«Ուշացումով, բայց պատասխանում եմ» Ս.թ. հունիսի 20-ին «Առավոտ» թերթում տպագրված ՀԺԿ Թումանյանի տարածքային կազմակերպության խորհրդի քարտուղար, ՀԺԿ քաղխորհրդի անդամ Լ. Փարեմուզյանի «Ջուրը լվանում է «Եվրորեմոնտի» հետքերը» հոդվածին նպատակային ուշ եմ պատասխանում։ Ինչեւէ, թեեւ ուշացումով, բայց պատասխանել, ավելի ճիշտ՝ հոդվածը հերքելն անհրաժեշտ է։ Հոդվածին պատասխանելուց առաջ ցանկանում եմ հարցնել հոդվածագրին՝ ի՞նչ է նշանակում «պաշտոնի շրջանակ», այդ ո՞վ է որոշում այդ շրջանակը։ Եթե մարդու ունակություններն ու կարողությունները ներում են, ի՞նչ շրջանակի մասին կարող է խոսք լինել։ Այս՝ իմիջիայլոց։ Կան մասնագիտություններ ու ոլորտներ, որոնք իրարից զատել, ավելին՝ տարանջատել չի կարելի։ Դրանք հաճախ չեն տարանջատվում նաեւ պետականորեն հաստատված հաստիքացուցակով եւ հանդես են գալիս որպես մեկ միավոր։ Այդպես էլ փոքր տարածաշրջանների բուժհիմնարկներում համատեղվում են նեւրոպաթոլոգ, հոգեբույժ եւ նարկոլոգ հաստիքները։ Իմ պարագայում այն նյարդահոգեբույժի 0,75 միավոր-հաստիք է։ Իսկ ինչ վերաբերում է իմ՝ «փսիխո» հանձնաժողովի նախագահ լինելու իրողությանը, փաստեմ, որ այն, ի պաշտոնե, ղեկավարելու իրավունքը միայն տարածքային համաբուժարանի գլխավոր բժշկինն է։ Հաջորդը. «Հունական հիվանդանոց» որպես այդպիսին Ալավերդիում գոյություն չունի։ Այդ կառույցը միջազգային մարդասիրական ծրագրեր իրականացնող օղակ է, որի ղեկավարները իրենք են ընտրում նրա տեղակայման վայրը, ղեկավարին, վարձատրության չափը։ Զինվորական հանձնաժողովի նախագահ լինելու առիթով իրազեկեմ. զինվորական հանձնաժողովի նախագահ նշանակում է ոչ թե մարզպետը (ինչպես նշված է հոդվածում), այլ տարածքային զինկոմիսարը, եւ այդ ծառայությունը կատարվում է ամբուլատոր պետպատվերի շրջանակներում։ Եվ ի հավելումն այս ամենի, զարմանալի է, որ հոդվածագիրը «հրապարակել» է թվեր, որոնք, ինչպես վկայակոչում է Թումանյանի տարածքային զինկոմիսարը, «հրապարակման ենթակա չեն», եւ դրա իրավունքը միայն մեր պետության ռազմական կառույցի՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական կոլեգիան ունի։ Հոդվածում չգիտես որտեղից վերցված թվեր են բերվել, որոնք իրականության հետ ոչ մի առնչություն չունեն։ Ուռճացված այդ թվերը ժխտվում են «Մեծն Տիգրան Թումանյան» ԲԲԸ-ի տնօրեն Վ. Մելիքսեթյանի գրությամբ. «Ալավերդու համաբուժարանի վերանորոգում» օբյեկտը, որի պատվիրատուն Լոռու մարզպետարանի քաղաքաշինության բաժինն է, 1999 թվականի ապրիլին կայացած տենդերում հաղթող է ճանաչել մեր կազմակերպությանը։ 1999 թվականի մայիսի 17-ին 49265400 դրամով կազմվել է պայմանագիր եւ սկսվել են շինարարական աշխատանքները։ 1999 թվականին պլանավորվել է ընդհանուր գումարից մոտ 25 մլն դրամ եւ կատարվել։ 2000թ. օբյեկտը չի պլանավորվել, պլանավորվել է 2001թ. երկրորդ կեսին՝ 20 մլն գումարով, որը վճարվել է 2001թ. դեկտեմբերին։ 4265000 դրամը պլանավորվել է 2002 թվականին, շինարարությունը մոտենում է ավարտին»։ Հոդվածում բերված անհիմն մեղադրանքները հերքելու մի փաստարկ եւս՝ մեջբերում ՀՀ էներգետիկայի նախարարության «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Թումանյան իրացնող եւ շահագործող» մասնաճյուղի տնօրեն Մ. Փիրուզյանի՝ վերոհիշյալ հոդվածի առիթով տրված պատասխանից. «Վերջերս Զորավար Անդրանիկի 325 բ շենքում կատարվել է սխեմայի փոփոխություն, շենքի շքամուտքից հանվել են հաշվիչների արկղերը, տեղադրվել են հենասյուների վրա եւ պարզապես բացառվում են լարանցումները վերը նշված շենքում»։ Այստեղ էլ ցանկանում եմ ավարտել հերքումների շարանը՝ համապատասխան գրավոր հիմքերը ներկայացնելով «Առավոտի» խմբագրություն։ ՍՎԵՏԼԱՆԱ ՔԱՌՅԱՆ «Ալավերդու պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի տնօրեն Հոդվածի պատասխանը տնօրենն ուշացրեց, սակայն մեկ օրում կնքել եւ Ալավերդուց բերել տվեց 5-6 փաստաթուղթ: