Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ նպաստներով լոտո են գնում

Հուլիս 12,2002 00:00

Իսկ նպաստներով լոտո են գնում Վերջին մեկ տարվա ընթացքում Վանաձորում աղքատության նպաստների բաշխման ոլորտում առկա դժգոհություններից մեկն էլ այն էր, որ փոստային բաժանմունքներում նպաստառուներից ոմանց ազգանվան դիմաց մատիտով նշված է եղել՝ «չվճարել» (չնայած այդ մարդիկ համապատասխան միավորներ հավաքելով հաջողակ «քննություն» էին «բռնել» եւ իրավունք «նվաճել» նպաստառու կոչվելու): Կարծիքներ կային, թե դա միտումնավոր է արվում այդ համակարգը տնօրինող պաշտոնյաների կողմից, եւ, թերեւս, արվում է նպաստառուներից ինչ-որ ակնկալիքի նպատակով: Ըստ այդօրինակ կարծիքների, ովքեր «վերաբերմունք» են ցույց տվել նրանց, ազգանվան դիմաց գրած «չվճարել»-ը ջնջվել է եւ նպաստ ստանալու նրանց իրավունքը՝ վերականգնվել: Տեղական իշխանությունները, սակայն, այս հարցի կապակցությամբ այլ մեկնաբանություն ունեն: Օրերս Վանաձորի տեղական հեռուստատեսությամբ հանդես եկավ Լոռու մարզպետարանի սոցապ վարչության պետը, եւ, ի թիվս նպաստների եւ մարդասիրական օգնությունների բաշխմանն առնչվող այլ պարզաբանումների, նշեց. «Լսած կլինեք, որ կապի բաժանմունքներում ազգանվան դիմաց գրում են՝ չվճարել»: Վերջինս պարզաբանեց, որ այդ չվճարումների պատճառն այն է, որ տվյալ նպաստառուները նպաստ ստանալու իրավունքը ձեռք են բերել կեղծ փաստաթղթերի օգնությամբ, ուստի եւ կասեցվել կամ կանխվել է նպաստների վճարումը վերջիններիս: Պարզվում է, այս կարգի չվճարվող գումարները Լոռու մարզի կտրվածքով յուրաքանչյուր ամիս կազմել են 12 մլն դրամ: Սոցապ վարչության պետը նաեւ հավաստեց, որ կան նպաստառուներ, որոնք «նպաստի գումարով լոտո են գնում», հացի խնդիր չունեն: Կարծում ենք, սա արդեն աղքատության նպաստների համակարգում առկա համընդհանուր թերությունների արդյունք է: Նպաստ ստանալու մեխանիզմը, համապատասխան միավորներ հավաքելու համար ընդունված չափորոշիչները սողանցքի հնարավորություն են ստեղծում, որի հետեւանքով էլ հարուստը «թղթի վրա» կարող է ճանաչվել «աղքատ», եւ այդ գումարով լոտո գնել, իսկ աղքատը, ընդհակառակը, զանազան դռներ թակելուց, տեղեկանքներ հավաքելուց եւ դրանց ձեռքբերման հետ կապված լրացուցիչ ծախսեր կատարելուց հետո վերջում կարող է պարզել, որ իրեն նպաստ չի հասնում: Մեկ այլ տեսանկյունից էլ այս մարդիկ են հայտնվում «լոտո խաղացողի» կարգավիճակում. տվյալ դեպքում նրանց «լոտոն չի շահում»: «Մեզ մնաց մեր չարչարանքը»,- դժգոհեց նպաստի կամ «դրամական օգնություն» ստանալու մի հավակնորդ, որի ընտանիքի հավաքած միավորները չէին բավականացրել «աղքատ» կոչվելու համար: Չնայած այս ամենին, Վանաձորում շուկան «նայում» է նպաստների տրման ժամկետներին։ Օրինակ, հուլիսի առաջին տասնօրյակում Վանաձորում գյուղատնտեսական մթերքների գների աճը պայմանավորված էր այդ օրերին աղքատության նպաստների բաշխման հանգամանքով (նշենք, որ կենսաթոշակների ու նպաստների բաշխման «մագնիսական» օրերին մթերքների գները սովորական օրերի համեմատությամբ զգալիորեն աճում են): Հուլիսի 10-ին, սակայն, գյուղատնտեսական մթերքների գները հատեցին նաեւ գների տարբերության «ընդունված» սահմանագիծը. մեկ շաբաթվա ընթացքում գյուղատնտեսական մթերքների գների կրկնակի աճ արձանագրվեց: Ոմանք հակված են սա բացատրելու նրանով, որ տարադրամի կուրսի անկումը շուկայական առեւտրականները «հակառակ ծայրից» են ընկալել: Առավել «հավանական» կարծիքը, սակայն, թերեւս այն է, որ շուկայական «մաֆիան» միամտություն էր ունեցել պատկերացնելու, թե այդ օրը Վանաձոր այցելած ԱԺ նախագահը կարող էր հանկարծ ցանկություն ունենալ շուկայից գնումներ կատարելու, ուստի գները դարձրել էին երկրի բարձրաստիճան պաշտոնյային «վայել»: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031