Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՂ ՎԱԽԵՆԱՆ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ՀԵՏԱՊՆԴԵԼՈՒ ԵՆ

Հուլիս 13,2002 00:00

ԹՈՂ ՎԱԽԵՆԱՆ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ՀԵՏԱՊՆԴԵԼՈՒ ԵՆ «Տնտեսական դատարանը ջրի ճանապարհ է դարձել» (10.07.2002թ.) հրապարակման մեջ անդրադարձել էինք ԻԻՀ «Շահաբ» ֆիրմայի եւ «Երեւանի «Ճանշին» ԲԲԸ-ի միջեւ սկսված դատական գործընթացներին։ Ինչպես խոստացել էինք, տպագրում ենք «Երեւանի ճանշին» ԲԲԸ նախկին նախագահ եւ գործադիր տնօրեն Վահան Առաքելյանի պարզաբանումները եւս։ -Ի վերջո, «Շահաբ» ֆիրման իր պայմանագրային պարտավորությունների շրջանակից դուրս չեկա՞վ։ – Պարսկական ֆիրմայի եւ մեր կազմակերպության միջեւ կնքված պայմանագիրը (295 տոննա բիտումի հետ կապված) կնքվել է 1999թ. ապրիլի 26-ին։ 1 տոննայի արժեքն էր 150 դոլար։ Կար պայմանավորվածություն, որ 1 տոննայի դիմաց պետք է վճարեինք 120 դոլար։ Երկու ամիս անց ֆիրմայի ներկայացուցիչը խնդրեց, որ այդ գումարը փոխանցեմ «Կանաչ ճանապարհ» ֆիրմային։ Այն ինձ համար անհասկանալի ֆիրմա էր։ «Շահաբը» պատճառաբանեց, թե ունեն բարդություն պետության նկատմամբ։ Քանի որ «Շահաբի» հետ դեռ երկար պիտի աշխատեինք, փոխանցեցի 14 մլն դրամ (26.415 դոլար)։ Այսպիսով, ըստ մեր պայմանավորվածության, պարսիկներին մեր պարտքը մնաց 4 մլն 770 հազար։ Որոշ ժամանակ անց «Շահաբից» պահանջեցի, որ գան, պայմանագիրը փոխենք («Կանաչ ճանապարհով»)։ Տրվեց համաձայնություն, սակայն «Շահաբի» ներկայացուցիչ Փարվիսը այլեւս չներկայացավ։ 2001թ. փետրվարի 12-ին անսպասելի ստացա ծանուցագիր՝ 101 հազար դոլարի պահանջ- հայցով։ Առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ մենք ներկայացրինք այս ամենը «Կանաչ ճանապարհի» նկատմամբ։ «Շահաբը» վերջիններիս համար առարկություն չարեց։ Ինձ համար մինչեւ օրս մնաց անհայտ. «Կանաչ ճանապարհ» ֆիրման Հայաստանի համար հարկային պարտավորություններ կատարե՞լ է, թե՞ ոչ։ Ահա թե ինչն էր պատճառը, որ 4 մլն 770 հազար մնացորդը չկարողացա տալ։ – «Շահաբ» ֆիրմայի այս տարվա մայիսի 15-ի հայցը՝ կապված «Ճանշինը» սնանկ ճանաչելու հետ, բավարարվել է։ Ի՞նչ վիճակում է սնանկացման գործընթացը։ – Տնտեսական դատարանում, իհարկե, ես հարց բարձրացրի, որ հայկական եւ նմանատիպ հզոր կազմակերպության համար ամոթ է, որ օտարերկրյա կազմակերպությունը ճանաչում է սնանկ։ Եվ նրան է սնանկ ճանաչում, որը երկար տարիներ կատարել է զգալի չափով ճանապարհաշինարարական աշխատանքներ ամբողջ հանրապետությունում։ Վճիռը կայացվեց, եւ սնանկ ճանաչվեցինք։ Նշանակված է համապատասխան հանձնաժողով, կա կառավարիչ, տարվում են ստուգումներ, թե ինչն էր պատճառը, որ կազմակերպությունը հայտնվեց անելանելի վիճակում։ – «Երեւանի ճանշինը» կապի եւ տրանսպորտի նախարարության ենթակայությամբ է գործել։ Մեզ հետաքրքրում է, սնանկացման գործընթացում, նաեւ դատարաններում, որտեղ հակընդդեմ հայց եք ներկայացրել, նրանք ինչպիսի՞ դիրքորոշում ունեցան։ – «Երեւանի ճանշինի» նկատմամբ ոտնձգությունները սկսվեցին 2000 թվականի դեկտեմբերից, երբ տրանսպորտի եւ կապի նախարարը Երվանդ Զախարյանն էր, իսկ նրա կամակատարը՝ «Հայավտոճան» ՊՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Գեւորգյանը։ Բազմաթիվ նամակներով դիմել ենք նրանց («Հայավտոճանը» հանդիսանում էր մեր պատվիրատուն)։ Նոյեմբերի 11-30-ի կատարողական ակտից հետո ստեղծվեց հանձնաժողով, առանց մեզ տեղյակ պահելու եւ ակտով նախատեսված 192 մլն 599 հազ. 504 դրամից անհիմն պակասեցվում է 11 մլն 971 հազ. դրամը։ Պատվիրատուն խախտելով պայմանագիրը, միտումնավոր չվճարեց 31 մլն դրամ գումարը… Նոր հանձնախումբ կազմվեց, գտան «թերություններ»։ Կատարողական ակտը ստորագրում են այն պահին, երբ բոլոր տեսակի ստուգումները պատվիրատուի կողմից կատարվել էին։ «Պատվիրատուն» անամոթաբար դիմեց «Ինեկոբանկին» (քանի որ գարանտ էր կանգնել կանխավճարը տալու համար), տանելով նրանից 6 մլն 747 հազ. 601 դրամ։ Գումարած նաեւ՝ 1 մլն 926 հազար դրամը։ Այսպիսով, մենք ի վիճակի չեղանք աշխատանքները շարունակել, քանի որ ոչ մի գումար չստացանք։ – Մեր զրույցի ժամանակ դուք ակնարկել էիք, որ Ազգային անվտանգության նախարարությունն էլ է մտել «Ճանշին»։ Ինչո՞ւ։ – 2001թ. ապրիլի 3-ից ԱԱՆ մի խումբ աշխատակիցների կողմից կատարվեց ինձ համար անհասկանալի- անօրինական ստուգում։ Մի շաբաթ «ստուգելուց» հետո, առանց մեզ տեղյակ պահելու, «Ճանշինի» բոլոր փաստաթղթերը (առանց համարակալման) տարան ԱԱՆ։ 1 ամիս անց վերադարձրին։ Դրանք ապա առգրավվեցին Գլխավոր դատախազության քննչական խմբի կողմից։ 2002թ. մարտի 13-ին… վերադարձվեցին։ Որքանով էր դա համապատասխանում «Ստուգումների կատարման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքին, դատեք ինքներդ։ Դիմել եմ այս կապակցությամբ Պետական գույքի կառավարման նախարար Դ. Վարդանյանին, որ նման պայմաններում մրցութային եղանակով 148 մլն 104 հազ. պարտավորություններով գնված ընկերությունը չի կարողանում կատարել ստանձնած պարտավորությունները։ Ի պատասխան դրա… հուլիսի 28-ին տնտեսական դատարան է դիմում ՊԳԿՆ-ն՝ հօգուտ պետբյուջեի մեզնից բռնագանձել 4 մլն 304600 դրամ տուգանք՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար (նկատենք, որ ՊԳԿՆ-ն իրավունք չուներ սնանկ ճանաչվող հիմնարկը վաճառելու- Ռ. Մ.)։ – Պրն Առաքելյան, դուք ՀԺԿ անդամ եք, Կարեն Դեմիրճյանի ազգականը, ակտիվ մասնակիցը ընտրությունների։ Արդյո՞ք ձեր դեմ արշավը հեռահար աղերս ունի այդ հանգամանքի հետ։ Եվ կա՞ն հիմնավորումներ։ – Ես Կ. Դեմիրճյանին ճանաչում եմ 1973-ից։ Նրա կինն ու իմ կինը հարազատ քույրեր են։ Նրա կենդանության եւ աշխատանքի ժամանակաշրջանում ընդհանրապես բացակայել եմ հանրապետությունից, երկար տարիներ աշխատել արտերկրում՝ չօգտագործելով ոչ նրա հնարավորությունները, ոչ էլ անունը։ Որովհետեւ իմ կողմից հատուկ հարգանք է եղել նրա նկատմամբ։ Մինչեւ հիմա որ լռել եմ, դա արդյունք է այն բանի, որ ես չէի ուզում օգտագործել նրա անունը, մահից հետո՝ առավել եւս։ Շատ հարցեր առաջացան… հոկտեմբերի 27-ից հետո։ «Հայավտոճանի» գործադիր տնօրեն Կ. Գեւորգյանին ճանաչում եմ 1981-ից, Մասիսի շրջանից։ 1985-ին Կ. Դեմիրճյանի համաձայնությամբ այդ թաքնված սողունը նշանակվեց շրջկոմի 2-րդ քարտուղար, իսկ այսօր ունենալով այնպիսի գործընկեր, ինչպիսին 90-ականներին մազութի գործով ճանաչված «մասնագետ», անփոխարինելի տրանսպորտի եւ կապի նախարար, պետեկամուտների ներկայիս նախարար Զախարյանն է, կարող է որոշ մարդկանց ներկայությամբ հայհոյել Դեմիրճյան ընտանիքի անդամներին։ Թող լավ իմանա, որ ասած ամեն բառի համար պատասխան է տալու։ – Իրավական վեճ լուսաբանելիս ես ձեռնպահ եմ մնում քաղաքական երանգներ տեսնելուց։ Ձեր ասածից հասկացա, որ դուք զբաղվում եք քաղաքականությա՞մբ… – 1998թ. արտահերթ նախագահական ընտրություններին ամենաակտիվն եմ եղել։ Վ. Սարգսյանի չկշռադատված գործունեության արդյունքում, երբ նախագահ նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը, ընդհանրապես հրաժարվեցի զբաղվել քաղաքականությամբ։ Երբ ընտրված մարդը չընտրվեց եւ տեղի ունեցավ «27»-ը։ Քոչարյանը ժողովրդի կողմից ընտրված նախագահ չէ։ Իր տեղում չէ։ Երբ հարց է բարձրանում նախկինների մասին, կարող եմ փաստել. 1991-ին Կ. Դեմիրճյանը Տեր-Պետրոսյանի համաձայնությամբ նշանակվեց «Հայէլեկտրո» ձեռնարկության գլխավոր տնօրեն։ Տեր-Պետրոսյանի օրոք ոչ մի ոտնձգություն Դեմիրճյանի եւ նրա մտերիմների նկատմամբ չեղավ։ Նման ոճրագործություն, ինչպիսին «27»-ն էր, նրա ղեկավարության ժամանակ չէր լինի։ Ասածս կարող է հաստատել Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը։ Ինչ վերաբերում է Ստեփան Դեմիրճյանի հետ կապին, նրա հետ կապն այնքանով է, որ նա Կ. Դեմիրճյանի որդին է։ – Ձեր ասածը կարող է դառնալ հնարավոր շահարկումների եւ ոտնձգությունների առիթ։ – Թող վախենան այն մարդիկ, ովքեր ինձ հետապնդելու են եւ տեղի է ունենալու նման ոտնձգություն։ Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել