Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ

Հուլիս 12,2002 00:00

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ Հեռուստատեսության եւ ռադիոյի զարգացման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, այս երկրում ոչ մեկը ոչ մեկին չի վստահում։ «Նույնիսկ համակարգիչներն են խաբում ու տառասխալներով տպում մեր հաշվետվության տեքստերը»,- ասաց նա ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հեռուստաեթերում հասարակական երկխոսությանը նվիրված երեկվա կիսաքննարկման ժամանակ։ Թե ինչու «կիսա», պարզ կդառնա, երբ ներկայացնենք հանդիպումն ամբողջությամբ, բայց մի բան պարզ է ի սկզբանե. պարոն Իսկանդարյանի եւ «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի ջրերը մի առվով չեն հոսում։ Միասին 3 համատեղ ծրագրեր իրականացրած «դեմքերը» ողջ հանդիպման ժամանակ իրար «բզկտում» էին «թույլ տուր չհամաձայնել», «դուք թեմայից հեռանում եք», «արագացրեք, լրագրողները հեռանում են» եւ այլ «հաճոյախոսական» արտահայտություններով։ Այն, ինչ հաջողվեց քաղել այդ քննարկում-հանդիպումից, ավելի շատ զետեղված էր տպագիր հաշվետվության մեջ։ Խոսքը վերաբերում է «Եվրասիա» հիմնադրամի դրամաշնորհով մարզային 10 անկախ հեռուստաընկերություններում իրականացրած մի ծրագրի, որի նպատակն էր հեռուստատեսային երկխոսությունների («թոք-շոու») միջոցով բարձրացնել հեռուստատեսության դերը ժողովրդավարության հաստատման եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման գործընթացներում։ Հաղորդումների համար «Եվրասիան» ապահովել է անհրաժեշտ սարքավորումներ, «քչից-շատից» պատրաստել տեխնիկական եւ ստեղծագործական անձնակազմին։ Կլոր սեղանի շուրջ տարբեր թեմաներով բանավեճերն անցել են պաշտոնյաների եւ ուղիղ հեռախոսակապով միացած բնակչության մասնակցությամբ։ Սոցհարցումների արդյունքներից քաղած որոշ տվյալներ բավականին ուշագրավ են. այսպես, օրինակ, բնակիչների մեծ մասը գտնում է, որ նման բանավեճերը հերթական անպտուղ եւ անիմաստ խոսակցություններ են, ինչին համամիտ է պաշտոնյաների 6%-ը միայն։ Միաժամանակ նշենք, որ թեմայի ընտրությունից ավելի շատ գոհ են բնակիչները, իսկ իշխանավորների գոհության ամենաբարձր աստիճանը (48%) կապված է իրենց լավ ներկայացնելու հետ։ Ըստ տվյալների, 10 հեռուստաընկերություններում էլ «թոք-շոու»-ների ընթացքում եւ հետո ծեծկռտուքի հասնող ընդհարումներ չեն եղել, բայց սուր միջադեպեր եղել են, այն էլ՝ լրագրողների եւ իշխանության ներկայացուցիչների միջեւ (օրինակ՝ Շիրակի «Ցայգ»-ում)։ Դարձյալ սոցհարցումների տվյալներով, մարզային բնակչության 20%-ն ընդհանրապես չունի հեռուստացույց, 23%-ն ունի նոր, իսկ մնացածը՝ հին մոդելի հեռուստացույց, որով հնարավոր է «բռնել» միայն տեղական, շա՜տ-շատ էլ՝ Հանրային հեռուստատեսությունը։ Անդրադառնանք ոչ թե տեղական, այլ կենտրոնական ԶԼՄ-ների հետ անցկացվող հանդիպում-քննարկմանը։ Պրն Ադիբեկյանի տպավորությամբ, զանգվածային լրատվամիջոցները վաղուց արդեն չեն ծառայում իրենց իսկական դերին ու նշանակությանը։ «Մեր կյանքում ամեն ինչ զանգվածային է, մենք զանգվածային ուտում ենք նույն բանը, հագնում նույնը, օգտվում նույն տրանսպորտից, իսկ զանգվածային լրատվամիջոցները բաժանվել են ըստ կուսակցական պատկանելության եւ դուրս եկել իրար դեմ,- գնահատեց նա,- այնինչ դուք պետք է բավարարեք զանգվածի պահանջը եւ միայն մի փոքրիկ տեղ թողնեք կուսակցության տեսակետների համար։ Որեւէ ԶԼՄ չի կարող եւ իրավունք չունի լինել օպոզիցիա»։ Մի իմանայինք, թե ո՞րն է «զանգվածի պահանջը»՝ պարոն սոցիոլոգի հասկացությամբ։ Եվ եթե ընդդիմադիր լրատվամիջոցի ամենամեծ թերությունն այն է (ըստ պրն Ադիբեկյանի), որ նա իր եթերում կամ էջերում տեղ չի տալիս իշխանության բոլոր սիրեցյալ ու ոչ սիրեցյալ կողմերին հավասարապես, ապա ավելորդ չէ հիշեցնելը հարգելի բանախոսին, որ ընդդիմադիր ԶԼՄ-ում ոչ սիրեցյալ իշխանավորներն ավելի մեծ ուշադրության են արժանանում, քան սիրեցյալները։ Միգուցե հարգարժան սոցիոլոգին դուր չի գալիս, որ մեր «իշխանական սերունդը» ներկայացվում է շիփ-շիտակ, ոնց որ կա։ Ահարոն Ադիբեկյանին զարմացնում ու զայրացնում է այն իրողությունը, որ համայնքների շարքային անդամները խիստ պասիվ են իրենց կենցաղային խնդիրների լուծման գործում ու սպասում են, որ «Երեւանից կամ իրենց քաղաքապետարանից մի «ձյաձյա» գա ու լուծի իրենց տանիքի կամ վերելակի հարցը, երբ կարող են մի-մի դոլար հավաքելով էլ անձամբ հարթել սեփական պրոբլեմը»։ Թե ինչքանով դա կապ ուներ անկախ հեռուստատեսությունների կամ ԶԼՄ-ների հետ, ինքը գիտե՝ այդ մենք չենք արթնացնում քաղաքացու գիտակցություն եւ վերաբերմունք։ Ստացվում է, որ 4-րդ իշխանությունը պետք է ազգիս համոզի, որ համայնքային բյուջե մուծումներ անելու փոխարեն գումար դնեն ու լուծեն իրենց կիսատ-պռատ հարցերը, կամ՝ երկուսն էլ իրենց պարանոցի վրա է։ «Օրինակ, ինչո՞ւ ստեփանավանցիները մի անգամ չեն գալիս ցույցի, կառավարության շենքի մոտ, նրա համար, որ իրենց անտառները կտրվում են»,- մանկական միամտությամբ զարմանում է պարոն սոցիոլոգը, հեռու այն մտքից, որ անտառների պահպանությունը դրված է բնապահպանության նախարարության վրա, որն ինքն էլ չի կարողանում սեփական ու ոչ սեփական «անտառակերների» հախից գալ։ Այսպես, քննարկվող թեմայից հեռու եւ մոտիկ հարցերի շուրջ մենախոսելով, կազմակերպիչները հայացքով հատ-հատ ճանապարհեցին «ջուր ծեծելուց» հոգնած լրագրողներին։ Մի բան է զարմանալի, ինչպե՞ս են կարողացել երկխոսություններ ստեղծելու ծրագիր գլխավորել մարդիկ, որոնք չկարողացան երկխոսություն կազմակերպել իրենց ու երկխոսության սիրահար լրագրողների միջեւ։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել