Լրահոս
Օրվա լրահոսը

Օգտագործվելու առաջարկ

Հուլիս 12,2002 00:00

Օգտագործվելու առաջարկ «Հետագայում Քոչարյանի թոռներն իրեն կասեն՝ պապի՛կ, Հայրիկյան թեկնածուի առկայության դեպքում, ինչպե՞ս էիր քո թեկնածությունն առաջադրել»,-երեկ հրավիրած հերթական մամուլի ասուլիսում երազանքների գիրկն ընկավ ՀՀ նախագահի մշտական թեկնածու Պարույր Հայրիկյանը: Նա նախանձելի համառությամբ շարունակում է կարծել, թե «Հայաստանում մեկ մարդ է ապացուցել իր անմնացորդ նվիրումն ազգին եւ ազգի խնդիրներին»։ Դա, բնականաբար, նույն ինքը՝ աննման եւ անզուգական Պարույր Հայրիկյանն է։ Եվ այս ամենի տրամաբանական եզրակացությունը, ըստ անմնացորդ նվիրված պարոնի, այն է, որ ազգն էլ՝ գործող նախագահի գլխավորությամբ, պետք է ամենայն լրջությամբ «մտածի Հայրիկյան նախագահի մասին»։ Բայց եթե Քոչարյանին «պետք է մեկ անգամ էլ նախագահ դառնալ», Հայրիկյանը դեմ չէ եւս մեկ անգամ անմնացորդ օգտագործվելու տարբերակին։ Ավելին, հանուն այդ սուրբ գործի, իր երբեմնի շատ սիրելի Քոչարյան նախագահին մի փոքր շանտաժի էլ ենթարկեց. «Եթե 98-ին, երկրորդ փուլում ԱԻՄ-ը չպաշտպաներ, Քոչարյանը նախագահ չէր դառնա»։ «Բանակցությունների» արդյունքում Քոչարյանի «միջնորդներ Վահան Հովհաննիսյանը եւ Սամվել Բաբայանն են համոզել»։ Հայրիկյանը միայն մի բանի համար է համաձայնել. «Կարեն Դեմիրճյանը խորհրդային մտածելակերպից հրապարակայնորեն չէր սահմանազատվել», թե չէ ԱԻՄ-ը նրան էլ «անմնացորդ կնվիրվեր»։ Քոչարյանը, տապալելով սահմանադրական բարեփոխումները, մեծ կորուստ է ունեցել՝ ԱԻՄ-ի համակրանքը։ Դրա արդյունքում ԱԻՄ-ի շարքերում «սառեցված անդամներ» են հայտնվել՝ Ներսես Զեյնալվանդյանը եւ այլք, որոնք «մանր-մունր պաշտոններով են ծախվել»՝ ի հակադրություն իրենց առաջնորդի, որի հավակնություններն ավելի մեծ եւ լուրջ են։ Իսկ ասուլիսի մեխը այն յոթ երգերի շարանն էր, որը վերջին շրջանում նախագահին առընթեր նախկին իրավապաշտպանի գլխավոր երգացանկն է՝ «Ընտրական օրենսգրքում» մեծամասնական տեղերի կրկնապատկումը։ Այդ առիթով, հայտարարության երբեմնի նախագիծը վերջնական տեսքով պարոն իրավապաշտպանը բախշեց հանրությանը։ Նրանում մասնավորաբար կասկած է հայտնվում. «Արդյո՞ք ՀՀ նախագահը նույնպես «թաղի տղայական», հետեւաբար թույլ եւ կառավարելի խորհրդարան ունենալու հեռանկարով պիտի գնա ինքնաուրացման եւ հակադրվի ողջ քաղաքական դաշտին»։ Այս ամենին հետեւում է փաստաթղթի տակ ստորագրած (ըստ Հայրիկյանի)՝ «Օրինաց երկիր», «Արժանապատիվ ապագա», «Ազգային միասնության ուխտ», ԱԻՄ կուսակցությունների «հորդորը» երկրի տիրակալին՝ «երկրի հասարակական-քաղաքական կյանքի առաջընթացը կասեցնող այդ վտանգավոր որոշումը ետ ուղարկել խորհրդարան՝ օրենքի վերոհիշյալ հատվածը անփոփոխ թողնելու առաջարկությամբ»։ Ապա՝ արցունքախառը հավաստիացումը, որ «ժողովրդավարությունն ու արդարությունը վերականգնելուն ուղղված Ձեր այդ քայլը կստանա հասարակության եւ քաղաքական ուժերի բացարձակ մեծամասնության աջակցությունը»։ Սա Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցությունների ընդհանուր մտայնության մասնակի դրսեւորումն է, որի առավել կոշտ տարբերակին՝ մեղադրանք ներկայացնել նախագահին, իբրեւ այդ ամենի կազմակերպիչ, կողմ են նաեւ ՀՀՇ-ն, ՀԿԿ-ն, ՀԴԿ-ն, 13 կուսակցությունները՝ Արտաշես Գեղամյանի դեմքով, ԱԺՄ-ն՝ իր տարբերակներով, ՀՅԴ-ն. հավաստիացնում է Քոչարյանին առընթեր նախկին իրավապաշտպանը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել