Լրահոս
Օրվա լրահոսը

«Տանը պատերն էլ են օգնում»

Հուլիս 11,2002 00:00

«Տանը պատերն էլ են օգնում» Հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մենահամերգով հանդես եկավ միջազգային ճանաչման արժանացած ջութակահար Նիկոլայ Մադոյանը։ Մեզ համար անսպասելի, երիտասարդ տաղանդավոր ջութակահարը մեր հանդիպման սկզբում «հանդես եկավ» հետեւյալ մենախոսությամբ. «Մշտապես եկեք հիշենք, թե մարդկությունը գեղեցկության ինչ հրաբուխ ժայթքեց անտիկ դարաշրջանում. նա կերտեց արձաններ, որոնցով ասես մարտահրավեր էր նետում հեթանոս աստվածներին՝ ահա ինչպիսին պետք է ստեղծեիր մարդուն եւ ինչպիսին, ավաղ, չես ստեղծել։ Արվեստների հզոր բռնկումը, որով լուսավորվեց մարդկության եկող ժամանակը, կայացավ Վերածնության շրջանում։ Ճակատագիրս ու երաժշտի իմ պրոֆեսիան ինձ տարել են աշխարհի շատ երկրներ եւ այն ամենը, ինչ տեսել եմ պատկերասրահներում, լսել համերգային սրահներում, ապրել ձեռակերտ տաճարներում, իմ մեջ սնել են անսասան համոզմունք. արվեստը ողջ մարդկության հոգեւոր հայրենիքն է»։ Արտահայտելով վերջին միտքը, նա կարծես արդարացրեց այն, որ Երեւանում ծնված, ուսում ստացած երաժիշտը տարիներ շարունակ բնակվում է Գերմանիայում։ Իբրեւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, Ն. Մադոյանը այստեղ տարին միայն մի քանի անգամ անցկացնում է ջութակահարների կատարելագործման բարձրագույն դասընթացներ։ Իր խոսքերով. «Նպատակը ամենեւին այն չէ, որ խթան հանդիսանամ ինձ նման ջութակահարներ պատրաստելուն։ Դասախոսի իմ սկզբունքը հանգում է նրան, որ ուսանողներին օգնեմ լսելու նաեւ այն, ինչը չի նոտագրված։ Սա նշանակում է ստեղծագործությունը մեկնաբանել՝ հարազատ մնալով հեղինակի ապրած դարաշրջանին, ոգուն, ոճին»։ Մեզ համար անսպասելի էր նաեւ ջութակահարի այն միտքը, թե արվեստագետի համար ֆինանսը կենսական հարց չէ։ Բերելով հետեւյալ պարզաբանումը, նա ասաց. «Դասական երաժշտությունը, որ ջերմացնում է մարդկանց սրտերը՝ արձագանքելով ունկնդիրների ամենատարբեր լսարաններում, իսկապես ներշնչող ու խորապես մարդկային մի պարգեւ է, որ լի է կենսական ջերմությամբ, մարդկանց գրավելու զարմանալիորեն բնական կարողությամբ, հմայիչ պարզությամբ ու անկեղծությամբ։ Եվ այն, պարզապես, բառիս իսկական իմաստով՝ մաքրում է մարդկանց՝ հասարակությունը դարձնելով ուրիշ (դժվարանում եմ այստեղ բառ գտնել), այդ թվում նաեւ՝ քաղաքական մթնոլորտը»։ Ջութակահարի ինչպես նախորդ (վեց ամիս առաջ), այս համերգին նույնպես ներկա էր հանրապետության առաջին տիկինը։ Երաժշտից տեղեկացանք. «Օրերս տիկին Քոչարյանի բարձր հովանավորությամբ մեկնեցինք Կիրովական։ Տեղի հիվանդանոցում, տարեց մարդկանց տանը (ծերանոց) ելույթ ունեցա բարեգործական համերգներով։ Կարծում եմ, վերջիններս ավելի մեծ պահանջ են զգում շփվել բարձր երաժշտության հետ»։ Ասենք, որ բարեգործական համերգները ջութակահարի համար կարծես կենսական նշանակություն ունեն։ Դեռ 80-ական թվականներից, աշխարհահռչակ այնպիսի անունների, ինչպիսիք են Պատրիցիա Կաասը, Խուլիո Իգլեսեսը, Օդրեյ Հյոբերնը, Պիետեր Ուստինովը, կողքին բեմ է բարձրանում նաեւ հայ ջութակահարը։ UNISEF-ի կողմից կազմակերպված այս համերգները կրում են «Օգնություն երեխաներին» խորագիրը։ Այս առիթով ջութակահարը տեղեկացրեց. «Շատ եմ ուզում եւ հնարավոր ամեն ինչ անում եմ օգնելու երաժիշտ տաղանդավոր երեխաներին։ Ազգությունն ինձ համար էական չէ։ Տեսեք, համարձակ ու վստահ կարող եմ ասել՝ կատարողի համար չի կարող էական նշանակություն ունենալ լսարանի ազգային կազմը։ Չէ՞ որ երաժշտությունը համամարդկային լեզու է։ Մի պահ եկեք պատկերացնենք ինչ կստացվի, եթե ամեն անգամ երաժշտական ստեղծագործությունները վերաձեւենք ըստ դահլիճի ազգային կազմի։ Անկեղծ ասած՝ ինձ համար (բնական պատճառով) ուրիշ է հայկական լսարանը։ Այստեղ առկա է զուտ հոգեբանական գործոնը. դա քո տանը լինելու զգացումն է, երբ թիկունքիդ զգում ես քաջալերող հայացքները, առանց նայելու էլ դահլիճում տեսնում ես ծանոթ դեմքեր, գտնում ես այն վարար, անձնուրաց, պարտադրող ծափը, որ մեր ունկնդրինն է։ Ինչպես ասում են՝ «Տանը պատերն էլ օգնում են»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. Ն. Մադոյանը մենահամերգում, այս անգամ էլ կատարելով հանրահայտ կոմպոզիտորների (Հենդել, Չայկովսկի, Ռախմանինով, Մենդելսոն, Խաչատրյան…) ստեղծագործություններ, հավատարիմ մնաց իր՝ արվեստագետի դավանած սկզբունքին։ Կարճ ասած՝ իր բեմական վարքագծի մեջ ոչ մի շեղում թույլ չտվեց, որ անհարիր լիներ կատարվող երկերի էությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել