Լրահոս
Օրվա լրահոսը

Շանտաժով հարցը չի լուծվի

Հուլիս 11,2002 00:00

Շանտաժով հարցը չի լուծվի «Առավոտում» տպագրված «Մենք գնում ենք Բրիտանիա» լուրում մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայի մասնակից Տիգրան Սլոյանի հայրը՝ Գագիկ Սլոյանը, կասկածի տակ էր առել, որ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի Հայաստանի հավաքականը կամայականորեն է ձեւավորվել։ Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմի նախագահ Գառնիկ Տոնոյանը պարզաբանումներ ներկայացրեց այս առթիվ։ Նա բերեց մի շարք փաստեր, որոնց միջոցով հիմնավորում էր, որ Հայաստանի թիմի ընտրությունը կատարվել է բացարձակ օբյեկտիվ պայմաններում, իսկ մասնակիցներն ընտրվել են ըստ արժանվույն։ Գ. Տոնոյանը անտեղի էր համարում, բողոքողի ցանկությանն ընդառաջելով, թիմի կազմի լրացուցիչ ընտրության անցկացումը։ Ըստ ժյուրիի նախագահի՝ դա նախ անթույլատրելի էր երեխաներին ավելորդ անգամ փորձության ենթարկելու առումով։ Եվ երկրորդ, ըստ նրա, այդպիսով կստեղծվեր արատավոր նախադեպ, որի արդյունքում՝ հետագա տարիներին կմեծանային ծնողների ճնշումները Հայաստանի թիմի ընտրության հարցում։ Գ. Տոնոյանը հավաստիացրեց, որ Գ. Սլոյանի որդուն մաթեմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլում առաջադրված են եղել ընդամենը 8-րդ դասարանի ծրագրին համապատասխան խնդիրներ (քանի որ երեխան սովորում է 8-րդ դասարանում- Գ. Հ.) եւ որ վերջինս «չունենալով օլիմպիադական խնդիրներ լուծելու հատուկ պատրաստվածություն, չէր կարող հաղթահարել միջնակարգ դպրոցի ծրագրից դուրս եղած, խրթին խնդիրների լուծումը»։ Ավելին, ըստ Գ. Տոնոյանի, Տ. Սլոյանը հուլիսի 4-ի օլիմպիադայի 11 մասնակիցներից ամենացածր միավորներ հավաքողն է, քանի որ անթերի լուծել է ընդամենը մեկ խնդիր։ Իսկ Հայաստանի թիմի կազմը ձեւավորել են այն երեխաները, որոնք, ժյուրիի նախագահի հավաստմամբ, լուծել են բոլոր 3 խնդիրները։ Գ. Սլոյանը նաեւ հայտարարել էր, որ մրցույթի ժամանակ չի եղել խնդիրների շտեմարան, սակայն Գ. Տոնոյանը հակառակն է պնդում։ Նա տեղեկացրեց, որ ոչ միայն եղել են օլիմպիադական բնույթի տասնյակ գրքեր ու արտասահմանյան ամսագրեր, այլեւ խնդիրներն ընտրվել են մասնավորապես «Crux Mathematicorum» հանդեսի վերջին համարներից։ «Սլոյանը շանտաժի միջոցով փորձում է ինձ վրա ճնշում գործադրել, ուզում է աղմուկ բարձրացնելով հող նախապատրաստել հաջորդ տարվա համար,- համոզված է Գ. Տոնոյանը,- բայց ես իբրեւ ժյուրիի նախագահ հայտարարում եմ, որ Սլոյանի որդին մյուս տարի եւս չի մեկնի միջազգային օլիմպիադայի, եթե այս տարվա նման դարձյալ թերի աշխատանք ներկայացնի»։ Գ. Տոնոյանը Գ. Սլոյանին մեղադրում է Հայաստանի թիմին վնաս հասցնելու մեջ եւ գտնում է, որ վերջինս պիտի պատասխան տա միջազգային օլիմպիադայի մեկնող երեխաների մասնակցության հնարավոր ձախողման համար, քանի որ նրա մեղքով հունիսի 10-ից սկսած կազմալուծվել են այդ երեխաների հետ տարվող պարապմունքները։ Եվ բարձրացված աղմուկի պատճառով նրանց մարզող մասնագետները չեն կարողացել նորմալ պարապել։ Ի դեպ, Գ. Տոնոյանը բազմաթիվ այլ փաստեր ներկայացրեց խմբագրությանը, որոնք ճշտելուց հետո կներկայացնենք առանձին հրապարակմամբ։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031