Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՒՇԵՂ ՍԱՂԱԹԵԼՅԱՆՆ ԱՍԱՑ ԻՐ «ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ»

Հուլիս 13,2002 00:00

ՄՈՒՇԵՂ ՍԱՂԱԹԵԼՅԱՆՆ ԱՍԱՑ ԻՐ «ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ» Վերաքննիչ դատարանում երեկ ավարտվեց ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դատարավարությունը: Դատարանը լսելով վերջինիս եւ նրա պաշտպան Ռոբերտ Գրիգորյանի պաշտպանական, պետական մեղադրող Կորյուն Փիլոյանի մեղադրական ճառերը, Մուշեղ Սաղաթելյանի «Վերջին խոսքից» հետո հայտարարեց, թե դատաքննությունն ավարտված է, եւ դատարանն անցնում է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու: Առայժմ հայտնի չէ, թե ե՞րբ այն կհրապարակվի, բայց, դատելով վերաքննիչում տեղի ունեցած «դատաքննության» արագ տեմպերից, պետք է ենթադրել, որ ի տարբերություն առաջին ատյանի, այս անգամ դատավճռին երկար սպասեցնել չեն տա: Ասում ենք՝ «դատաքննություն», որովհետեւ, այն, ըստ էության, առաջին ատյանի դատավարությանը՝ բովանդակային իմաստով եւ ըստ էության, ոչինչ չավելացրեց: Դատարանը մեկը մյուսի ետեւից մերժեց փաստաբան Ռ.Գրիգորյանի մի քանի միջնորդություններ, ըստ էության, հենց այն պատճառով, որ դրանք լրացուցիչ ժամանակ էին պահանջելու եւ հետաձգելու էին Մ.Սաղաթելյանի դատավճիռը: Դատարանը դրանք աննպատակահարմար համարեց: Այդպես էլ չդատակոչվեցին գործի համար կարեւոր վկաներ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը, զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Թե ինչո՞ւ դատարանը խուսափեց հիշատակված 2 պաշտոնյաներին հրավիրել դատարան, եթե դա կարող էր անգամ միայն տեսականորեն փարատել այն կասկածները, որոնք իբրեւ հաստատված մեղադրանք ներկայացվում են Մ.Սաղաթելյանին՝ մնում է միայն ենթադրել՝ հաշվի առնելով Հայաստանում տիրող եւ իշխանություններից կախման մեջ լինելու, նրանց քծնելու համատարած եւ արատավոր «խասյաթը»: Ընդհանուր առմամբ, վերաքննիչի դատաքննությունից ստացած մեր տպավորությամբ, դատարանն այնքան էլ հակված չէր խորամուխ լինել քրգործի հանգամանքների, ապացույցների ձեռքբերման օրինականության, դրանց հաստատված լինել-չլինելու, Մ.Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքների օբյեկտիվության մեջ: Սպասել, որ վերաքննիչը կփոխի առաջին ատյանի դատավճիռը՝ անիմաստ է: Ամենայն հավանականությամբ, առավելագույնն, ինչ կարելի է ակնկալել վերաքննիչից՝ մեղադրանքների կոսմետիկ փոփոխություններն են՝ հոդվածներ փոխել կամ ինչ-ինչ հոդվածներ նախաքննությանն ուղարկել՝ միաժամանակ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի՝ 7 տարի ազատազրկման դատավճիռը: Հիմնավորվա՞ծ ապացույցներ Մ.Սաղաթելյանը իր պաշտպանական ճառում հանգամանալից ու համոզիչ անդրադարձավ պետական մեղադրողի մեղադրական ճառին: Իսկ այդ ճառում դատախազ Կ.Փիլոյանը կրկնեց հին երգը՝ մեղադրանքները, ինչպես՝ նախաքննության, այնպես էլ՝ առաջին ատյանում հաստատված ու ապացուցված համարելու մասին՝ երբեմն շփոթելով իրավական նորմերն ու իրավաբանությունը, օրենսդրության պահանջը իշխանությունների կամարտահայտության եւ Մ.Սաղաթելյանին ցանկացած գնով ազատազրկելու բուռն ցանկության հետ: Նա մասնավորապես անդրադարձավ «կեղծ դիպլոմի» դրվագին եւ ասաց, թե այդ դրվագով ինքը «կեղծ դիպլոմը» Մ.Սաղաթելյանի հրահանգով գործերին կցելը եւ առաջխաղացման համար օգտագործելն ապացուցող առավել քան բազմաթիվ ապացույցներ ունի: Իսկ այդպիսիք պրն դատախազը հիշատակեց. «Նախ այն, որ Մ.Սաղաթելյանն, իրոք, բուհ չի ավարտել եւ չի ստացել այդ դիպլոմը, ինչն ամբաստանյալն ինքն է ընդունել: Գործում առկա է կեղծ դիպլոմի պատճեն, որը կցված է եղել ամբաստանյալի անձնական գործին: Հարցաքննվել են վկաներ, ովքեր ցուցմունք տվեցին, որ ամբաստանյալը դիպլոմի պատճենը տվել է իրենց, իրենք ներկայացրել են կադրերի բաժին, եւ այն համապատասխան նշումով կցվել է անձնական գործին»: Հիշեցնենք, որ Մ.Սաղաթելյանը պնդել էր, թե ինքը որեւէ մեկին նման բնույթի հանձնարարություն չի տվել, որ դա ավելի ուշ եւ հետին թվով եւ առանց իր գիտության է կցվել իր գործերին: Հետո դատախազը փորձեց տրամաբանել՝ եթե Մ.Սաղաթելյանը 86-87 ուստարում ընդունվել է ինստիտուտ եւ 92-ին նշել, թե սովորում է 5-րդ կուրսում՝ ուրեմն դիպլոմն էլ կեղծած կլինի: Սա է այն փաստարկը, որի մեջ պատճառահետեւանքային կապ տեսնելով՝ մեղադրողն ապացուցված է համարում Մ.Սաղաթելյանի մեղքը, նաեւ այն, որ ՆԳՆ մեկ-երկու աշխատակիցներ 2-3 անգամ դատախազությունում ցուցմունքներ տալուց եւ մեղադրանքի այդ դրվագը չհիշելուց հետո, գլխավոր դատախազի հանձնարարականով եւ գերատեսչական մարմինների ճնշման տակ հենց դատախազությունում վկային վկայի հետ առերեսելուց հետո համատեղ ջանքերով մի կերպ հիշել էին եւ հաստատել այն, ինչ հաջողությամբ մեջբերում էր դատախազը դատաքննության ողջ ընթացքում: Առարկելով փաստաբանի այն դիտողությանը, որ քրգործում ոչ միայն խնդրո առարկա «կեղծ դիպլոմը» չկա, այլեւ՝ դրա «պատճենը» չի կարող իսկական համարվել, եթե այն նոտարական կարգով վավերացված չէ, դատախազը շատ վստահ տոնով հայտարարեց, թե հանրապետությունում սահմանված է կարգ, որով անձնական գործին կցվում է դիպլոմի պատճեն եւ օրենսդրությամբ, նորմատիվ կամ ենթանորմատիվ ակտով սահմանված չէ, թե այդ պատճենն ինչպիսին պետք է լինի, կամ, որ պետք է վավերացված լինի նոտարական կարգով: Նա այդ դրվագով մեղքը հիմնավորված համարեց: Ինչ վերաբերում է Մ.Սաղաթելյանի ազգականի կեղծ դիպլոմի պատճենին: Մեղադրողն իր ճառն այնպես կառուցեց, որից պարզ դարձավ, որ, Մ.Սաղաթելյանն, իբր, ինքն է իր ազգականին ՆԳ համակարգ ընդունվելու համար միջնորդագիրը գրել, թեեւ ամբաստանյալը բազմիցս պնդել էր, որ ինքը ստորագրել է միայն պատրաստի տեքստի տակ եւ լիազորություն չի ունեցել նայել, ստուգել ու տեսնել, թե իր ազգականի դիպլոմի պատճենը կեղծ է, թե ոչ: «Դուք ի՞նչ փաստաթղթերի ստուգմամբ պարզեցիք, որ նա ունի բարձրագույն կրթություն»,-Մ.Սաղաթելյանին դիմելով՝ իրենն էր պնդում պրն Փիլոյանը: Վերջինս անդրադարձավ նաեւ դատապարտյալ Գ.Արզումանյանին առնչվող դրվագին եւ վկայակոչելով «Ուղղիչ-աշխատանքային օրենսդրությունը» պնդեց, թե Մ.Սաղաթելյանը իշխանազանցություն է թույլ տվել, երբ Գ.Արզումանյանին գաղութից մի քանի օրով տեղափոխել է Երեւան: Մեղադրողը շատ բարկացած էր, որ Մ.Սաղաթելյանը փորձել էր դատապարտյալի միջոցով գտնել «27»-ին վերաբերող ինչ-որ «կասետ». «Եվ էս կասետի գաղափարը ներկայացվում է ամբողջ հանրապետությունում, մամուլով եւ հեռուստատեսությամբ՝ որպես հանրապետության նախագահին եւ պաշտպանության նախարարին կասկածելու հիմք»: Կ.Փիլոյանն անդրադարձավ նաեւ 95-ին գնդապետներին եւ 96-ին ԱԺ-ն գրոհողներին ծեծի ենթարկելու դրվագներին: Նա բնական համարեց, որ փաստաբանն այդ մասով ապացույցները չի վերլուծում, ըստ նրա, այն պատճառով, որ ոչինչ չունի ասելու: Մինչդեռ փաստաբանը բազմիցս է պնդել, որ այդ ապացույցները վերլուծելով՝ ինքն ակամա ընդունելու եւ օրինականացնելու է օրենսդրության կոպիտ խախտումներով եւ «նոր ի հայտ եկած հանգամանքների» բացակայության պարագայում մի քանի տարի առաջ կարճված գործերի վերանայման փաստը: Դատախազն իր ճառում հաստատված համարեց նաեւ «27»-ի գործով նախկին ամբաստանյալ Մ.Մկրտչյանին, իբր, ծեծելու համար Մ.Սաղաթելյանին առաջադրված ինչպես այդ, այնպես էլ՝ «ակնհայտ սուտ մատնության» մեղադրանքները: Նա միջնորդեց փաստաբանի բողոքը թողնել առանց բավարարման: «Արդար դատեք, որ չդատվեք» Մ.Սաղաթելյանն իր պաշտպանական խոսքը սկսեց «կեղծ դիպլոմից. «Նախ՝ անձնական գործը գաղտնի է, վրան գրված՝ գաղտնի: Ոչ նախաքննությամբ, ոչ դատաքննությամբ չպարզվեց այն անձը, որը վարել է իմ անձնական՝ ծառայական գաղտնիություն պարունակող, գործը: Իսկ ես դատարանին հայտնում եմ, որ այդ մարդը ՆԳՆ-ին շատ հայտնի անձ է եւ նա մտածված չի ներկայացվել, որովհետեւ նա գիտի իրականությունը. երբ է այդ կեղծ պատճենը գրանցվել իմ անձնական գործում, ինչպես: Ինչո՞ւ չի պարզվում անձնական գործում արձանագրություն կազմած անձը: Հարգելի պետական մեղադրողն ասում է, թե ոչ մի օրենքով ամրագրված չի, թե որն է համարվում փաստաթուղթ, եւ ինչ կարգով է տրվում համապատասխան մարմնին, որ հնարավոր լինի տարբերել իսկականը կեղծից: Եթե կանոնակարգում չլինի՝ բոլորը բոլորին կարող են խաբել կեղծ թղթեր ներկայացնելով: Կա այդպիսի կանոնակարգ»,- հայտարարեց Մ.Սաղաթելյանը եւ օրինակ բերեց իր ազգական Հ.Մարտիրոսյանին առնչվող դրվագը: Նա հայտարարեց. «Ես իմ ֆունկցիոնալ պարտականություններով պատասխանատու չեմ Հ.Մարտիրոսյանի կեղծ դիպլոմը ժամանակին չհայտնաբերելու համար: Եթե դատելու լինեք, պետք է դատեք Շիրակի մարզի ՆԳԲ Կադրերի բաժնի պետին: Դա նրա ֆունկցիոնալ պարտականությունն էր: Ես ՔՊԻՎ պետ եմ եղել: Պահանջեք, կարդացեք նրա պարտականությունները: Եթե իմ միջնորդագիրը Հ.Մարտիրոսյանին գործի ընդունելու համար դեր է խաղացել, եթե դա ստորագրելով խախտած լինեմ իմ պարտականությունները՝ դատապարտեք ինձ: Բայց չի կարելի ասել, թե իմ հորեղբոր որդին է՝ պետք է իմանայի, թե նա ինչ կրթություն է ունեցել: Գարիկ Արզումանյանի մասով. ինչպե՞ս բացատրեմ՝ չգիտեմ: Ես «27»-ի գործով նախաքննական մարմնին օգնելու նպատակ եմ ունեցել միայն: Եթե իմ այդ արարքը հանցագործություն է, ինչո՞ւ այդ ժամանակահատվածում որեւէ պետական պաշտոնյա չի արձանագրել դա: Պետական մեղադրողն ասում է՝ խախտվել է «Ուղղիչ-աշխատանքային օրենսգիրքը»: Այդ դեպքում օրենքի ո՞ր կետն եմ խախտել: Դե, ասեք: Ո՞ր կետը, որով ես՝ ՔՊԻՎ պետս, իրավունք չունեմ դատավճիռն օրինական ուժի մեջ մտած դատապարտյալին տեղափոխել ՔՊԻՎ՝ պահպանելով նրա՝ կալանավորի, կարգավիճակը: Ոչ մի օրենք էլ չեմ խախտել: Այդ օրենքում նման արգելք չկա, հակառակ դեպքում՝ ինչո՞ւ գործում չկա ՀՀ Գլխավոր դատախազության Վերահսկողության վարչության այն 12 անդամների արձանագրությունը, որ ես խախտել եմ այս օրենքի այս կետը: Ո՞վ չգիտի, որ նախաքննության մարմինը կարող է ինչ-ինչ սահմաններ անցնելով՝ ցուցմունքներ ձեռք բերել: Տվեք ինձ հնարավորություն, իշխանություն՝ հազար հատ ցուցմունք բերեմ ձեր դեմ: Բայց ահաբեկելով, շանտաժով, կաշառելով ձեռք բերված ցուցմունքները իրավական հի՞մք են: Իմ նկատմամբ քրգործերը օրենքի խախտումներով են հարուցվել: «Գնդապետների», 96-ի դեպքերի գործով այդ նույն անձինք դեռ այն ժամանակ են գրել, որ Մուշեղն ինձ ծեծել է: Այդ մասով քրգործը կարճվել է: Այսօր ինձ դատապարտում են այդ ծեծի համար: Դա արդա՞ր է»,- հարցրեց Մ.Սաղաթելյանը՝ հիշեցնելով, որ վաղուց կարճված այդ գործում նոր ի հայտ եկած հանգամանք չկա, որով կարող էր վերսկսվել գործի քննությունը: «Ասեք՝ ո՞ր օրենքով եք արել, գնամ 7 տարի նստեմ՝ հերն էլ անիծած: Բայց թքել օրենքի վրա՝ դա էլ ճիշտ չի, չէ՞»: Միսակ Մկրտչյանին, իբր, ծեծելու մասով հիշեցրեց. «27»-ի դատաքննությունը սկսվելուց մոտ 1-2 ամիս անց դատարանին հանձնվեց կասկածյալներին եւ մեղադրյալներին՝ նրանց ծեծելու վերաբերյալ, բողոքների հիման վրա քրեական գործի նյութերը, որոնք մերժվել էին եւ հայտարարվել էր, որ նրանց ոչ ոք չէր ծեծել: Դրանց մեջ մտնում էր նաեւ Մ.Մկրտչյանը: Ես խնդրում եմ «27»-ի գործով դատարանից պահանջեք ճշտել՝ եղե՞լ է ծեծելու փաստ, թե՞ ոչ»: Մ.Սաղաթելյանը մատնանշեց նաեւ այն ցուցմունքները, որոնք հերքել են Մ.Սաղաթելյանի մասնակցությունը այս կամ այն դրվագով նրան առաջադրված մեղադրանքում, բայց անտեսվել, դատավճռում տեղ չեն գտել եւ իր օգտին չեն մեկնաբանվել: Նա եւս մեկ անգամ պնդեց, որ դատախազությունը նյութեր է հավաքել, քրգործ հարուցել ոչ թե փաստերի առնչությամբ, այլ՝ հենց Մ.Սաղաթելյան անձի դեմ եւ նրան դատապարտելու դիտավորությամբ: «Զորոյանի դրվագով. խնդրեմ՝ եղել են 60 հոգի, հարցաքննվել է 7-8 հոգի: Ինչո՞ւ մնացածներին չեն հարցաքննել: Գլխավոր վկա՝ Հայկ Հարությունյան. չի կանչվում ոչ նախաքննության, ոչ դատաքննության ընթացքում: Թող գա- խոսի: Գեներալ է. եթե ասի, որ արել եմ, ես կասեմ՝ արել եմ: Ընտրում են՝ ում դատակոչել, ում չէ: Այդպես չի լինում, չէ՞»,- հայտարարեց Մ.Սաղաթելյանը: Նա նաեւ խոսեց «ակնհայտ սուտ մատնություն» մեղադրանքի մասին եւ զարմանք հայտնեց, թե ինչու գործակալի ասածը հիմք է ընդունվում, իսկ իր՝ «պետության համար քրտինք թափած» մարդու, ասածները՝ ոչ: «Ասում են՝ դու նախագահի հասցեին բան ես ասել,- եզրակացրեց Մ.Սաղաթելյանը եւ ավելացրեց:- Ես խոսքս ուղղում եմ դատարանին, եթե Հայաստանն ուզում է դառնալ իրավական պետություն եւ արդարադատություն հաստատել, ամեն ինչ հաշվի առեք, պարզաբանեք եւ նոր միայն որոշում ընդունեք: Առաջին ատյանի դատարանի դատավճիռը մի կրկնեք: Կարելի ոչ թե 7, այլ 10 տարի տալ, բայց ոչ այդ հիմքերով»,- իր խոսքն ավարտեց Մ.Սաղաթելյանը եւ իր «Վերջին խոսքում» էլ ընդամենն ասաց՝ «Արդար դատեք, որ չդատվեք»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել