ՀԱՈՒ-Ն ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԶՈՀԱԲԵՐՎՈՒՄ Է Արդեն մոտ երեք շաբաթ բացվել է բելգիական VG ավիաընկերության A 330 ինքնաթիռով Երեւան-Բելգիա-Լոս Անջելես չվերթը։ Նկատենք, որ VG-ն նորաստեղծ մասնավոր ավիաընկերություն է, որը ստեղծվել է «Սաբինա» ավիաընկերության սնանկացման հիմքի վրա։ Այս չվերթի մասին ՔԱԳՎ պետ Հովհաննես Երիցյանը դեռ ամիսներ առաջ լեգենդներ էր պատմում։ Այնինչ, մինչ այս չվերթի բացելը, նա կատարեց իր մութ գործի PR-ը։ Փակվեց Երեւան-Ամստերդամ-Երեւան ՀԱՈՒ-ի չվերթը։ Ավիատորները սկզբում, այս չվերթի փակման ժամանակ անհանգստացան, սակայն չէին սպասում, թե այս գործընթացը կշարունակվի, ավելին, որ Հովհաննես Երիցյանը իր առջեւ խնդիր ունի դրած։ Երեւան-Ամստերդամ-Երեւան չվերթը ՀԱՈՒ-ի ամենակարեւոր եւ եկամտաբեր չվերթն էր, որը որոշակիորեն լուծում էր ՀԱՈՒ-ի ֆինանսական ճեղքվածքների խնդիրը։ ՔԱԳՎ եւ ՀԱՈՒ իշխանությունները այս չվերթի փակումը պատճառաբանեցին տեխնիկական պատճառներով՝ TCAS-ի բացակայությամբ եւ այլն, բայց, միեւնույն է, այն ընդունվեց որպես ավիացիոն իշխանությունների անփութություն եւ ապաշնորհություն։ Այժմ, երբ ավիացիոն աշխարհում խուճապ է առաջացրել այն, որ Հովհաննես Երիցյանի թեթեւ ձեռքով շուտով կփակվի նաեւ Ֆրանկֆուրտի չվերթը, ակնհայտ է դառնում, որ իրականում ՔԱԳՎ-ն եւ ՀԱՈՒ-ի իշխանությունները նպատակ ունեն բելգիական մասնավոր, նորաստեղծ ավիաընկերության համար շուկա բացել։ Հուլիսի 2-ին VG-ի առաջին չվերթն էր. այն կատարվում է շաբաթական 2 անգամ հաճախականությամբ։ ՀԱՈՒ բոլոր ուղեւորներին, փաստորեն, մեքենայաբար տեղափոխում են VG-ի չվերթի վրա։ Մեր պետական շուկան, պետական գումարները ուղղակիորեն նվիրաբերվում է ինչ-որ նորաստեղծ բելգիական ավիաընկերության։ ՀԱՈՒ-ի գրպանի փողերը հոսում եւ այսուհետեւ էլ հոսելու են դուրս։ «Ավստրիական ավիաուղիների» դեմ դեռ 1998-99թթ. «պատերազմ» եղավ, մեր ավիացիոն իշխանությունները չէին ուզում թույլ տալ, որ այդպիսի հզոր մի ընկերությունը ներխուժի մեր շուկա, որպեսզի մեր շուկան վերջնականապես կուլ չգնար, իսկ Երիցյանն այսօր ամեն ինչ գործադրում է եւ ամենայն հանգստությամբ վաճառում է տարիներով ստեղծված, ձեռք բերված փոքրիկ շուկան։ Եվ ՀԱՈՒ-ն որեւէ փոխհատուցում չի ստանա։ Մեր տվյալներով, Երիցյանը ՀՀ նախագահին զեկուցել է, իբր Ֆրանկֆուրտում 400 հազար դոլար պարտք է կուտակվել եւ չվերթը փակելով՝ կարելի է խնդիրը լուծել։ Եվ հիմա էլ ՀՀ իշխանությունները, հնարամիտ Երիցյանը լծված են հասարակական կարծիք ստեղծելու գործին, թե ինչ լավ չվերթ են բացել, պարտքերը փակելու ինչ լավ ու հեշտ ձեւ են գտել… Իշխանամետ լրատվամիջոցներից մեկը այս չվերթի բացման ժամանակ հայտարարել էր, թե ՀԱՈՒ-ն յուրաքանչյուր չվերթից որպես եկամուտ ունենալու է 30-35 հազար դոլար։ Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, սա բացարձակ սուտ է, եթե ոչ, ապա թող հրապարակեն, թե արդեն կատարված 4-5 չվերթից ՀԱՈՒ-ն քանի կոպեկ եկամուտ է ունեցել։ Ավիատորները վաղուց արդեն գիտեն, որ ՀԱՈՒ-ն մեռած օրգանիզմ է, սակայն զայրացած են, երբ հերթն արդեն հասնում է պետական շուկան ու պետական ունեցվածքը քամուն տալուն։ Նկատենք, որ հայ օդաչուները վերջնականապես կզրկվեն թռչելուց։ Եթե Երիցյանը եւ երկրի բարձրադիր իշխանությունները այս տեմպերով շարունակեն ՀԱՈՒ-ի «փրկությունը», թերեւս հաջորդը կփակվի Փարիզի չվերթը ու ժողովրդին փայտով կքշեն դեպի Բրյուսել։ Հայտնի է, որ որեւէ ընկերություն աչքի է ընկնում ոչ գույքային իրավունքներով՝ իր բոլոր լիցենզիաներով, բոլոր չվերթային իրավունքներով, եւ այսօր ազգային ավիաընկերության քիչ թե շատ ձեռքբերումը, ֆինանսական կարեւորագույն աղբյուր եւ ստրատեգիական նշանակություն ունեցող չվերթերը «ափաշկարա» նվիրաբերվում է ինչ-որ մի VG-ի։ Այս ամենը՝ առանց որեւէ պահանջի եւ փոխհատուցման՝ VG-ի չվերթը լցնելու, VG-ն ծաղկեցնելու փառավոր նպատակով։ Եվրոպա մեկնող ուղեւորը ստիպված կլինի Բրյուսելով տեղափոխվել։ Եվ այս որոշումը կայացրել է ՔԱԳՎ կոլեգիան եւ ոչ թե ՀԱՈՒ-ն։ Դժվար է ասել, թե որքան է շարունակվելու այս խեղկատակությունը, եւ որքան է դեռ Երիցյանը այդտեղ մնալու։ Նման գործունեություն ծավալող պաշտոնյային ոչ թե պետք է պաշտոնից հեռացնել, այլ խստագույնս պատասխանատվության ենթարկել։ Այժմ էլ Երիցյանը այդ չվերթով մեկնել է ԱՄՆ՝ ավիատոմսերի մի քանի գործակալների հետ պայմանավորվելու, որպեսզի սատարեն այս չվերթին։ ՀԱՈՒ-ի չվերթերը փրկելու փոխարեն Երիցյանը՝ ՀՀ ՔԱԳՎ պետը, լծվել է բելգիական VG մասնավոր ավիաընկերության չվերթերը ծաղկեցնելու գործին։ Իսկ երբեւէ Ֆրեյդի հայ կոլեգայիկ Հովհաննես Պավլովիչը ջանք գործադրե՞լ է ՀԱՈՒ-ի չվերթերը չփակելու, փրկելու ուղղությամբ։ Երկու ամսվա մեջ արագ-արագ բելգիական չվերթ են բացում ու հիմա էլ անձամբ զբաղվում է այդ ընկերության ոչ միայն PR-ով, այլ նաեւ մենեջմենթով՝ զոհաբերելով ՀԱՈՒ-ի պարտքերի նվազեցմանը նպաստող կարեւորագույն չվերթերը։ Այժմ Հայաստանում բացվել է VG-AA ընկերությունը, որը ստորագրել է VG-ի հետ պայմանագիրը եւ զբաղվում է տոմսերի վաճառքով։ Այս անպատժելիությունն ու Երիցյանի ամենաթողությունը, բնականաբար, ինքնագլուխ չէ, այլ երկրի իշխանությունների հովանավորությամբ է։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ Նկարներում՝ 1. Հովհաննես Երիցյանի՝ Այգեստանի դղյակը։ 2. Բլուր կոչվող թաղամասում (Մերգելյան ինստիտուտի մոտակայքում), Սեպուհի փողոցում գտնվող նրա մեկ այլ տունը, որը վարձակալության է տրված։