Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՎՏԱՆԳ՝ ԶՈՎՈՒՆԻՈՒՄ

Հուլիս 12,2002 00:00

ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՎՏԱՆԳ՝ ԶՈՎՈՒՆԻՈՒՄ «Երեխաների մոտ ի հայտ եկած մաշկային, աղիքային եւ այլ ինֆեկցիոն հիվանդությունները մեր տների բակերով բացօթյա հոսող կոյուղու կեղտաջրերից են»,- համենայնդեպս այդպես էին կարծում նրանց ծնողները։ Իսկ տագնապահարույց երեւույթից տուժող բնակիչներն անգիր են արել բոլոր իրավասու եւ ոչ իրավասու մարմինների հասցեները։ Խոսքը Կոտայքի մարզի Զովունի գյուղի բազմանդամ ընտանիքներ ունեցող եզդիական թաղամասում վնասված կոյուղու մասին է, ինչը, բնակիչների հավաստմամբ, շուրջ տասը տարի է, որ ուղղակիորեն անցնում է չորս-հինգ տների բակերով՝ հանդիսանալով հակասանիտարական եւ վարակիչ հիվանդությունների բռնկման օջախ։ Գյուղի բնակիչները պատմում են, որ տարիներով ձգձգվող խնդրի լուծման համար էլ ուր ասես չեն դիմել՝ գյուղապետարան, Բնապահպանության վարչություն, տարիներ առաջ՝ նաեւ Եղվարդի սանէպիդկայան. «Իրավասուները եկել-տեսել ու խոստացել են, թե կվերանորոգեն»։ Սակայն, ըստ նրանց, չինովնիկների խոստումներից հոգնած բնակիչներն իրենք են փորձել կոյուղատարի որոշ հատվածների կառուցումն իրականացնել, ասենք՝ այն հատվածը, որն անմիջապես անցնում էր Քալաշյանների տան տակով՝ բնակարանում առաջացնելով խոնավություն եւ գարշահոտ։ Սուրիկ Քալաշյանի խոսքերով, վարակի աղբյուրն ինչ-որ չափով տնից հեռացնելով, ֆինանսական պատճառներով ընդհատել է մյուս հատվածների կառուցումը. «Իսկ շարունակելը մեծ ծախսեր է պահանջում,- ասում է նա,- կոմունալ-կենցաղային կեղտաջրերն իբր քիչ էին, վերեւի փողոցում բնակվող հարեւաններն էլ իրենց խոզերի կեղտն են լցնում կոյուղի՝ կրկնապատկելով վտանգն ու գարշահոտությունը»։ Իր կարծիքով, կոյուղու կեղտաջրերից վարակված մի երեխայի հայր էլ պատմում էր, որ շարունակվող հակասանիտարական վիճակը ստիպում է այլ տեղ բնակվել։ Համապատասխան մարմինների ուշադրությունն այս ցավոտ հարցին բեւեռելու համար «Առավոտը» եղավ Զովունիում։ Հատկապես ամառվա տապից ուժեղացած կեղտաջրերի հոտը, շրջապատում գտնվողների համար, պարզապես անտանելի էր։ Էլ չենք ասում, որ անչափահաս երեխաներն ամեն վայրկյան անմիջական շփման մեջ են կողքներով հոսող «առվակի» հետ՝ ուր փորձում են լվանալ իրենց խաղալիքները։ Ի տարբերություն Զովունիի գյուղապետարանի, «Առավոտը» փորձեց բնակիչների բողոքը հասցնել նաեւ Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանի Հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության կայան։ Որ վիճակը լուրջ է, տեղում ուսումնասիրություն կատարելուց ու խնդիրն արձանագրելուց հետո վկայեցին կայանի՝ վերջերս նշանակված գլխավոր բժիշկ Հրաչյա Երզնկացյանը, այլ բժիշկ- մասնագետներ։ Պրն Երզնկացյանը չժխտեց, որ երեւույթն, իրոք, կարող է էպիդեմիկ հետեւանքներ ունենալ, այսինքն՝ լինել հիվանդությունների պատճառ։ Իսկ բնակիչների այն հայտարարությունները, որ եղել են ինֆեկցիոն, աղիքային հիվանդություններով դեպքեր, գլխավոր բժիշկը չհաստատված համարեց։ Քանի որ, ըստ նրա, ոչ գյուղական բժշկական ամբուլատորիայում, ոչ էլ Հակահամաճարակային հսկողության կենտրոնում նման դեպքեր չէին արձանագրվել. «Ընդհանրապես կանոնակարգված է. եթե ինֆեկցիոն հիվանդը, որը դիմում է ոչ թե տվյալ տարածաշրջանի բուժկանխարգելիչ հիմնարկին, այլ մեկ այլ բնակավայրի, ասենք, Երեւանի որեւէ հիվանդանոց, վերջինս անմիջապես ուղարկում է շտապ հաղորդման քարտ հիվանդի բնակվելու շրջանի Հիգիենիկ հակահամաճարակային հսկողության կենտրոնին՝ նպատակ ունենալով հետագա էպիդ բարդությունները կանխել։ Նման ահազանգեր եւս չեն եղել»։ Գլխավոր բժիշկը նաեւ հավաստիացրեց, որ կոյուղու վթարի մասին Զովունիի գյուղապետարանը իրենց նույնպես տեղյակ չի պահել։ Ինչը պարտադիր էր։ Պատասխանատուները խնդրի չլուծվելը պատճառաբանում են, որ գյուղացիները գրավոր բողոքով իրենց չեն դիմել։ Այժմ խնդիրն արձանագրված է, եւ այս հրապարակումը համարենք գյուղացիների գրավոր դիմումը։ «Առավոտը» հետեւողական կլինի խնդրի լուծմանը։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել