Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԵՄԱՏԵԼԻ ՉԵՆ

Հուլիս 12,2002 00:00

ՀԱՄԵՄԱՏԵԼԻ ՉԵՆ «Մեր նախագահի մեծամտությունը սահման չունի. այսօր նա հայտարարում է, թե մեր բանակի 1/3-ի հիմնադիրն ինքն է, վաղը կդառնա 1/2-ի, հետո էլ՝ ողջ բանակի հիմնադիրը»,- այսօր պատասխանելով Ռ. Քոչարյանի՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի մասին արած հայտարարություններին, նկատեց նախկին վարչապետ Արամ Սարգսյանը: «Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, իսկ Սամվել Բաբայանը՝ ազատության մեջ, Քոչարյանն ուղղակի չէր կարողանա նման հայտարարություններ անել: Քոչարյանը լավ գիտի, թե ով է Վ. Հարությունյանը եւ ինչեր է արել մեր Բանակի ու հայրենիքի համար: Եվ, իմանալով հանդերձ, նա փորձում է ցեխ շպրտել մի մարդու վրա, որն ի տարբերություն իրեն, որ պոլիտեխնիկի հեռակա բաժինն ութ տարում է վերջացրել, 3 ակադեմիա է ավարտել: Ինչ վերաբերում է ռեստորաններին, ապա՝ այո, Վ.Հարությունյանը Քոչարյանի ձեռքից բռնած տանում էր ռեստորան ու նրան ծանոթացնում Ռուսաստանի պաշտոնյաների հետ»: Ըստ Ա.Սարգսյանի՝ «երկրի ժամանակավոր նախագահը պետությանը ծառայություններ մատուցած մարդկանց բաժանում է «իմ»-ի ու «նրանց»-ի: «Ովքե՞ր են «իմ»-ն ու «նրանց»-ը»: Նրա կարծիքով՝ Ռ.Քոչարյանի այդ հայտարարությունը «27»-ի տրամաբանական շարունակությունն է, եւ վաղուց գաղտնիք չէ նրա հակակրանքը Վ.Սարգսյանի շրջապատի հանդեպ. «Միայն Վազգենին ասպարեզից հեռացնելը Քոչարյանին չբավարարեց: Նրան խանգարում են նաեւ Վազգենի զինակիցները, նրա հետ մարտական ուղի անցած տղաները: Այլ կերպ դժվար է բացատրել՝ որտե՞ղ են այսօր Ա.Բազեյանը, Մ. Սաղաթելյանը, Ս.Այվազյանը, Վ. Շիրխանյանը, Գ.Հարությունյանը, Ա.Զեյնալյանը եւ մյուսները: Իսկ եթե նման հայտարարություն արվում է առավել եւս երկրի նախագահի կողմից, ապա դա խարխլում է պետության հիմքերը եւ վարկաբեկում նախագահի ինստիտուտը»: Ա.Սարգսյանը հավելեց, որ «ի տարբերություն ՊՆ ներկայիս նախարար Ս.Սարգսյանի, Վ.Հարությունյանը երբեք պաշտոնավարելուն զուգահեռ բիզնեսով չի զբաղվել, գործարար սուբյեկտի տանիք չի եղել: Նա նույնիսկ սեփական ավտոմեքենա չունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել