Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՄԵՆԿԼԱՏՈՒՐԱՅԻ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՑԵՂԱԿՐՈՆԱՑՈՒՄ

Հուլիս 11,2002 00:00

ՆՈՄԵՆԿԼԱՏՈՒՐԱՅԻ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՑԵՂԱԿՐՈՆԱՑՈՒՄ Երբ անցած տարվա վերջում ընդունվում էր «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը, իշխանավորները կուրծք էին ծեծում, իբր կատարվել է ԵԽ-ի եւս մի պահանջ, եւ այսուհետ թայֆայաբազությանը վերջ կտրվի: Էլ ոչ մի խնամի, ոչ մի բարեկամ, ոչ մի կուսակցական շրջապատ: Նախարարից ցածր բոլոր պաշտոնյաները նշանակվելու են միայն մրցույթով եւ միայն արհեստավարժության սկզբունքով: Պետական ծառայողներն այլեւս կապ չեն ունենա քաղաքական կոնյունկտուրայի հետ: Եվ այլն, եւ այլն: Սա շատ նման է «40 հազար աշխատատեղի» կամ «տնտեսական աճի» մասին առասպելին, երբ մարդիկ իրենք էլ չեն հավատում իրենց ասածին եւ դա շատ արագ մոռանում են, որպեսզի հետագայում իրենց սուտը չբռնեն: Իրականում եթե որեւէ մեկը այս մի քանի ամսում որեւէ փոփոխություն է նկատել քաղաքացիական ծառայության ոլորտում, նրան հանգիստ կարելի է ուղարկել «Շարմ» հեռուստաընկերություն՝ լավատեսական լուրեր մոգոնելու առաքելությամբ: Հիշյալ ոլորտն առավել հետաքրքիր եւ գրավիչ է դառնում նախընտրական շրջանում: Պետական պաշտոնյաները սկսում են մեծ խանդավառությամբ ընդգրկվել իշխող (տվյալ դեպքում՝ Հանրապետական) կուսակցության մեջ: Դրա համար գոյություն ունի երկու տեսակի մեխանիզմ: Հանրապետական վարչապետը կանչում է նախարարին եւ ասում. «Այս շաբաթ կբերես քո ստորադասների 50 հոգիանոց ցուցակ, որոնք շտապ կերպով բոցավառվել են ցեղակրոն-նժդեհական գաղափարախոսությամբ եւ դարձել ՀՀԿ անդամ»: Կամ հակառակը. «Ես ունեմ մի 50 հոգի երդվյալ ցեղակրոն ընկերներ, շտապ դասավորիր նրանց նորմալ պաշտոնների»: Նպատակը պարզ է. իշխող կուսակցության անդամ միջին պաշտոնյան վարչական եւ ֆինանսական լծակներ ունի՝ բնակչության ու գործարարների վրա ազդելու: Այդպիսով, նա կարող է ուղղորդել թե՛ նախընտրական արշավը եւ թե՛ բուն քվեարկության ընթացքը: Կասկած չկա, որ ցեղակրոն հարկային տեսուչը եւ նժդեհական էլցանցի պետը ջանք ու եռանդ չեն խնայի սեփական կուսակցության հաղթանակի համար: … Սակայն ոչ մի բան հավերժ չէ այս աշխարհում. նոմենկլատուրայով ուռճացված կուսակցությունների ճակատագիրը հայտնի է: Իրավիճակի փոփոխությամբ դրանք պայթում են օճառի պղպջակների պես: Օրինակ, եթե մյուս տարի վարչապետը փոխվի, ապա Հանրապետական կուսակցությունում կմնան միայն Անդրանիկ Մարգարյանն ու Բուռնաշը: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել