկայումս պրոֆեսիոնալ պարարվեստի մասին դժվար է խոսելը,- համոզված է Ն. Մեհրաբյանը։- Դժվար է մարդուն ստիպել, որ միայն այս գործով զբաղվի, որովհետեւ այս պայմաններում առանց 2-րդ աշխատանքի ոչ ոք չի կարող գոյատեւել»։ Այդ պատճառով էլ Ն. Մեհրաբյանը «Բարեկամությունն» էլ է համարում «ոչ լրիվ պրոֆեսիոնալ»։ Ն. Մեհրաբյանից տեղեկացանք, որ Էդգար Հովհաննիսյանի երաժշտության հիման վրա ծրագրել է այս տարի բեմադրել Իսահակյանի «Լիլիթը»՝ գործ, որ վաղուց «եփված» է իր մեջ։ Իսկ 2003-ին՝ Խաչատրյանական տարում, կբեմադրվի Խաչատրյանի ջութակի կոնցերտի ֆինալը՝ հայկականի եւ դասականի համադրությամբ։ «Բարեկամություն» համույթի գեղարվեստական ղեկավարը կարծում է, որ խումբը լավ վիճակում է ու կկարողանա հաղթահարել նման բարդ ստեղծագործություն, մանավանդ որ տիրապետում է ե՛ւ դասական պարին, ե՛ւ ժողովրդականին։ «Այսօր Եվրոպայում այնպիսի դպրոցներ կան՝ նոր ոճով լուծվող, հզոր, մենք չպետք է հետ մնանք նրանցից։ Օգտվելով ազգագրական ու ազգային պարերից, պահպանելով մեր ավանդույթները, պետք է շարժվենք առաջ, ինչպես մյուս ժողովուրդները»,- ասում է Ն. Մեհրաբյանը։ Նա դրական է համարում այն երեւույթը, որ գնալով աճում է պարային խմբերի թիվը։ Սակայն գտնում է, որ դրանք միօրինակ են, միանման. «Յուրաքանչյուր արվեստագետ պետք է իր ձեռագիրն ու լեզուն ունենա։ Խումբ ստեղծելը միայն մի նպատակ չպետք է ունենա՝ հավաքել 100 երեխա եւ վերջ։ Ամեն ինչ պետք է ճիշտ հիմունքների վրա լինի։ Թող շատ լինեն ստեղծվող խմբերը, թող ազգը պարի։ Ի վերջո, լավ գործ են անում՝ երեխաներին կտրելով փողոցից։ Բայց ախր ամեն մեկը չպետք է վարվի իր ուզածի պես. պիտի խորհրդակցի մասնագետների հետ, թերթի արխիվները, հրավիրի նկարիչներ՝ ճիշտ տարազի ընտրության համար։ Թե չէ՝ թողած ժամանակակից լուծումներով տարազը, վերցնում ու փոքր երեխաներին հագցնում են էնպիսի՜ հագուստ կամ սովորեցնում են էնպիսի՜ ծանր պարեր…»։ Չնայած այս ամենին, Ն. Մեհրաբյանը չի բացառում համայնքային ենթակայությամբ գործող, լավ վիճակում գտնվող պարային խմբերի գոյությունը, որոնցից էլ հաճախ կադրեր է ընտրում։ Ըստ նրա, «Բարեկամությունը» 1987-ից հետո արդեն 2-րդ սերնդափոխությունն է ապրել. համույթը հիմնականում համալրում են Երեւանի պարարվեստի ուսումնարանի լավագույն սաները եւ ինքնագործ խմբերի շնորհալի ներկայացուցիչները։ «Բարեկամությունը» բազմաթիվ հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանի բոլոր շրջաններում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Եվրոպայում եւ այլուր։ Այսօր էլ բազմաթիվ հրավերներ ունի. մոտ ապագայում նախատեսված է համատեղ ելույթներ ունենալ Միջին Արեւելքում մեծ ճանաչում ունեցող «Կարակալլա» հանրահայտ խմբի հետ։ «Ավելի հեշտ է դառնալ լիդեր, քան մնալ լիդեր»,- ասում է Ն. Մեհրաբյանը։ Բարձունքներ նվաճելն արդեն իսկ պարտավորեցնում է։ Բացի այդ, կան հրաշալի երիտասարդներ, որոնք հավատում են իրենց ընտրած գործի հաջողությանը ու Ն. Մեհրաբյանի ցանկությունը նրանց գոնե ա՛յս ասպարեզում չխաբված տեսնելն է։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ