Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ԹԵ 3, ԱՅԼ 4 ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

Հուլիս 13,2002 00:00

ՈՉ ԹԵ 3, ԱՅԼ 4 ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Նախագահ Քոչարյանի վերջին ելույթները չափից դուրս նյարդային են եւ էմոցիոնալ: Մեկ սպառնում է իր պաշտոնանկության հարցը բարձրացնող պատգամավորների ականջը քաշել: Մեկ էլ իր իսկ նշանակած պաշտպանության նախարարին անվանում է «ռեստորանային գեներալ»: Ճիշտն ասած, իմ պատկերացմամբ երկրի առաջին դեմքն իրեն պիտի ավելի ծանր պահի: Մանավանդ որ պրն Քոչարյանը շատ լավ գիտի, թե ինչով է պատերազմի ժամանակ զբաղվել Վաղարշակ Հարությունյանը, եւ որ նրան փնովելը նշանակում է հակադրվել այն մարդկանց, որոնք այդ ընթացքում մեզ օգնել են: Նախագահի ելույթում կար եւս մի հատկանշական դրվագ. «Ընդհանրապես, երեք փաստաթուղթ կա՝ փուլային, ընդհանուր պետություն եւ քիվեսթյան տարբերակներ»: Քանի որ անհավանական է, որ Ռ. Քոչարյանը չգիտի, թե ղարաբաղյան կարգավորման քանի փաստաթուղթ կա, մնում է ենթադրել, որ նա, մեղմ ասած, անկեղծ չէ: Իրականում կա 4 փաստաթուղթ. 1/ 1997-ի փաթեթայինը, որով ԼՂՀ-ին դե ֆակտո անկախ պետության կարգավիճակ է շնորհվում: Առաջարկը մերժվել է Ադրբեջանի եւ այն ժամանակվա ՀՀ վարչապետ Ռ. Քոչարյանի ճնշմամբ՝ ԼՂՀ-ի կողմից: 2/ Փուլային, որով կարգավիճակը չի կանխորոշվում: 3/ «Ընդհանուր պետություն», որը արտաքուստ նման է 97- փաթեթայինին, բայց որտեղ ԼՀՂ անկախ պետության ատրիբուտները զգալիորեն թուլացված են եւ ամենակարեւորը՝ հատուկ նկատառումներով ճշտված չէ Լաչինի կարգավիճակը: 4/ «Քիվեսթյան տարբերակ», որտեղ այդ հատուկ նկատառումները ի հայտ են գալիս, որովհետեւ այդ տարբերակով Լաչինի եւ Մեղրիի կարգավիճակների միջեւ սիմետրիա է ստեղծվում: Ինչո՞ւ է նախագահը նշում 3, ոչ թե 4 փաստաթուղթ՝ «մոռանալով» 97-ի փաթեթային տարբերակը: Հավանաբար, այն պատճառով, որ այսօր հասկացել է՝ այդ տարբերակը եղած եւ հնարավոր փաստաթղթերից մեզ համար ամենաշահեկանն էր եւ ինչ էլ նա ստորագրի՝ դրանից լավը չի լինելու: Բայց հավելենք նաեւ՝ եթե հետագայում Ռ. Քոչարյանը հաշտության որեւէ պայմանագիր ստորագրի, այն կլինի ավելի վատը, քան թվարկած 4 տարբերակները: Իսկ ամենավտանգավորը կլինի, եթե պրն Քոչարյանը շարունակի եւս 5 տարի պաշտոնավարել եւ փորձի չստորագրել որեւէ փաստաթուղթ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել