Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դժգոհություններ միավորումից հետո

Հուլիս 11,2002 00:00

Դժգոհություններ միավորումից հետո Պռոշյան գյուղի բուժկայանի վարիչ Ֆլորա Նավոյանի հետ զրույցից պարզվեց, որ կայանի աշխատակիցներին հուզող մենահրատապ խնդիրը աշխատավարձն է։ Աշխատակիցների թիվը հասնում է 14-ի, որոնց պետությունը չի վճարել 2000թ. մայիսից։ Սակայն նրանք ձեռքները ծալած չեն նստել։ Դիմել են Պռոշյան գյուղի ներկայացուցչին ԱԺ-ում՝ պատգամավոր Արամ Հարությունյանին՝ այդ խնդիրը քննարկելու նպատակով։ Վերջինս նրանց խոստացել է, որ առաջիկա շաբաթում խնդրին լուծում կտրվի։ Սակայն քանի՜-քանի շաբաթներ են եկել ու գնացել, բայց դեռ պատգամավորի խոստումը չի կատարվել։ Բուժաշխատողները հույսները կտրելով պատգամավորից՝ որոշել են բողոք-հայցով դիմել առողջապահության նախարարություն։ Նրանք փորձում են գտնել մեկին, որն իրենց դարդին դարման կանի։ Հունիսի 20-ին ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը հայտարարեց, որ մինչեւ տարեվերջ առողջապահության ոլորտի բոլոր պարտքերը կմարվեն։ Բայց ի՞նչ գիտենք, որ դա հերթական «փափուկ բարձը չի», որ դնում են այդ ոլորտի աշխատողների գլխի տակ։ Մինչեւ անցյալ տարվա հոկտեմբերը բուժկայանը եղել է ինքնուրույն բուժմիավորում, որն ուներ իր սեփական բյուջեն, կնիքը եւ այլն։ Արդեն ութ ամիս է, ինչ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերի բուժկայաններ միավորվել են (հակառակ բուժկայանների աշխատողների կամքի), որոնց կենտրոնը գտնվում է Եղվարդում։ Այժմ Պռոշյանի բուժկայանը դարձել է այդ կենտրոնի մասնաճյուղը։ Այս հանգամանքը դժգոհություն է հարուցել Պռոշյանի բնակչության եւ բուժկայանի աշխատողների մեջ, ինչն ունի իր հիմնավոր պատճառները։ Բուժկայանում գործում են վճարովի կաբինետներ, որոնց ծառայությունների դիմաց կուտակված գումարը նախկինում (մինչեւ միավորվելը) մնում էր տեղում։ Հավաքված գումարի հաշվին հնարավոր էր լինում գնել անհրաժեշտ մինիմում դեղորայք, բժշկական պիտույքներ։ Հիմա արդեն այդ գումարը փոխանցվում է բուժկենտրոն, որն ինքն է տնօրինում այն եւ հատկացումներ կատարում մասնաճյուղ-բուժկայաններին։ Եվ նախկինի հետ համեմատած, բուժկայանին բաժին հասնող այդ գումարի չափը խիստ նվազել է։ Արդյունքում՝ բուժկայանի աշխատողները հաճախ կանգնում են փաստի առաջ՝ չունենալով նույնիսկ անհրաժեշտ առաջին օգնության դեղամիջոցները։ Բուժկայանների միավորման հանգամանքը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել Պռոշյանի բնակչության համար, քանի որ բժշկական տեղեկանքներ վերցնելու համար պետք է հասնել բուժկենտրոն։ Իսկ նախկինում նման հարցերը անմիջապես լուծվում էին տեղի բուժկայանում։ Այսինքն, բուժկայանների միավորումը խթանել է ավելորդ խնդիրների առաջացմանը։ Ինչպես ներկայացրեց տիկին Նավոյանը, բուժկայան են այցելում շատ հաճախ բնակչության սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչները՝ պատճառաբանելով, որ գյուղը գտնվում է մայրաքաղաքին մոտ եւ ֆինանսապես ապահովված մարդիկ գնում են մայրաքաղաքի բուժհիմնարկներ։ Բուժկայանում չունեն հիվանդների հետազոտման եւ ախտորոշիչ ժամանակակից սարքավորումներ։ Վերջին տասը տարվա ընթացքում ոչ մի նոր սարքավորում չեն ստացել։ Եվ հիվանդին հետազոտման են ուղարկում հանրապետական կենտրոններ։ Բուժկայանում զգացվում է թերապեւտ բժշկի կարիք։ Թերապեւտ բժշկի բացակայության պայմաններում նրա պարտականությունները կատարում են բուժքույրերը, որոնք սխալ բուժման դեպքում կկանգնեն պատասխանատվության առջեւ։ ԱՐՓԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել