Նոր դամոկլյան սուր ԶԼՄ-ների գլխին Երբ «ԶԼՄ-ների մասին» կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը սուր քննադատության ենթարկվեց զանգվածային լրատվամիջոցների եւ լրագրողական ամենատարբեր միավորումների ու ակումբների կողմից, նաեւ ԵԽ փորձագետները բացասաբար անդրադարձան դրան, իշխանությունները ստիպված եղան օրինագիծը շրջանառությունից հանել: Համենայնդեպս, այսօր այդ նախագծի ընդունման մասին ավելի քիչ է խոսվում: Միեւնույն ժամանակ, ինչպես եւ պետք էր ենթադրել, առավել եւս՝ առաջիկա ընտրությունների, Ղարաբաղի հիմնախնդրի հնարավոր կարգավորման նախաշեմին ու, այդ համատեքստում, Մեղրիի տարբերակի շուրջ կրքերի բորբոքման պայմաններում, իշխանությունները չէին կարող չմտածել հասարակությանն այդ գործընթացներից հեռու պահելու կամ դրանց մասին միայն պաշտոնական տեղեկատվությամբ լրատվական դաշտը փակելու ուղղությամբ: Եվ ահա, ինչպես հայտնի դարձավ կառավարամերձ շրջանակներից, խորհրդարանի աշնանային նստաշրջանի քննարկմանն առաջարկվող մի օրինագիծ է մշակվում՝ «Քրեադատավարական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», որն, ըստ էության, ԶԼՄ-ների գլխին կախված նույն դամոկլյան սուրն է, ինչ փորձ էր արվում վերջիններիս պարտադրել «ԶԼՄ-ների մասին» արդարադատության նախարարության մշակած տխրահռչակ օրինագծով: Իսկ Քրդատօրենսգրքում առաջարկվող հիշյալ 7 փոփոխություններից մեկն ուղղակիորեն առնչվում է ԶԼՄ-ներին եւ, ի դեպ, հակասում «Մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» գործող օրենքին: Մասնավորապես մշակվող օրինագծով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել Քրդատօրենսգրքի 179 հոդվածի՝ «Լրատվության միջոցների հաղորդումները», 2-րդ կետում: Օրենսգրքի գործող տարբերակում հիշյալ հոդվածի այդ կետն ընդամենն արձանագրում է, որ «հանցագործությունների մասին հաղորդումներ հրապարակած կամ ըստ պատկանելության ուղարկած լրատվության միջոցները, ինչպես նաեւ՝ այդ հաղորդումների հեղինակները պարտավոր են հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի պահանջով ներկայացնել հանցագործության մասին հաղորդումը հաստատող՝ իրենց մոտ եղած նյութերը»: Իսկ ահա առաջարկվելիք նախագծով հիշյալ պարբերությունն ամբողջապես եւ ըստ էության է փոխարինվել նորով, ըստ որի՝ «Հանցագործությունների մասին հաղորդում հրապարակած կամ տարածած լրատվական միջոցների պաշտոնատար անձը պարտավոր է հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի պահանջով ներկայացնել հանցագործության մասին հաղորդումը հաստատող իր մոտ եղած փաստաթղթերը եւ այլ նյութերը, ինչպես նաեւ՝ հայտնել տվյալներ հաղորդումը տրամադրած անձի մասին»: Կարծում ենք, հասկանալի է, որ դա ոչ այլ ինչ է, քան պարտադրանք, որ լրատվամիջոցը, լրագրողը մինչեւ անգամ՝ իր արծարծած հաղորդման հիման վրա նյութերի հավաքումը, քրգործի հարուցումը, քրգործը դատարան մտցնելը պարզապես հետաքննական մարմնի, քննիչի կամ դատախազի առաջին իսկ ահազանգով պետք է վազի վերջիններիս մոտ՝ հայտնելու, բացահայտելու իր աղբյուրը: Փաստորեն նոր նախագծով իշխանություններն իրենց անհաճո հրապարակման հեղինակին բացահայտելու, նրա վրա ճնշումներ գործադրելու փայլուն հնարավորություն են ստեղծում իրենց համար, որը կարող է կենսագործվել արդարադատությանը կոչված մարմինների կողմից: Իսկ ահա թե ինչ է ասում «Մամուլի եւ ԶԼՄ-ների մասին» գործող օրենքի հոդված 25-ը՝ «Խմբագրության գաղտնիքը». «Մամուլը եւ զանգվածային լրատվության մյուս միջոցները պարտավոր չեն նշել լրատվության աղբյուրը եւ իրավունք չունեն հրապարակելու լրատվությունը ներկայացրած անձի անունը՝ առանց նրա համաձայնության: Խմբագրությունը կամ լրագրողը պարտավոր են հայտնել լրատվության աղբյուրը միայն իրավապահ մարմինների պահանջով, եթե դա անհրաժեշտ է դատավարության համար»: Ի դեպ, ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վ.Դալլաքյանի հետ օրերս ունեցած մեր զրույցի ժամանակ վերջինս պատրաստակամություն հայտնեց նման օրինագիծը ԱԺ-ում շրջանառվելու դեպքում լսել նաեւ լրագրողների դիտողություններն ու առաջարկությունները: Հարկ է նշել, որ այն քննարկելիս ԶԼՄ-ները պետք է ուշադիր լինեն, որովհետեւ այն ընդունվելու դեպքում իշխանությունները «ԶԼՄ-ների մասին» օրենքի հետ համապատասխանեցնելու հարց կառաջադրեն: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ