Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուկայական բարենորոգումը»՝ կես ճանապարհին

Հուլիս 12,2002 00:00

«Շուկայական բարենորոգումը»՝ կես ճանապարհին Քաղաքակիրթ երկրների օրինակից հայտնի է, որ գնորդին սիրալիր ընդունում եւ ճանապարհում են, իսկ, առեւտուր անելու դեպքում, նույնիսկ՝ զիջում գնի հարցում։ Անշուշտ, մեր երկրում էլ կարող են սիրալիր ընդունել (եւ ընդունում են), սակայն որոշ դեպքերում այդ սիրալիրությունը մի փոքր այլ «իմաստ» ունի։ Օրինակ, եթե գնորդը ցանկանում է տեղեկանալ ապրանքի գնին, որը ոչ մի տեղ գրված չի տեսնում, որեւէ «սիրալիր» վաճառող կարող է հայտնել այն եւ առաջարկել մանրամասն ուսումնասիրության ենթարկել եւ նույնիսկ՝ չափուձեւել։ Բայց ապրանքը չգնելու դեպքում կարող է արժանանալ վաճառողի կշտամբանքին. «Միանգամից ասեիր, որ առնող չես»։ Ոչ սիրալիրը «էն գլխից» է հարցնում. «Առնո՞ղ ես»։ Ոչ սիրալիրը կարող է նաեւ ծառայություն համարել այն, որ ինքը «մեծահոգաբար» հայտնում է ապրանքի գինը. սա՝ այն դեպքում, երբ վաճառողը հարեւան սալոնում կիսատ է թողել իր զրույցը եւ «հարկադրված» եկել՝ գնորդին սպասարկելու։ Ի դեպ, լուրջ թերություն է այն, որ վաճառողները կարող են տեղեկություն չունենալ վաճառվող ապրանքի ծագման, եթե հագուստ է՝ դրանց չափերի մասին։ Հագուստների վրա այժմ արաբական թվանշանների փոխարեն հռոմեական թվանշաններ են՝ չափեր մատնանշող։ Վաճառողներից շատերն այնքան են անտեղյակ այս բնագավառից, որ մի գնորդի՝ «Այս զգեստը ի՞նչ չափի է» հարցին, օրինակ, մի վաճառող կեսկատակ պատասխանեց. «Ով հագնի՝ նրա»։ Լավագույն դեպքում, եթե 100%-ով համոզվում են, որ գնորդն «առնող» է, կարող են առաջարկել փորձել այն։ Այնքան էլ խրախուսելի չէ, երբ առաջարկվում է բացել-նայել կանացի հագուստի ամենանուրբ պարագան։ Ողբերգա-զավեշտական վիճակ է ստեղծվում այն ժամանակ, երբ կանացի հիգիենային վերաբերող «ինտիմ» պարագաները, ներքնազգեստները տղամարդիկ են վաճառում։ Իսկ ինչպիսի՞ն է վիճակը մթերային առեւտրի բնագավառում։ «Չէի՞ք ասի, պահածոների պարունակությունը աղացա՞ծ է, թե՞ շոգեխաշած»,- հարցնում է գնորդը։ «Չգիտեմ,- մռայլ պատասխանում է վաճառողն ու ավելացնում,- չեմ կերել»։ Երբեմն էլ նկատվում է մի հետաքրքիր «օրինաչափություն»։ Խանութ մտած որեւէ գնորդի, դեռեւս շունչը տեղը չբերած, կարող են անմիջապես «Էստի համեցեքի» նման «հարձակման» ենթարկել. «Ասեք, տեսնենք ի՞նչ եք ուզում»։ Եվ, ընդհակառակը, գնորդը կարող է գումարը ձեռքին կանգնած սպասել, թե ե՞րբ պետք է, ի վերջո, մթերավաճառը կտրվի աշխույժ զրույցից եւ ուշադրություն դարձնի իրեն։ Այս եւ այլ կարգի դիտարկումները ցույց են տալիս, որ «շուկայական բարենորոգումները» դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու։ Ճիշտ է, այժմ անցել են «բողոքի գիրք» պահանջելու ժամանակները, բայց դա չի նշանակում, թե սպասարկման որակը բարելավվել է։ Գ. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել