Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՖԻԼՄԸ՝ «ՄՆԱՅՈՒՆ» ԱՐԺԵՔ

Հուլիս 11,2002 00:00

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՖԻԼՄԸ՝ «ՄՆԱՅՈՒՆ» ԱՐԺԵՔ «Ագրոբանկի» խորհրդի նախագահ, էջմիածինցի պատգամավոր Հակոբ Հակոբյանը մի երազանք ունի՝ Հայաստանի մասին նկարահանել այնպիսի՜ հզոր ֆիլմ, որ «հարյուրավոր տարիներով գնա»։ Մարդիկ այն կդիտեն ե՛ւ «կասետների վրա», ե՛ւ էկրանին, Հայաստանի ներսում եւ Հայաստանից դուրս ու հենց Հ. Հակոբյանի ֆիլմով էլ կհասկանան, թե ի՜նչ վատ բան է արտագաղթը, որ կործանում է ազգը։ Բայց արի ու տես, որ «Ագրոբանկի» խորհրդի նիստում դարի ֆիլմը նկարահանելու մասին ԱԺ պատգամավորի ուշագրավ որոշումը առաջին անգամ չէր հաստատվել։ Հ. Հակոբյանը գտնում է, որ իր նախագահած բանկի խորհուրդը սկզբում ճիշտ չի հասկացել, թե ինչ տեսակ ֆիլմի մասին է խոսքը. «Մտածել են, թե սովորական ռեկլամի համար ենք ուզում փող ծախսել, բայց ֆիլմը հո մենակ «Ագրոբանկի» մասին չէ՞ր լինելու։ Այն նաեւ քարոզչական նշանակություն էր ունենալու Հայաստանի համար»։ Այսինքն, ենթադրվում է, որ պատգամավորական ֆիլմում «Ագրոբանկի» ֆոնի վրա ներկայացվելու է Հայաստանի այսօրն ու ապագան, որը, մտահղացման հեղինակի կարծիքով, ցնցելու է ողջ աշխարհը։ Հ. Հակոբյանի ապագա ֆիլմը քարոզելու է «Հայաստանի լավը՝ ի հակադրություն Ամերիկայի վատի» (դարձյալ «Բարի լուրեր» շարքից)։ Իր կարծիքով, մնայուն ու անգնահատելի արժեք ներկայացնող այս ֆիլմով ԱԺ պատգամավորը հատկապես նպատակ ունի կանխելու օրեցօր ահագնացող արտագաղթը Հայաստանում։ Հ. Հակոբյանից տեղեկացանք, որ նրա հղացած, յուրօրինակ սցենարով այս ֆիլմի վրա արդեն աշխատում են համապատասխան մասնագետներ։ Ըստ նրա՝ ֆիլմի գլխավոր դերերում խաղալու են իր կարծիքով բոլորիս հայտնի «Բերնարդ շոու»-ի Արմենն ու Արտյոմը, որոնք էլ հետո պիտի ընտրեն մնացած «դերասան-մերասաններին»։ Իսկ ֆիլմի ռեժիսորին պարոն Հակոբյանը հազիվ կարողացավ մտաբերել. սկզբում դժվարանում էր հիշել՝ Թոխատյա՞նն է, թե մի ուրիշը, բայց հետո պարզվեց, որ խոսքը Միքայել Դովլաթյանի մասին է։ Ու քանի որ «Ագրոբանկի» խորհրդի մեծամասնությանը Հ. Հակոբյանը վերջապես «հասկացրել» է իր ֆիլմի հայրենանպաստ նշանակությունը, արդեն հույս ունի, որ այն վերջապես աշնանը հավանություն կստանա «Ագրոբանկի» խորհրդի նոր նիստում։ Իսկ հոկտեմբերին, ըստ Հ. Հակոբյանի, կսկսվեն նկարահանման լայնածավալ աշխատանքները։ ԱԺ պատգամավորը տեղեկացրեց նաեւ, որ թեեւ սկզբում մերժվել էր ֆիլմ նկարելու իր ցանկությունը, սակայն ինքը «դիլխոր» չի թողել «Բերնարդ շոու»-ի Արտյոմին ու Արմանին. նրանց լիաբուռ վճարել է, մանավանդ «տղաները քանի օր չարչարվել են»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել