Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ի 100 ՕՐԸ

Հուլիս 12,2002 00:00

«Ա1+»-Ի 100 ՕՐԸ Լրացավ 100 օրը, ինչ փակված է «Ա1+» հեռուստաընկերությունը, թեեւ նրա գործունեությունը վերսկսելու պահանջով հանդես են եկել եվրոպական (ԵԱՀԿ, Եվրախորհուրդ եւ Եվրամիության երկրներ) եւ ամերիկյան մի շարք կազմակերպություններ։ Այս կազմակերպություններից յուրաքանչյուրի ակնարկն անգամ այլ պարագաներում բավական կլիներ, որ Հայաստանի իշխանությունները վերաձեւեին օրենսդրությունը եւ ստեղծեին բոլոր պայմանները, որ կատարվեր նրանց պահանջը։ Բայց այլ է «Ա1+»-ի խնդիրը՝ այն չպիտի եթերում լինի մինչեւ նախագահական ընտրությունների ավարտը։ Եվ Հայաստանի իշխանություններն այդ խնդիրն են լուծում՝ բացահայտ ոտնահարելով ոչ միայն այս հեռուստաընկերության ունկնդիրների եւ քաղաքական ուժերի, այլ նաեւ՝ միջազգային հանրության կարծիքը։ Եվ իզուր է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերն անգամ ԵՊՀ ուսանողադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնում «Ա1+»-ին արտոնագրից զրկելու առնչությամբ. «Պարզ չէ՝ դա լուրջ իրավական հիմքերի վրա՞ է, թե՞ ոչ»։ Սակայն դառնանք նրան, թե «Ա1+» հեռուստաընկերությանն անցած 100 օրում ինչ աջակցություն ցուցաբերեցին ոչ արտաքին, այլ ներքին ուժերը։ Նաեւ դրա շուրջ էր զրույցը «Խոսքի ազատության աջակցության» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Հարությունյանի հետ։ – «Ա1+»-ի փակումից անմիջապես առաջ եւ հետո շատերն էին հրապարակավ հայտնում աջակցելու պատրաստակամություն։ Երբ ստեղծվեց այս հիմնադրամը, որի առաջնահերթ խնդիրը հենց «Ա1+»-ին սատարելն էր, քանի՞սը կատարեցին իրենց խոստումը։ – Ինչպես ընդունված է մեր երկրում՝ խոստումներին երբեք տեր չեն կանգնում ոչ մի ասպարեզում՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ բարոյական, ե՛ւ մամուլին աջակցելու առումով։ Մեր հիմնադրամը ստեղծեցինք «Ա1+»-ի առիթով, բայց ոչ միայն «Ա1+»-ի համար, քանի որ կյանքը ցույց է տալիս, թե մեր իրականության մեջ շատ հնարավոր է, որ անկախ մամուլը միշտ ունենա օգնության կարիք։ Ստեղծված է մի վիճակ, որտեղ անկախ մամուլը չունի ազատ զարգանալու հնարավորություն եւ ընդհակառակը՝ հնարավոր են ճնշումներ։ Մեր հիմնադրամը շուրջ 1 ամիս առաջ արդեն պետական գրանցում է ստացել։ Բայց բոլոր նրանք, ովքեր «Ա1+»-ի փակման նախօրեին կամ դրան հաջորդող երկու շաբաթների ընթացքում հոխորտում էին, թե մինչեւ վերջ կգնանք… – Կամ էլ պատրաստ են այնքան ներդրումներ անել, որքան հարկավոր է «Ա1+»-ին… – Խոսքը միայն նյութական աջակցությանը չի վերաբերում։ Խոսքն ընդհանրապես աջակցության մասին է՝ ով ինչով կարող է։ Անկախ մամուլը, այսպես թե այնպես, ծառայելու է Հայաստանում ազատամտության ամրապնդմանը եւ այն կարգախոսներին, որոնք առաջ են քաշում քաղաքական շատ ուժեր։ Եթե այդ կարգախոսներն իրոք հոգեհարազատ էին նրանց՝ պետք է որեւէ կերպ դրսեւորեին իրենց աջակցությունը։ – Իսկ այս հիմնադրամին ֆինանսական կամ այլ աջակցություն չի՞ ցուցաբերել որեւէ քաղաքական կամ հասարակական կազմակերպություն։ – Ո՛չ որեւէ կազմակերպություն, ո՛չ էլ որեւէ քաղաքական կամ հասարակական դեմք անհատապես՝ չի աջակցել ֆինանսապես։ Բայց սովորական քաղաքացիներ աջակցել են։ – Իսկ նրանց աջակցությունից հիմնադրամում գոյացած միջոցները բավարա՞ր են, որ «Ա1+»-ը կարողանա լուծել աշխատակազմի պահպանման խնդիրը՝ մինչեւ իր համար դժվարին այս ժամանակները հաղթահարելը։ – Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Այսօր չեմ կարող ասել, թե ունենք բավարար միջոցներ։ Բայց, անկասկած, «Ա1+»-ի կոլեկտիվը մնալու է, չի ցրվելու, քանի որ որեւէ կերպ անպայման լուծելու ենք այդ խնդիրը։ – Իր ստեղծման օրվանից ի՞նչ նախաձեռնություններով է հանդես եկել հիմնադրամը։ – Պարտադիր չէ ամեն օր կազմակերպել ասուլիսներ կամ կլոր սեղաններ, որոնց կմասնակցեն կամ չեն մասնակցի պաշտոնյաները։ Մենք ելնում ենք օրվա պահանջից. երբ որոշակի խնդիր կծառանա մեր առջեւ՝ կլուծենք։ Առաջիկայում պատրաստվում ենք ասուլիս հրավիրել Հայաստանում ազատ խոսքի վիճակի վերաբերյալ։ – Հիմնադրամի միջոցներն առայժմ միայն «Ա1+»-ի՞ն են ծառայեցվում։ Այլ անկախ լրատվամիջոցներ հայտ չե՞ն ներկայացրել։ – Կարող եմ ասել, որ անկախ լրատվամիջոցներն իրենք են մեր հիմնադրամին ցուցաբերել եւ ցուցաբերում ֆինանսական օժանդակություն։ Օրինակ՝ «Հայկական ժամանակը»։ – Իսկ սովորական քաղաքացիների նվիրատվություններից ո՞րն է եղել ամենահիշարժանը։ – Շատ տպավորիչ էր, օրինակ, տարեց մի վաստակաշատ ուսուցչուհու՝ տիկին Անժիկի նվիրատվությունը։ Նա թոշակառու է եւ երկար տարիների ընթացքում կուտակած իր սուղ միջոցներից կարողացել էր հավաքել եւ հիմնադրամին փոխանցել 10 հազար դրամ։ Կարծում եմ, այս եւ բազմաթիվ նման օրինակները շատ քաջալերող են հատկապես քաղաքական ու հասարակական գործիչների ֆոնի վրա։ – Իսկ գուցե գովազդային մասը լավ կազմակերպված չէ, եւ մեծ մասը չգիտի՞ էլ, որ այս հիմնադրամը գոնե առայժմ լուծում է «Ա1+»-ի պահպանման խնդիրը։ – Գուցե դա այդպես է, համաձայն եմ։ Դրա մասին հարկավոր է մտածել եւ աշխատել այդ ուղղությամբ։ Բայց խնդրում եմ, թող տպավորություն չստեղծվի, թե մենք ամեն կերպ փորձում ենք որեւէ մեկից անպայման ֆինանսական օժանդակություն խնդրել։ Ով հարկ կհամարի՝ թող օժանդակի, մուրալու խնդիր չկա։ – Արտերկրում. նման հիմնադրամները համերգներ են կազմակերպում, որոնցից ստացված հասույթը տրամադրվում է զանազան ձեռնարկների։ Եվ մուրալու կամ արժանապատվությանն առնչվող որեւէ այլ խնդիր չի ծագում։ – Մեր ծրագրերում նախատեսված են այդ կարգի միջոցառումներ։ – Ամփոփենք, անցած 100 օրվա ընթացքում ավելացա՞վ «Ա1+»-ի աջակցության պահանջը։ – 100 օրը ցույց տվեց, որ «Ա1+» հեռուստաընկերությունն ամուր է որպես կոլեկտիվ եւ աշխատող մարմին։ Նրանք շարունակում են աշխատել հուրախություն «Ա1+»-ի ունկնդիրների։ Կարծում եմ, նրանք մենակ էլ կկարողանային դիմակայել։ Ուղղակի մեր օգնությունը եւ օժանդակությունը մի քիչ թեթեւացնում է «Ա1+»-ի բեռը։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել