Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԵՊՈՐՏԱԺ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԻ «ԱՌՋԵՎԻՑ»

Հուլիս 12,2002 00:00

ՌԵՊՈՐՏԱԺ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԻ «ԱՌՋԵՎԻՑ» Եզրահատեց աշխարհի առաջնությունը Մայիսի 30-ից հունիսի 30-ը տեղի ունեցավ ֆուտբոլի աշխարհի 17-րդ առաջնությունը: Հայ ֆուտբոլասերներիս համար խաղերի հեռարձակումը ապահովել էին Հանրային հեռուստատեսությունը (15 խաղ) եւ «Արմենիա» հեռուստաընկերությունը (25 խաղ): 62-ից՝ 40-ը: Եվ քանի որ, ինչպես կասեր Հակոբ Ռուբինյանը՝ լավագույնները դաշտում են, դուք, այսինքն՝ մենք՝ վատ(ագույնն)երս, հեռուստացույցերի առջեւ, հնարավոր է՝ կլինեն մարդիկ, ովքեր հեռուստացույց չեն ունեցել եւ զրկվել են այդ մեծ հաճույքից: Ուստի մեր տեսածով ու լսածով փորձենք մեկնաբանել որոշ դրվագներ հեռարձակված ու չհեռարձակված խաղերից: «Ֆավորիտ երկրի (որտեղ բախտ է ունեցել լինելու մեկնաբանը) ֆավորիտ թիմի (որի խաղերին բախտ է ունեցել ականատես լինել մեկնաբանը) գոլ խփելու հատկանիշով օժտված հարձակվողը բարդ իրադրությունում տիրապետելով գնդակին, դրսեւորելով բարոյահոգեբանական բարձր պատրաստականություն, կարճ ակնթարթների ընթացքում զարգացնելով հաջողությունը՝ արագություն վերցրեց եւ շրջանցելով դաշտի կենտրոնական հատվածում հասունացած սկանդալը, բարձր խաբք ցուցաբերեց, սուրաց հարձակման կրակագիծ, սրընթաց ճեղքեց հակառակորդի ֆունկցիոնալ պաշտպանությունը, երկրորդ հարկից ուժեղ գլխի հարվածով գնդակահարեց թիմի կեսին՝ աշխարհի լավագույն դարպասապահներից մեկին… Ափսո՜ս, շա՜տ ափսոս… Այժմ խառը իրադրություն է, գնդակը չի երեւում, հավանաբար խճճվել է դարպասի ձախ անկյան սարդոստայնում: Մինչ իրադրությունը կպարզվի, ու գնդակն էլ կհայտնաբերվի, տեղեկացնում եմ, հարգելի ֆուտբոլասերներ, որ գնդակը պատրաստել է «adidas» հանրահայտ ֆիրման, որը առաջացրել է տարբեր կարծիքներ. որոշ հեղինակավոր ֆուտբոլիստներ գտնում են, որ շատ սիրուն ու կլոր է, ոմանք էլ (օրինակ, աշխարհի արդեն 5-ակի չեմպիոն բրազիլացիներն ու որոշ դարպասապահներ), թե՝ մեծ է ու թեթեւ: Վերադառնանք խաղադաշտ: Այնտեղ դեռ խուճապ է, խառը իրադրություն, մրցավարը չի տիրապետում իրադրությանը, դարպասի մոտ է վազում եզրայինն ու ֆավորիտ թիմի մարզիչը: Այնտեղ վիճվում են…Չորրորդ մրցավարը հրմշտելով դաշտից դուրս է հանում մարզիչին: Ի դեպ ասեմ, որ հաղթանակի դեպքում մարզիչի բրոնզաձույլ արձանը դրվելու է երկրի մայրաքաղաքի՝ իր անունը կրող հրապարակում: Ինչպիսի՜ պատիվ ֆուտբոլի աշխարհում; Դե ինչ, հարգելի ֆուտբոլասերներ, պարզվում է՝ պաշտպանի կատարմամբ գրանցվում է ավտոգոլ: Արդեն երրորդը՝ ընթացիկ խաղաշրջանում: Այոո՜…Տեսնես FIFA-ն ավտոգոլը պաշտպանի՞, թե՞ ֆավորիտ հարձակվողի հաշվին է գրանցելու: Բոլոր դեպքերում երկուսն էլ հեղինակ են աննախադեպ գոլի… Տրիբունաներում ալեկոծություն է: Արվեստի աստիճանի հասած պճնամոլ հանդիսականը դժգոհ է, այո, դժգոհ է մրցավարներից: Սխալ են, սխա՛լ են վարում խաղերը դատավորները (մջմտ՝ մրցավարները), հատկապես Էկվադոր եւ Կոլումբիա երկրները ներկայացնողները: Ինչե՜ր ասես չեն կատարվում ֆուտբոլային այս մարաթոնի ժամանակ: Հարգելի բարեկամնե՛ր, խաղը վերսկսված է: Այժմ դուք կտեսնեք, թե խաղը փրկելու համար ինչպիսի բարձր խաղ, բարձր վարպետություն է ցուցաբերելու պարտվող թիմը. չէ՞ որ աշխարհի նախորդ առաջնությունում նրանք ցուցաբերում էին գրագետ խաղ, գրագետ գործունեություն, տիրապետում էին գրագետ հարվածների. բնական է, քանի որ չորս տարի անընդհատ թիմի անդամները գրագիտության դասընթացներ են անցել, որոնք վարել են առաջնակարգ դասատու-մարզիչներ: Այնպես որ, հազիվ թե մեր սեւամորթ բարեկամներն այսօր հավաքեն ճամպրուկները. խաղը փրկելու շանսեր դեռ շատ կան, թեեւ խաղավարտին մնացել են հաշվված րոպեներ: Ներեցեք, հարգելի բռնցքամարտասերներ (մջմտ՝ ֆուտբոլասերներ), հենց նոր մեր ռեժիսորը հայտնեց, որ ստուդիան հոսանքազրկվելու է. հայցում ենք ձեր ներողամտությունը: Մենք ձեզ հետ հեռուստացույցի առջեւ դեռ կհանդիպենք 2006 թվականի աշխարհի 18-րդ առաջնության ժամանակ: Համբերություն ձեզ…»։ Ծաղկաքաղ172«ռեպորտաժը» վարեց ՌԱՖԱՅԵԼ ԵՐՎԱՆԴՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031