Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՅԱՐԴԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ»

Հուլիս 13,2002 00:00

«ՆՅԱՐԴԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ» Որ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատը երեկ պիտի մերժեր «Նոյյան Տապանի» հայցը՝ թերեւս ոչ ոք չէր կասկածում։ Բայց որ դա պիտի տեղի ունենար մարդկանց նախապես նվաստացնելու գնով՝ արդեն չափազանց էր։ Վճռաբեկ դատարանի այս պալատը հունիսի 28-ին գրավոր ծանուցմամբ տեղեկացրել էր «Նոյյան Տապանին», որ հուլիսի 12-ին ժամը 11-ին «քննության է նշանակվել քաղաքացիական գործն ըստ դիմումի «Նոյյան Տապան» ընկերության՝ ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթը եւ մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջի մասին»։ Եվ նշանակված ժամին ներկայանալով՝ հեռուստաընկերության ներկայացուցիչները վճռաբեկ դատարանի դահլիճը գտել էին լեփ-լեցուն նույնպիսի հայցվորներով, որոնց էլ, ըստ ամենայնի, նույն ծանուցագիրն էր ուղարկվել, թե իրենց գործի քննությունը ժամը 11-ին է։ Ինչպես հետո պարզեցինք, երեկ Քաղաքացիական եւ տնտեսական պալատի օրակարգում կար 85 գործ։ «Մինչեւ 7-8-ը այստեղ ենք»,- ասաց պալատի նախագահ Արման Մկրտումյանը, որը եւս 5 դատավորների հետ այդ 85 գործերը, հաստատված ավանդույթի համաձայն, լսում էր հետեւյալ հերթականությամբ. նախ՝ հեռավոր շրջաններից եկածներին, հետո՝ կանանց նախապատվություն տալով, հետո նոր… Այս պայմաններում օրինաչափ էր այն հարցը, որ նախագահողին ուղղեց հեռուստաընկերության ներկայացուցիչը։ Պատմում է «Նոյյան Տապանի» գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանը. «Ցավոք, մեր փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն այլ դատարանում քրեական դատ ուներ նշանակված։ Բնական է, որ նա առաջին հերթին հետաքրքրվեց, թե մոտավորապես երբ է քննվելու «Նոյյան Տապանի» գործը, չնայած մեր փաստաթղթում հստակ նշված էր, որ ժամը 11-ին հենց մեր դատն է։ Լիպարիտ Սիմոնյանը հանդես եկավ միջնորդությամբ, որ դատավորը հստակ նշի ժամը, որպեսզի ինքը կարողանա կարգավորել մյուս դատի հարցերը՝ փորձի հետաձգել կամ չհետաձգել։ Արման Մկրտումյանը նախ բացատրեց իրենց ավանդույթը եւ ասաց, թե այնքան պիտի սպասենք, մինչեւ՝ մյուս գործերը կվերջանան ու նոր կքննենք ձերը։ Լիպարիտ Սիմոնյանն ասաց, թե ինքը խնդիր ունի եւ ուզում է հստակ իմանալ գոնե մոտավոր ժամը։ Բայց դրանից հետո Արման Մկրտումյանը պահանջեց մեր փաստաբանին դուրս հրավիրել դահլիճից։ Չնայած ինքն էր ձայն տվել Լիպարիտ Սիմոնյանին, նա խոսում էր ամբիոնից, եւ էթիկայի որեւէ խախտում չի եղել։ Սրանից հետեւում է, որ փաստորեն հիմա ուղղակի հնարավորություն չունենք մեր շահերը պաշտպանելու՝ այն փաստաբանը, որ մեր շահերը պետք է ներկայացներ դատարանում՝ դուրս է հրավիրված նիստից։ Իրավաբան չեմ եւ չեմ կարող որակել կատարվածը, բայց իմ կարծիքով, սա ինքնիրավչություն եւ դիմացինին չհարգելու ակնհայտ դրսեւորում է»։ «Նոյյան Տապանի» ներկայացուցիչները վիրավորված նույնպես լքեցին դահլիճը։ Եվ մնացինք միայն լրագրողներս, որ անհամբեր սպասում էինք, թե այնուամենայնիվ ինչ ընթացք կունենա այս դատավարությունը։ Ոմանք կարողացան 3 ժամ դիմանալ, ոմանք՝ 4… Դիմանալը հեշտ չէր։ Շոգից եւ մարդկանց առատությունից թթվածնի ակնհայտ պակաս էր զգացվում։ Տանջում էր ծարավը։ Ստիպված էինք հետաձգել գործնական բոլոր ժամադրությունները, ընդ որում՝ առանց տեղեկացնելու դրանց մասին, քանզի պրն Մկրտումյանը խստիվ պատվիրել էր անջատել հեռախոսները։ Ընդհանրապես, իրեն շատ կոպիտ էր պահում։ Իր 5 րոպեանոց դատաքննությունների ընթացքում բամբ ձայնով որոտում էր. «Ո՞վ եք դուք», «Ելույթ ունենալո՞ւ եք։ «Այո» կամ «ոչ» պատասխանեք։ «Այո» կամ «ոչ»՝ ձեզ ասում եմ»։ Այս ամենին ներկա չլինելու եւ տիկին Վարդանուշի հողային պահանջով կամ այլոց գործերով հիշողությունն ավելորդ չծանրաբեռնելու հնար չկար՝ ամեն րոպե կարող էր սկսվել հետաքրքրող գործի քննությունը։ «Նոյյան Տապանի» դիմումի քննությունը սկսվեց հայտարարվածից 5 ժամ անց։ Արման Մկրտումյանը խիստ զարմացավ, որ հեռուստաընկերության ներկայացուցիչները հեռացել են, եւ արդարացավ, որ ինքն ուղղակի ի վիճակի չէ նախապես ասել, թե որ գործը երբ է լսվելու եւ որքան կտեւի։ Ի դեպ, Ազգային հանձնաժողովի փաստաբաններն էլ էին մի քանի անգամ փորձել պարզել քննության ժամը։ Անգամ փորձել էին ապարդյուն օգտագործել այն հանգամանքը, որ հանձնաժողովի 3 ներկայացուցիչներից 2-ը կին են։ Ինչեւէ, «Նոյյան Տապանի» հայցը լսվեց եւ մերժվեց առանց հեռուստաընկերության ներկայացուցիչների։ Թեկուզ եւ ներկա լինեին։ Պալատի նախագահը մեկ այլ առիթով բացատրել էր այն յուրահատկությունները, թե իրենց նիստերը չեն արձանագրվում, կողմերի ելույթները որեւէ նշանակություն չունեն, գործը քննվում է միայն տվյալ դիմումի շրջանակներում՝ մեկ ամսվա ուսումնասիրությունից հետո։ Ուրեմն ավելի հե՞շտ չէր լինի մարդկանց ուղղակի գրավոր որոշում տրամադրել իրենց հայցի ելքի վերաբերյալ՝ մի քանի ժամ գործից, տնից-տեղից կտրելու եւ լարված սպասման մեջ պահելու փոխարեն։ Կարելի էր նաեւ որոշակի ժամեր սահմանել։ Ասենք՝ 11-13-ը՝ հեռավոր մարզերի բնակիչների համար, 13-15-ը՝ կանանց նախապատվություն տալու, իսկ 15-17-ը՝ այլ գործերին։ Եթե, իհարկե, «27»-ի դատավարության պատճառով վճռաբեկ դատարանը շարունակելու է գերծանրաբեռնված աշխատել, եւ մի դատավորն օրվա մեջ 85 անգամ մտնելու է խորհրդակցական սենյակ։ Սակայն ներկայացնենք իրավաբանի՝ Հայ փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանի մեկնաբանությունը երեկ կատարվածին. «Միջնորդությունը պատշաճ ձեւով էր ներկայացված, փաստաբանի խնդրանքը շատ նորմալ էր ու տրամաբանական, եւ դատավորն ուղղակի չարաշահեց իր լիազորությունները։ Հիմա հարց է առաջանում. արդյոք չէ՞ր կարող նախագահողը հանգիստ բացատրել, որ քննությունը կլինի այս ժամին կամ օրվա երկրորդ կեսին։ Պարզապես գուցե այս 3 դատերի ընթացքում նրանց մոտ նյարդային համակարգի խանգարում եղավ։ Ջղերը տեղի են տալիս մարդկանց, ուստի նման մոտեցում են հանդես բերում դատարանում»։ Հիշեցնենք, որ մինչեւ «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» հայցերի քննությունն այս պալատում՝ «Առավոտին» տված հարցազրույցում Տիգրան Տեր-Եսայանը դրվատանքով էր խոսել Արման Մկրտումյանի մասին, բնութագրելով նրան որպես բարձր կարգի իրավաբան. իսկ ի՞նչ կասի այժմ. «Ես ցավում եմ, որ վճռաբեկ դատարանում մեր փաստաբանների եւ Արման Մկրտումյանի միջեւ զրույցը չընթացավ իրավունքի շրջանակներում, այլ (ոչ մեր մեղքով) ընթացավ անձնական էմոցիաների, հավակնությունների եւ ֆուտբոլային խոսակցությունների հունով։ Իրավական երկխոսությունը մղվեց երկրորդ պլան։ Շատ եմ ցավում։ Այդ հարցին դեռ կանդրադառնանք, միությունը կհայտնի իր կարծիքը։ Մենք նրա գործողություններն անպայման կբողոքարկենք նաեւ Արդարադատության խորհրդում»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել