Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչինչ պետք չէ բացառել»

Հուլիս 13,2002 00:00

«Ոչինչ պետք չէ բացառել» Ասում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ՀՅԴ Բյուրոն Երեւանում երկու օր շարունակ սեմինար է անցկացնում՝ «Դաշնակցության ընկերվարական գործը Հայաստանում» ընդհանուր թեմայով։ Բազմազան էին ելույթները, եւ տարբեր էին կարծիքները, սակայն մի բան չափազանց ակնհայտ էր՝ սոցիալիստական գաղափարախոսության կրող ազգային կուսակցությունը միանշանակ դեմ էր արտահայտվում ԱՄՆ-ի եւ հրեաների հասցեին։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ լրագրողների մի քանի հարցերի պատասխանելով, մասնավորապես ասաց, որ սեմինարի առանձնահատկությունը հետեւյալն է. «Մենք գտնում ենք, որ արդեն ժամանակն է, որ կարողանանք ավելի շեշտել մեր ընկերվարական գործը Հայաստանում, ավելի կայուն եւ ծրագրավորված աշխատանքի վերածել հասարակության իրավազուրկ շերտերի շահերի պաշտպանության գործը։ Մենք միշտ էլ այդ համոզումներն ունեցել ենք եւ անցած տարիների ընթացքում հաճախ զանազան առիթներով համանման կեցվածքներ ցուցաբերել ենք, բայց գտնում ենք, այսօր այդքանն անբավարար է եւ ավելի պետք է շեշտվի մեր ա՛յդ տեսակ գործունեությունը։ Որովհետեւ գտնում ենք, որ բեւեռացումը հասարակության տարբեր շերտերի մեջ այն չափերի է հասել, որը պետք է որ մտահոգի, եւ պետք է որ կանխվի այս բեւեռացման անզուսպ ընթացքը»։ Այդ «կանխումը» Հրանտ Մարգարյանը տեսնում է «տնտեսության արդյունքների ճիշտ սոցիալական թեքումով բաժանման մեջ»։ Արդյո՞ք Դաշնակցության սոցիալիստական, սոցիալական, տնտեսական եւ այլ հիմնախնդիրներ շոշափող սեմինարը պայմանավորված չէ նրանով, որ նախընտրական շրջանը չափազանց մոտ է, եւ կուսակցությունը խնդիր ունի ժողովրդին կրկին հիշեցնել իր մասին։ Հրանտ Մարգարյանը համաձայն չէ այս հարցադրմանը, նա «մի քիչ ծիծաղելի» համարեց այն, որ ՀՅԴ-ն սոցիալիստական գործունեություն ծավալելով, կուզեր կամ կարող էր ընտրվել. «Մենք ուղղակի, հասկանալի պատճառներով մասամբ հետ էինք մնացել այս գործունեությունից, որը այսօր, կրկնում եմ, պետք է շեշտել։ Եթե զուր ընտրապայքարի խնդիր ունենայինք, մենք գիտաժողովի փոխարեն միտինգ կհրավիրեինք։ Իսկ սա լուրջ գիտաժողով է, որն ավելի շատ ունի ներկուսակցական բնույթ եւ էություն»։ Սեմինարում իր ելույթներից մեկի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, ի շարս այլ մտքերի, ասաց նաեւ՝ եթե պետք լինի, Դաշնակցությունը կդառնա ընդդիմություն։ Մենք խնդրեցինք, որ այս միտքը ընկեր Հրանտը մեկնաբանի. «Այո, եթե Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերը պահանջեն, ոչ մի բան չկա, որ մեզ կանխի։ Բայց, կարծում եմ, Վահանի արտահայտությունն ավելի ճիշտ հասկանալու համար պետք է տեսնել այն ի պատասխան ուրիշների, որովհետեւ նախկին ելույթ ունեցողն ընդդիմության բնույթը հասկանում էր մեր հակաօսմանական, հակաթրքական պայքարի, հակացարիզմի դեմ ունեցած մեր պայքարի հետ, որը, կարծում եմ, թյուրիմացություն է, որովհետեւ ես չեմ կարողանում պատկերացնել, որ Հայաստանի մեջ կարելի է պայքարել իշխանության դեմ այնպես, ինչպես ժամանակին մենք կամ ուրիշները պայքարել ենք թուրքական կամ ցարական իշխանության դեմ»։ «Առավոտի» հարցին՝ հնարավո՞ր է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ՀՅԴ-ն հանդես գա առանձին թեկնածուով, Հրանտ Մարգարյանը պատասխանեց. «Ինչո՞ւ չէ, ոչինչ պետք չէ բացառել»։ Իսկ հնարավո՞ր է, որ Դաշնակցությունը նախագահական ընտրություններում պաշտպանի սոցիալիստական գաղափարների կրող որեւէ այլ թեկնածուի. «Նախորդ, 1998 թվականին, երբ մենք նախագահին պաշտպանեցինք, շատ կարճ ժամանակ հետո մենք հայտարարեցինք, որ տնտեսական այն քաղաքականությունը, որին հետամուտ է այս նախագահը եւ նախորդ իշխանությունների տնտեսական քաղաքականության շարունակությունն է, բնականաբար, ի՛ր նրբերանգներով եւ մանր տարբերություններով, որոնք տեղ-տեղ կարեւոր են, բայց, այնուամենայնիվ, մեր կողմից ընդունելի չի։ Մենք դա հայտարարել ենք, եւ դա նորություն չի։ Ուղղակի իրավիճակը մեր պայքարի տարբեր բնագավառների մեջ տարբեր շեշտադրումներ է դնում։ Կա մի պահ, որ դու կարծում ես, թե սոցիալական պայքարն է որ պիտի շեշտվի, մեկ այլ պահի մեջ տեսնում ես, որ երկրի կայունությունն է գլխավոր հարցը համարվում, մեկ այլ պահի՝ Ղարաբաղի պայքարը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. ՀՅԴ սեմինարի ընթացքում եղան ելույթներ, որոնց արժե անդրադառնալ մեկ այլ առիթով, մասնավորապես՝ Էդուարդ Հովհաննիսյանի ելույթը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել