Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ԽԱՂԵՐ Է ՏԱԼԻՍ

Հուլիս 11,2002 00:00

ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ԽԱՂԵՐ Է ՏԱԼԻՍ Ֆուտբոլասերներն անհամբերությամբ են սպասում հուլիսի 17-ին, երբ Հայաստանի չեմպիոն ու ներկայիս առաջնության առաջատար Երեւանի «Փյունիկը» Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում Չեմպիոնների լիգայի 2002-2003թթ. մրցաշարի որակավորման փուլում առաջին խաղն է անցկացնելու սկանդինավյան այդ երկրի չեմպիոն «Տամպերե» թիմի հետ։ Ու հայ մարզասերների ընդգծված հետաքրքրությունն այդ հանդիպման նկատմամբ՝ միանգամայն օրինական ու բնական է։ Չէ՞ որ հանրապետության թիվ մեկ թիմը վերջին շրջանում կտրուկ բարձրացրել է խաղամակարդակը ու եվրոպական չափանիշներին մոտենալու լուրջ հույսեր է ներշնչում։ «Փյունիկ» ակումբի ղեկավարությունը հսկայական աշխատանք է կատարում ոչ միայն թիմը տեղական կադրերով ապահովելու, այլեւ լեգեոներականներով կազմն ուժեղացնելու ուղղությամբ։ Մասնավորապես, արդեն իսկ Հայաստանում ճանաչում ունեցող կամերունցի եւ մալիացի սեւամորթ ֆուտբոլիստների կողքին մոտ ժամանակներս խաղադաշտ կարող են մտնել արգենտինահայ հարձակվող Միշել Զաքարյանը, որը հանդես է եկել հարավամերիկյան այդ երկրի հավաքականում, Բրազիլիայի երիտասարդական հավաքականի անդամներ, 21-ամյա Ալաիր Կրուզ Վիսենտին եւ Դեյվիսոն Նասիմենտո Վագները (22 տարեկան)։ Սակայն Մոսկվայում Ֆինլանդիայի դեսպանատունը, ուր մեկնել է ՀՖՖ ներկայացուցիչը՝ պատվիրակության կազմի վիզաներն ստանալու նպատակով, առանց հիմնավոր պատճառաբանություն տալու, արգելել է «Փյունիկի» սեւամորթ ֆուտբոլիստներին իրենց երկիր մտնել։ Կատարվածն աննախադեպ է եւ ըստ էության ոչ միայն քաղաքական սկանդալ, այլեւ ՈՒԵՖԱ-ի կանոնադրության կոպիտ խախտում։ Բնականաբար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս առիթով պաշտոնական բողոք է ներկայացրել Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միություն, որտեղից, ըստ ստացված տեղեկության, ֆիննական կողմին ժամկետ է տրվել հարցը դրական լուծելու համար։ Հակառակ դեպքում՝ ՈՒԵՖԱ-ն Ֆինլանդիայի չեմպիոնին պարտություն կգրանցի։ Ամենայն հավանականությամբ, խնդրի վերջնական լուծման մասին կիմանանք այսօր։ Սակայն մինչ այդ մեզ իրավունք ենք վերապահում հանգել հետեւյալ եզրակացության։ Ֆինլանդիան Եվրոպայի առաջատար ֆուտբոլային երկրների շարքը չի դասվում, թեեւ այնտեղ մարզաձեւը բավականին զարգացած է։ Բացառված չէ, որ այնտեղ էլ քաջատեղյակ են «Փյունիկի» հսկա քայլերով առաջընթացի մասին եւ ինչ-որ տեղ զգուշանում, եթե չասենք՝ վախենում են, Հայաստանի չեմպիոնից։ Ու չենք բացառում նաեւ այն տարբերակը, որ ՉԼ-ի որակավորման մրցաշարի գոնե առաջին փուլն անպայման հաղթահարելու մեծ ցանկությունից դրդված են ֆինները դիմում ոչ մարզական քայլերի՝ ձգտելով մեր չեմպիոնին իրենց երկրում տեսնել առանց մի քանի առանցքային խաղացողների։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031