Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎԻ ԴԱՍԵՐԸ

Հուլիս 13,2002 00:00

ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎԻ ԴԱՍԵՐԸ «Ես շատ քիչ գիտեմ Հայաստանը եւ որեւէ հավակնություն չունեմ: Ես իմ ակնարկը կանվանեի «Հայկական պատրանքներ», եթե այն արդեն վերնագրած չլինեի: Սիրով եմ պատկերել ու իդեալական եմ պատկերել ինձ համար օտար երկիրը: Ախր, չէ որ ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանն եմ ես սիրում: Ամեն դեպքում, եթե ես նորից ծնվեի, եթե ես հայ ծնվեի քո հողի վրա, ես քեզ՝ հայրենիքս, խենթի պես կսիրեի»: ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎ, 1969թ., «Հայաստանի դասերը» գրքից Մայիս ամսին «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Արմեն Դուլյանին տված հարցազրույցում Անդրեյ Բիտովը հիմնականում անդրադարձել է «Հայաստանի դասերը» իր գրքին եւ մանրամասնել բավական ուշագրավ դրվագներ, որոնց թերեւս տեղյակ չեն շատերը: 1960-ականների վերջին Անդրեյ Բիտովը, որն այն ժամանակ ընթերցողին այնքան էլ հայտնի չէր, ու իշխանություններին հայտնի էր իր անհնազանդությամբ, ուզում էր գրել Ճապոնիայի մասին: Սակայն իր նման անհնազանդ գրողներին այն տարիներին այդքան էլ հեշտ Ճապոնիա չէին թողնում եւ զուտ այդ պատճառով Բիտովը եկավ Հայաստան ու գրեց ոչ թե «Ճապոնիայի դասերը», այլ՝ «Հայաստանի դասերը» գիրքը: Մինչ Հայաստան գալն ու Հայաստանի մասին գիրք գրելու գաղափարի ի հայտ գալը, Բիտովը Լենինգրադի գրական խմբակներից մեկում ծանոթացել է գրող Հրանտ Մաթեւոսյանի հետ: Անդրեյ Բիտովը խոստովանում է, որ Հրանտ Մաթեւոսյանն էր, որը մեծ դերակատարում ունեցավ իր ստեղծագործական ճակատագրում ու «կանխորոշեց» «Հայաստանի դասերը» գրքի ծնունդը: Գրքում Բիտովի ներկայացրած Հայաստանը բավական բարի է: Դա խիստ զարմանալի է, քանի որ ոչ բոլոր դեպքերում է, երբ որեւէ ազգի մասին ռուս որեւէ գրողի գրածն այդ ազգին դուր է եկել: Օրինակ, երբ Վիկտոր Աստաֆեւը Վրաստանի մասին գրեց, դրանից հետո վրացի գրողները, ի նշան բողոքի, ցուցադրաբար լքել էին սովետական գրողների Մոսկվայում կայացած համագումարներից մեկը: Ինչեւէ, անդրադառնանք «Հայաստանի դասերին»: Օրինակ, Բիտովն ընդունում է, որ հայերն էլ իրենց յուրահատկություններն ունեն եւ դրանցից առանձնացրել է հայերի փակվածությունը, կղզիացվածությունը: Իսկ բացի այս «յուրահատկություններից», Հայաստանում Բիտովը նաեւ շատ ծիծաղելի բաներ է լսել: Օրինակ, իբր Նապոլեոնը հայ է կամ Լեոնարդո դա Վինչին գմբեթ կառուցելը հայերից է սովորել: «Դրա վրա, սակայն, կարելի էր հենց ծիծաղել, բայց տպագրել չէիր կարող»,- ասում է Անդրեյ Բիտովը՝ ակնարկելով, թե ինչու հայերի «յուրահատկությունների» շարքը նկարագրելիս այն չի համալրել դրանով: «Կար նաեւ գրաքննության խնդիրը»,- հարցազրույցում նշում է Անդրեյ Բիտովը եւ հիշում, թե ինչպես էր գրքի լուսընծայման ժամանակ Հայաստանի մշակույթի նախարարը հատուկ գործուղվել Մոսկվա՝ թոթոփելու Երեւանի այն ժամանակվա քաղաքապետի մտահոգությունը, թե՝ արդյոք լավ լույսով է երեւալու Երեւանը Բիտովի գրքում: Իսկ Բիտովի համար ամենակարեւորը ոչ թե «լավ լույսով» երեւալու խնդիրն էր, այլ ոգին, որով նա պատկերել էր Հայաստանը: «Ինձ համար ամենակարեւորը ոգին է, ոչ թե ճիշտը: Իսկ ոգով ես ճշմարիտ էի»,- հարցազրույցում շեշտում է Անդրեյ Բիտովը: 1969 թվականից մինչ օրս Բիտովի «Հայաստանի դասերը» գիրքը մեծ հետաքրքրություն է առաջացնում տարբեր երկրներում, բայց ոչ Հայաստանում: Օրինակ Գերմանիայում այն վերահրատարակել են մի քանի անգամ եւ տարբեր թարգմանություններով: Իսկ Անդրեյ Բիտովը մինչ այժմ էլ 1969 թվականին գրված գրքի համար նոր վերջաբաններ է ավելացնում, ինչին հայերը թերեւս տեղյակ էլ չեն: «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի՝ «Մտադրություն չկա՞ արդյոք նոր գիրք գրել եւ այն կոչել «Հայաստանի նոր դասերը» հարցին, Անդրեյ Բիտովը կիսակատակ պատասխանում է. «Շատ չի՞ լինի», այնուհետեւ ավելացնում է. «Այդպիսի բաները մեկ անգամ են արվում»: Իսկ երբ հրատարակվեց այդ գիրքը, ինչպես նշում է Անդրեյ Բիտովը, մնացած հանրապետությունների ներկայացուցիչներն էլ սկսեցին խնդրել գրել իրենց մասին, ինչից Բիտովը հրաժարվել էր. «Ասում էի, կներեք, հայերը ավելի լավը չեն, բայց դա մեկ անգամ է արվում, ես չեմ կարող դա անել»: Այնուհետեւ Բիտովը, որը երբեք պատվեր չի կատարել, խոստովանում է, որ այդ գրքի ստեղծման դեպքում «կար որեւէ սոցիալական պատվեր», որը տվյալ պարագայում ի նպաստ հայերի ու Հայաստանի էր: Լրագրողի դիտարկմանը, թե Սովետական Միության փլուզումը մեծ դեր խաղաց գրողների ստեղծագործական ճակատագրում, որից հետո գրողները լռեցին եւ դադարեցին գրել՝ մատնանշելով Հրանտ Մաթեւոսյանին, Անդրեյ Բիտովը հակադարձում է. «Երբ գրողը գրում է, ոչ ոք չի տեսնում: Իսկ եթե նա չի տպագրվում, դա արդեն այլ բան է: Եվ սխալ է ասել, թե նա չի գրում»: Անդրեյ Բիտովը մատնանշում է այնպիսի դեպքեր, երբ գրողը դադարում է գրել, երբ մտնում է քաղաքականություն: Մինչ Հայաստանի օրինակներին անցնելը, նա մեջբերում է չեխական մի տարբերակ, երբ գրող Վացլավ Հավելը դարձավ նախագահ: Իսկ որպես հայաստանյան տարբերակ, հատկապես ընդգծեց Վանո Սիրադեղյանին, որին անձամբ ծանոթ չի եղել ու նրան գիտի միայն այնքանով, որքանով լսել է. «Ասում են, որ նա շատ տաղանդավոր գրող էր: Իսկ լավ նախագահներ, լավ ՆԳ նախարարներ չեն լինում»: Անդրադառնալով Վանո Սիրադեղյանի ներկայիս կարգավիճակին, Բիտովը հաստատակամ նշում է. «Դեռ հայտնի չէ, թե ով է ում բացահայտելու մի քանի տարի հետո: Այն, որ Սիրադեղյանին Ինտերպոլն է փնտրում, ինձ համար մեծ նշանակություն չունի. ի՞նչ երաշխիք, որ վաղը Ինտերպոլը չի փնտրելու նրանց, ովքեր այսօր Ինտերպոլով փնտրում են Վանո Սիրադեղյանին»: Իսկ իր նկատմամբ իրականացված հալածանքները, ինչպես Բիտովն է նշում, մեղմ են եղել. «Արտասահման չեն թողել, չեն հրատարակել»: Ամփոփենք: Բիտովն արդեն «Հայաստանի դասերը» գրքին 7 նոր վերջաբան է գրել եւ զարմացած է. մի՞թե Հայաստանում ոչ ոք դրանով հետաքրքրված չէ: Գրքի վերահրատարակման որեւէ առաջարկ Բիտովը չի ստացել Հայաստանից, ինչը գրողը պատճառաբանում է հետեւյալ կերպ. «Դա վերադարձ է Սովետական Միություն կամ էլ ասիականություն: Ոչինչ չեն անում իրենք իրենց համար ու միայն բողոքում են»: Իսկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի վերջում Անդրեյ Բիտովը հայաստանցիներին դիմել է այսպես. «Մի ասեք, որ երեկ լավ էր: Հիշեք, թե ինչ վատ էր երեկ: Ապրեք համբերությամբ, որը սովորել եք սերունդներից: Եթե ողջ ու առողջ եք, եթե անելու բան ունեք, մեծացնելու երեխաներ ունեք, դրանով էլ զբաղվեք: Ամեն մարդ կարող է մարդավարի ապրել: Իսկ եթե սպասեք, թե վերեւից ինչ-որ բան կգա, դա էլ հենց ստրկությունն է: Համբերող եղեք»: Պատրաստեց ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ www.taregir.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել