Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ է գալու սեպտեմբերը

Հուլիս 12,2002 00:00

Երբ է գալու սեպտեմբերը Առայժմ ոչ մի թանգարանում շինարարները հստակ չգիտեն, թե «Մշակույթ» ԾԻԳ-ը որ փուլում կլուծի իրենց ֆինանսական հարցերը, այն դեպքում, երբ վերջինս էլ հավաստիացնում է, թե դա կլինի մոտ ապագայում։ Չարենցի տուն-թանգարանում էլ նույն վիճակն է։ Տնօրեն Լիլիթ Հակոբյանը գոհ է կատարված շինարարական աշխատանքների որակից եւ շինարարների վերաբերմունքից. «Նրանք գիտեն ինչ օջախ են մտել»։ Սակայն այս թանգարանում էլ աշխատանքները դանդաղել են, եթե չասենք՝ կանգնած են։ Իսկ պատճառն անփոփոխ է՝ ֆինանսական ձգձգումները եւ կատարված աշխատանքների փաստաթղթային ձեւակերպումների քաշքշուկները «Մշակույթ» ԾԻԳ-ի մեղքով։ Լ. Հակոբյանը չի թաքցնում, որ 1934թ. կառուցված եւ անմխիթար վիճակում գտնվող այս շենքի բարեկարգման հետ կապված ինչ-ինչ խնդիրների լուծման համար երբեմն միջամտել է նախագահի աշխատակազմի ղեկավար, Լինսի ծրագրերի համակարգող Արտաշես Թումանյանը։ Ըստ Լ. Հակոբյանի, նման միջնորդության շնորհիվ արդեն փոխվել է թանգարանի մուտքային մասը եւ կատարվել որոշ աշխատանքներ, որոնք ծրագրով նախատեսված չեն եղել։ Հայտնի է, որ Չարենցի տուն -թանգարանում արդեն կատարվել է մոտ 40 մլն դրամի աշխատանք, սակայն շինարարներին վճարվել է 10%-ի չափով։ Մինչդեռ «Մշակույթ» ԾԻԳ-ի գլխավոր մասնագետ Կորյուն Արզումանյանը շարունակ հավատացնում է, որ որեւէ թանգարանում շինարարների հետ կապված պարտք ու պահանջ չկա։ Լ. Հակոբյանն էլ հավաստիացնում է, որ Չարենցի տուն-թանգարանում կատարվող աշխատանքի ծավալները բավականին մեծացել են՝ թաքնված աշխատանքների պատճառով։ «Շինարարներից դժգոհ չենք, դժգոհություն ինքը՝ շինարարն ունի,- ասում է նա,- իսկ եթե գումար չկա, աշխատանքները, բնականաբար, պիտի ձգձգվեն»։ Չարենցի տուն-թանգարանի տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ ժամանակին թանգարանում կատարված մակերեսային վերանորոգումը ամենեւին էլ «վերք չի բուժել», քանի որ շենքը ի սկզբանե պրոբլեմային էր։ Ըստ տնօրենի, նախագծային թերությունների եւ խողովակների ոչ ճիշտ միացման արդյունքում տարիներ շարունակ շենքը տուժել է խոնավությունից։ Ամենակարճատեւ անձրեւից հետո էլ շենքի նկուղային հարկը լցվել է ջրով։ Ու քանի որ այս տարին էլ անձրեւային է, Չարենցի տուն-թանգարանը տուժել է «ջրհեղեղներից»։ Սակայն միայն շինարարական անորոշությունը չէ, որ մտահոգում է Չարենցի տուն-թանգարանի տնօրենին։ «Շինարարի դուրս գալուց հետո դեռ պիտի ցուցադրության մասին էլ մտածենք, առանց որի չենք կարող ներկայանալ հանրությանը»,- կարծում է տնօրենը։ Ի դեպ, այս թանգարանում, որ իր դռները այցելուների առաջ պետք է բացեր հունիսի վերջերին, մյուսների նման, հստակ չգիտեն, թե երբ է գալու այդ բաղձալի օրը։ Հետաքրքիրն այն է, որ մեր այցելած բոլոր թանգարանների տնօրենները գոհ են մինչ այժմ կատարված շինարարական աշխատանքների որակից։ Սակայն նրանք միաբերան կարեկցում են շինարարներին։ Շինարարներն էլ հավատացնում են, որ եթե «Մշակույթ» ԾԻԳ-ը բարեխղճորեն կատարի իր բոլոր պարտավորությունները, ապա իրենք էլ չեն խախտի սահմանված ժամկետները։ Երբ «Մշակույթ» ԾԻԳ-ի գլխավոր մասնագետ Կ. Արզումանյանին տեղեկացրինք շինարարների մտահոգության մասին, վերջինս մեզ փորձեց ուրախացնել, թե «սպասեք, տեսեք սեպտեմբերին ինչ է լինելու թանգարաններում։ Հրա՜շք։ Ախր սա աննախադեպ բան է»։ Շատերն են համամիտ, որ ստեղծվել է բացառիկ հնարավորություն՝ հայրենական թանգարանները պատշաճ տեսքի բերելու առումով, սակայն այլ հարց է, թե հնարավորություններն ինչպես են ծառայեցվում նպատակին։ Փաստն այն է, որ շինարարական աշխատանքները շատ թանգարաններում առայժմ դադարեցված են, իսկ սեպտեմբերը յոթ սարի հետեւում չէ։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031