Յավլինսկին գոհ է Պուտինի արտաքին քաղաքականությունից Իսկ Հայաստանի ընդդիմությունը, բնականաբար, դժգոհ է ՀՀ իշխանությունների կողմից տարվող արտաքին քաղաքականությունից (եթե կարելի է քաղաքականություն կոչել այդ հախուռն ու չկանոնակարգված գործողությունները)։ Ի դեպ, Յավլինսկին միշտ եւ ամեն ինչից դժգոհ է, սակայն այս պարագայում դժգոհելու առիթ իսկապես չկա։ Ավարտական փուլին է մոտենում ռուսական Կասպից նավատորմի զինավարժությունների նախապատրաստումը։ Զինավարժություններ, որոնք Պուտինը խոստացել էր մի քանի ամիս առաջ, մի անգամ եւս ցույց տալով, որ ռուսական նախագահի մոտ «րսՏՉՏ վպ ՐՈրւՏՊՌՑր255 ր ՊպսՏՎ»։ Միաժամանակ, անցյալ շաբաթ Ղազախստանի ծովափնյա քաղաքում հավաքվեցին բոլոր շահագրգիռ պետությունների ղեկավարները՝ քննարկելու Կասպից ծովի բաժանման եւ գազային կոնսորցիումի ձեւավորման խնդիրները։ Բոլորը՝ բացառությամբ Թուրքմենստանի նախագահ Նիյազովի։ Պատճառները հիմնականում երկուսն են։ Առաջինը՝ Թուրքմենստանը համաձայն չէ Կասպից ծովի բաժանման այն սկզբունքի հետ, որի շուրջ արդեն համաձայնության են եկել Ռուսաստանը, Ղազախստանը եւ Ադրբեջանը։ Երկրորդը՝ Նիյազովը դժգոհ է Ռուսաստանի մենաշնորհից Թուրքմենստանի գազի տեղափոխման հարցում։ Թուրքմենբաշին ուզում է մի այլընտրանքային գազատար կառուցել Աֆղանստանի տարածքով, հույս դնելով ամերիկյան ներդրումների վրա։ Բայց այս նախագիծը քիչ հավանական է թվում, քանի որ Աֆղանստանը դեռ երկար ժամանակ անկայուն կլինի, իսկ ԱՄՆ-ն այսօր չի ուզենա հարաբերությունները փչացնել Ռուսաստանի հետ։ Դրա վառ վկայությունն է այն, որ օրերս Նովոռոսիյսկից Հյուսթոն (ԱՄՆ) ժամանեց ռուսական նավթով լի մի հսկայական տանկեր, իսկ մինչեւ տարվա վերջ սպասվում է եւս 6-ի ընդունումը ԱՄՆ-ում։ ԱՄՆ-ն լուծում է երկու խնդիր՝ լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ թուլացնում «նավթային կախվածությունը» արաբական եւ լատինամերիկյան երկրներից։ Ամերիկյան նավթամշակման գործարանները հարմարեցված չեն ռուսական նավթի համար, սակայն ԱՄՆ-ի համար դա երեւի մեծ խնդիր չէ։ Ուստի շատ հավանական է, որ մոտակա տարիներին Թուրքմենստանը ստիպված կլինի հաշտվել ռուսական մենաշնորհի հետ եւ մասնակցել ՌԴ-ի կողմից նախաձեռնած գազային կոնսորցիումին։ Իսկ ի՞նչ նորություն կա հայկական արտաքին քաղաքականության ոլորտում։ Հայկական պատվիրակության թողտվության պայմաններում ադրբեջանցիները կարողացան տարածել որպես Եվրոպայի Խորհրդի Պառլամենտական ասամբլեայում (ԵԽՊԱ) պաշտոնական փաստաթուղթ՝ երկու նախագիծ, որից մեկում խոսվում է Հայաստանի եւ Ղարաբաղի տարածքում ահաբեկչության մասին, իսկ մյուսում՝ Ղարաբաղի տարածքում պատմական հուշարձանների եւ գերեզմանոցների ոչնչացման մասին։ Վտանգավոր փաստաթղթեր են, իհարկե, բայց մյուս կողմից էլ չպետք է գերագնահատել նրանց նշանակությունը եւ խուճապի մեջ ընկնել։ Պետք չէ ընդհանրապես լուրջ ընդունել ԵԽՊԱ-ի որեւէ փաստաթուղթ կամ պահանջ՝ լինի դա կապված մահապատժի վերացման, թե զինակոչի անցկացման կարգի հետ։ Անհոգ եղեք, պարոնայք, Հայաստանին երբեք չեն զրկի ԵԽՊԱ-ի անդամակցությունից, քանզի ընդունել են Ադրբեջանի հետ միասին եւ միասին միայն կարող են հեռացնել։ Իսկ դա շատ քիչ է հավանական։ Սակայն աշխատել պետք է, պարոնայք-ընկերներ Հովհաննիսյան- Ռոստոմյաններ։ Կպատասխանեն. «Իսկ մենք աշխատում ենք, մեծ ջանքերի շնորհիվ հասել ենք նրան, որ Ղարաբաղից տեղահանված ադրբեջանցիները ստանան ոչ թե «փախստականի», այլ «պարտադրված գաղթականի» կարգավիճակ»։ Դա ճիշտ է, բայց ոչինչ, որ այդ որոշումը ոչ թե մեր, այլ ադրբեջանցիների օգտին է։ Չէ՞ որ ըստ միջազգային օրենսդրության, փախստական են համարվում մի երկրից մյուսը տեղահանված անձինք։ Իսկ «պարտադրված գաղթականները» նրանք են, ովքեր ստիպված են եղել տեղափոխվել նույն երկրի ներսում։ Ուստի վերոնշյալ որոշումը ոչ ուղղակիորեն ամրագրում է Ղարաբաղի՝ Ադրբեջանին պատկանելության փաստը։ Ահա թե ինչի կարող է բերել ոչ միայն արտաքին քաղաքականության հայեցակարգի, այլեւ անգամ արտաքին քաղաքականության կարեւորագույն հարցերում առաջնությունների հստակեցման եւ արտաքին հարցերով զբաղվող ատյանների կոորդինացման իսպառ բացակայությունը։ Հիրավի, երբ Աստված ուզում է պատժել մարդուն՝ խլում է բանականությունը։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ ԳիԱրՔՄի խորհրդի նախագահ