Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔԱՆԱԿԸ ՈՐԱԿ ՉԷ

Հուլիս 12,2002 00:00

ՔԱՆԱԿԸ ՈՐԱԿ ՉԷ Գեներալների թիվն՝ ըստ որակի «Փառապանծ մարտիկներ հայրենասիրական միության» նախագահ, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության փոխնախագահ, միլիցիայի Հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր եւ օպերատիվ վաշտի հրամանատար Գրիշա Սարգսյանը պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի մասին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրերս արված այն հայտարարությանը, թե նա Ռուսաստանի ռեստորաններում է գեներալ դարձել, ասաց. «Երբ կար Վազգեն Սարգսյանը, 90-99 թթ. Հայաստանում գեներալների թիվը 30 էր։ Իսկ Ռ. Քոչարյանի օրոք այն հասել է մոտ 100-ի։ Ես ընդհանրապես կապ չունեմ ո՛չ «Հանրապետություն» կուսակցության, ո՛չ էլ Վաղարշակ Հարությունյանի հետ։ Պարզապես տեսնելով, թե նա ինչպես է իրեն դրսեւորել հայրենիքի համար օրհասական պահերին, պարտավոր եմ հայտարարություն անել եւ հիմնավորել, որ նախագահը սխալ է ինֆորմացված։ Երբ թշնամին վրա էր տվել, գրավել էր Զոդքը, Ստեփանակերտի վրա կրակահերթեր էր արձակում, եւ երկիրը չէր կարողանում դիմակայել, այդ ժամանակ Վաղարշակ Հարությունյանը՝ լինելով փոխնախարար, անձամբ Վարդենիսում, Զոդքի, Կրասնոսելսկի, Օմարի պաշտպանության գործում 40 օր մարտնչել է որպես միլիցիայի Հատուկ ջոկատների գործողությունները համակարգող եւ եղել է ռազմաճակատում»։ Գ. Սարգսյանի ասելով. «Հայոց ազգային բանակի հիմնադրման հարցում մեծ դեր ունի Վ. Հարությունյանը։ Որպես խորհրդային բանակի սպա, այդ շրջանակներում կապեր ունեցող, նա կարողացավ մեծ օգնություն ցուցաբերել՝ Մոսկվայի իշխանությունների մոտ իր վայելած հարգանքի շնորհիվ եւ զենք-զինամթերք մատակարարեց կռվողներին։ Իսկ ինչ վերաբերում է գեներալի կոչմանը, ես՝ որպես Արցախյան ազատամարտի հիմնադիր հրամանատարներից մեկը, շեշտում եմ, որ նա ուներ ռազմական կրթություն, մասնակցել է մարտերին, ինչը կարող են վկայել 1500-անոց միլիցիայի Հատուկ նշանակության ջոկատի եւ Հատուկ գնդի անդամները»։ Լ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել