Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՐՁՆՈՒՄ

Հուլիս 12,2002 00:00

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՐՁՆՈՒՄ Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, եթե գործող նախագահն իր լիազորությունները շարունակի մինչեւ 2003 թվականը, ապա պետք է հայտարարի, որ օրինական ընտրությունների անցկացման գլխավոր երաշխավորը հանրապետության նախագահն է: «Ցավով եմ ասում, բայց ՀՀ-ում մեկ անգամ պետք է քաղաքական կամք դրսեւորվի, որ հայտարարություն լինի, թե ընտրությունների անցկացման երաշխավորը ՀՀ նախագահն է։ Շատ վատ է, որ որեւէ անձի քաղաքական կամքից որեւէ բան կախված լինի, բայց սա է մեր իրականությունը։ Եթե քաղաքական կամքը չեղավ, իմ կարծիքով, կարող են լուրջ խնդիրներ առաջանալ»։ «Առավոտի» խնդրանքով՝ ՄԱԱ հյուր Վիկտոր Դալլաքյանը գնահատական տվեց նաեւ ընդդիմությանը. «Ինչպիսին իշխանություններն են, այնպիսին էլ ընդդիմությունն է»։ ԱԺ կանոնակարգում կառավարության կատարած փոփոխությունների կապակցությամբ պատրաստվո՞ւմ են արդյոք պատգամավորները որեւէ կերպ արձագանքել, ասենք՝ ՍԴ դիմելու ճանապարհով։ Վիկտոր Դալլաքյանը, պատասխանելով լրագրողի հարցին, չբացառեց նման զարգացումը. «Նման ցանկության մասին որոշ պատգամավորներ արտահայտվել են»։ Վիկտոր Դալլաքյանը հարկ համարեց անդրադառնալ նաեւ հետեւյալ գնահատականին։ Ըստ այդմ՝ «1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ պատգամավորները օբյեկտիվ հանգամանքների պատճառով պառկեցին։ Բայց խորհրդարանական վերջին դեպքերը ցույց տվեցին, որ շատերը պառկած էլ մնացին»։ Լրագրողներից մեկի հարցին՝ արդյո՞ք սեպտեմբերին ԱԺ կանոնակարգում ինչ-ինչ փոփոխություններ կրկին կլինեն, Վիկտոր Դալլաքյանը պատասխանեց. «Նկատի ունեցեք, որ եթե կանոնակարգը օրենքով է ընդունվում, կառավարությունը կարող է Սահմանադրության համաձայն իր վստահության հարցը դնել։ Օրինակ, այս փոփոխությունների ժամանակ կառավարությունը կարող էր փաթեթ ներկայացնել ԱԺ, չներկայանալ ԱԺ եւ դնել իր վստահության հարցը։ Եթե 48 ժամվա ընթացքում չհավաքվեր 44 ստորագրություն կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթացը սկսելու վերաբերյալ, ապա այդ օրենքը կհամարվեր ընդունված։ …Այո, ես կարծում եմ, մենք սեպտեմբերին հավանաբար հանդես կգանք նման նախաձեռնությամբ»։ Վիկտոր Դալլաքյանը երեկ կրկին հիշեցրեց, որ ԱԺ Կանոնակարգ-օրենքը հետադարձ ուժ չունի. «Կանոնակարգի 22 հոդվածի 4-րդ կետի այն մեկնաբանությունը, որի մասին դուք շատ լավ տեղյակ եք, մնացել է առկախ։ Այսինքն՝ սեպտեմբերին այդ հարցը դարձյալ պետք է քննարկվի։ Ես չեմ ուզում այսօր մեկնաբանություն տալ, թե այդ հարցի քննարկումը ի՞նչ ճանապարհով կընթանա, բայց եթե կառավարության ներկայացրած օրինագծի հեղինակները մտածում էին, որ դրանով կարող են հարցը կանխել, ապա դա բոլորովին էլ այդպես չէ, քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի»։ Խորհրդարանի հնարավոր լուծարման հեռանկարի վերաբերյալ հարցին պատասխանելով, Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ ԱԺ-ն լուծարելու համար նախագահը պետք է շատ լուրջ հիմնավորում ունենա. «Եթե ՀՀ նախագահը լուրջ հիմքեր կունենա, իսկ այդ հիմքերը կարող են լինել միայն քաղաքական հիմքեր, ապա նման հնարավորությունը ես չեմ բացառում։ Բայց առայժմ նման հիմքեր չեն ներկայացվում»։ Իսկ եթե այդ «հիմքերը» ներկայացվեն սեպտեմբերի՞ն։ Ըստ Վիկտոր Դալլաքյանի, եթե սեպտեմբերին խորհրդարանում սկսվեն 22 հոդվածի 4-րդ կետի վերաբերյալ քննարկումներ «եւ այդ պարագայում ՀՀ նախագահը եթե լուծարում է խորհրդարանը, կստացվի, որ խորհրդարանում կային տեսակետներ, ՀՀ նախագահին այդ տեսակետների համաձայն մեղադրում էին ծանր հանցագործությունների մեջ, եւ նախագահը լուծարում է այն խորհրդարանը, որտեղ թեկուզ մեկ անձ իրեն մեղադրում է։ Կարծում եմ, որ քաղաքական տեսանկյունից սա ՀՀ նախագահի համար անցանկալի տարբերակ է»։ ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը Հայաստան կատարած իր այցի ժամանակ չափազանց խիստ դրեց ԵԽ անդամ դարձած երկրի՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների անվերապահ կատարման մասին հարցը։ Մահապատժի վերաբերյալ հարցին պատասխանելով՝ ՄԱԱ հյուրն ասաց. «Ըստ էության, «Քրեական օրենսգիրքը», որն ընդունվեց առաջին ընթերցմամբ, մահապատժի վերաբերյալ որեւէ բացառություն չի կատարել։ Այսինքն՝ Քր. օրենսգրքում մահապատիժը որպես պատժի տեսակ արդեն վերացվել է։ Այլ խնդիր է, որ «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված Քրեական նոր օրենսգրքում մենք ամրագրել ենք (եւ օրենսդիրը նման իրավունք ունի) հայտնի ձեւակերպումը, որը վերապահում չէ։ Մենք ասում ենք, որ այն անձինք, որոնք այդ գործողությունները (ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն, տեռորիստական ակտ, մանկահասակ աղջկա բռնաբարություն) կատարել են մինչեւ սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը, նրանց նկատմամբ կիրառվում է»։ Պրն Դալլաքյանը հայտնեց, որ իր կարծիքով ճիշտ կլինի մահապատիժը պահպանել տեռորիստական ակտ կատարողների մասով, իսկ ծանրացուցիչ հանգամանքներում սպանության եւ մանկահասակ աղջկա բռնաբարության հետ կապված հարցերը կարելի է Օրենսգրքից հանել: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել